Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Վերականգնվում են Սեւան-Շողակաթ-Վարդենիս ճանապարհի երկու փլվածքներ

Վերականգնվում են Սեւան-Շողակաթ-Վարդենիս ճանապարհի երկու փլվածքներ

ԳԱՎԱՌ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն մեկ ամիս է, ինչ պետական միջոցների հաշվին վերականգնվում են Սեւան-Շողակաթ-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի երկու փլվածքները Շողակաթի եւ Ծափաթաղի հատվածներում, 33-րդ եւ 54-րդ կիլոմետրերում,  որոնք առաջացել են Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով։ Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրեց  Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Գեւորգ Խաչատրյանը, փլվածքների վերականգնման նպատակով  հատկացվել է  217 միլիոն դրամ, որից 72,2 միլիոն դրամն ուղղվել է Շողակաթի հատվածի փլվածքի, 144,8 միլիոն դրամը՝ Ծափաթաղի հատվածքի փլվածքի վերականգնմանը։ «Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով առաջացած փլվածքները վտանգավոր իրավիճակ են ստեղծել ինչպես ճանապարհային երթեւեկության, այնպես էլ ճանապարհի պահպանման ու հետագա շահագործման համար։ Այնպես որ, փլվածքների վերականգնումն առաջնահերթություն էր, եւ ՀՀ կառավարությունը ճիշտ ժամանակին արձագանքեց ստեղծված իրավիճակին՝ հատկացնելով համապատասխան միջոցներ։ Շողակաթի հատվածում նախատեսված է գաբիոնային շարվածք եւ հողային լիցք կողնակում, Ծափաթաղի հատվածում՝ գաբիոնային շարվածք, հողային լիցք եւ 400 գծամետր երկարությամբ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]