Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Ճանապարհներ, մանկապարտեզներ, ջրագծեր. hամայնքներից սուբվենցիոն ծրագրերի շուրջ 810 հայտ է ստացվել

Ճանապարհներ, մանկապարտեզներ, ջրագծեր. hամայնքներից սուբվենցիոն ծրագրերի 
շուրջ 810 հայտ է ստացվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թվականի համար տարբեր համայնքներից նախնական ստացել է սուբվենցիոն ծրագրերի շուրջ 810 հայտ: Դրանք ամենատարբեր ուղղություններով են՝ ճանապարհներ, մանկապարտեզներ, ջրագծեր, էներգախնայողություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը նշեց, որ նախնական տվյալներով` ընդհանուր մոտ 50 մլրդ դրամի մասին է խոսքը, թեպետ նախագծային փուլում կարող է ֆինանսավորումը փոքր-ինչ փոխվել: Նշված գումարից մոտ 26 մլրդը կազմում է պետության համաֆինանսավորումը:

«Ներկայում իրականացվում է համայնքների կողմից ամբողջական փաթեթների կազման գործընթացը: Փաթեթն իրենից ներկայացնում է ամբողջական նախագծերն ու փաստաթղթերը: Այս պահին ունենք շուրջ 180 ամբողջական փաթեթներ՝ իրենց նախագծերով: Միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը կայացել է մայիսին, ներկայացվել էր 106 ծրագիր: Ասեմ, որ սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելու գործում ակտիվ են բոլոր մարզերը: Վերջին երկու տարին ծրագրերի քանակով առանձնանում է Գեղարքունիքի մարզպետարանը: Ծրագրերի արժեքով կնշեի Սյունիքի մարզը, որն ավելի մեծ ծրագրեր է իրականացնում: Բավական ակտիվ են Կոտայքը, Արագածոտնը և այլն»,-ասաց Նարինե Ավետյանը: 

Նախարարության ներկայացուցիչը նկատեց, որ այս տարի նախնական հայտերի գնահատմամբ, ներկայացված ծրագրերի մոտ 25 տոկոսը ճանապարհների բարեկարգմանն է առնչվում, մոտ 15 տոկոսը ջրամատակարարում-ոռոգումն է, շատ են հայտերը էներգախնայողություն-լուսավորություն ուղղությամբ: Պահանջարկ կա մանկապարտեզների կառուցման, նորոգման մասով: Հասարակական շենքերի՝ համայնքային կենտրոնների, մշակութային տների, երաժշտական դպրոցների բարեկարգումը ևս ուշադրության կենտրոնում է: Համայնքի կողմից ներկայացված ծրագրի ծախսը 30-70 տոկոսի չափով համաֆինանսավորվում է: Չափը կապված է ոլորտից, համայնքի տեղից: Սուբվենցիոն ծրագրի նպատակն է տարածքային համաչափ զարգացումը, այդ իսկ պատճառով որքան հեռու է համայնքը մայրաքաղաքից, այնքան պետության համաֆինանսավորումն ավելի բարձր է: 

Բազմաթիվ սուբվենցիոն ծրագրեր կան, որոնցում ներգրավված են բարերարներ, ինչը կարևոր բաղադրիչ է: Կատարվել է համապատասպան կարգի փոփոխություն, որը հնարավորություն է տալիս երրորդ կողմ ներգրավել ծրագրերում: Այն համայնքային ծրագրերը, որոնցում ներդրողները կֆինասավորեն 20 տոկոս և ավելի, ապա պետության համաֆինանսավորման մասնաբաժինը ևս կավելանա: 

«Մենք խրախոսում ենք եռակողմ համագործակցությունը, դոնոր կազմակերպությունների, բարերարների ներգրավումը: Մենք լավ օրինակ ունենք ՄԱԶԾ-ի հետ էներգախնայողության միջոցառումների իրականացման առնչությամբ: Նախորդ տարվանից բազմաբնակարան շենքերի էներգարդյունավետության բարձրացման ծրագիր է իրականացվում, որի 20-25 տոկոսը համաֆինասնավորում է ՄԱԶԾ-ն: Այսինքն՝ համայնքի վրա շատ ավելի քիչ է գումար արժենում: Գործնականում ունենք ծրագրեր, երբ բարերաների ներգրվվածությունը ևս կա, ինչը ողջունելի է»,-ասաց Նարինե Ավետյանը:

Նախարարության ներկայացուցիչը նկատեց, որ համայնքային բյուջեների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախկինում կապիտալ ծախսերի վա շատ քիչ գումարներ էին ուղղվում, հիմա համայնքն անում է ամեն ինչ, որ ֆինանսավորումն ավելի շատ կապիտալ ծախսերին գնա:  

«Այս ընթացքում համայնքների կարողություններն են զարգացել: Առաջին տարին, երբ ստանում էինք հայտերը մեկ-երկու էջանոց էին, հիմա տեսնեք, թե ինչ փաթեթներ են ներկայացնում: Դրանից բացի, բնակիչը տեսնում է արված աշխատանքը, ինքն է մասնակցում գործընթացին: Մենք պարտադիր պահանջ ենք դրել, որ հանրային լսումներ անցկացվեն: Այսինքն՝ բնակիչը ինքը պետք է ասի այս պահին ճանապարհն է իրենց համայնքի համար կարևոր, լուսավորությունը, թե մանկապարտեզը»,-հավելեց Նարինե Ավետյանը: 

Աննա Գզիրյան 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]