Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի զարգացման համար բարձր տեխնոլոգիաներն առանցքային դերակատարություն ունեն. Հայկ Չոբանյան

Հայաստանի զարգացման համար բարձր տեխնոլոգիաներն առանցքային 
դերակատարություն ունեն. Հայկ Չոբանյան

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 7-ին ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ հարցերով տարածաշրջանային ստորաբաժանման տնօրեն Նատալիա Մոչուին և Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Նատալիա Մոչուն Հայկ Չոբանյանին է ներկայացրել ՀՄՄ գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանի հետ, արդեն ձևավորված համագործակցության արդյունքում, 2020թ. իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները, Միության կողմից 2021թ. նախատեսվող առաջնահերթությունները։ Նա մանրամասնել է հետագա համագործակցության մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ էլեկտրակապի, թվային, ինժեներական տեխնոլոգիաների, կիբերանվտանգության ոլորտներում: Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ԱՊՀ հարցերով տարածաշրջանային ստորաբաժանման տնօրենը առաջարկել է նաև  տեխնիկական աջակցության, փորձագիտական օգնության, փորձի փոխանակման ծրագրերում համագործակցության խորացում։ 

Նատալիա Մոչուն ընդգծել է, որ Հայաստանը ՀՄՄ լիիրավ անդամ է և շատ կարևոր է, որպեսզի հետագա գործակցության ուղղությունները մշակվեն՝ հիմքում ունենալով հայկական կողմի առաջարկները։

Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել հանգամանալից ներկայացման համար, նշել, որ ՀՄՄ հետ համագործակցության լայն հնարավորություններ է տեսնում։  Նա առանձնացրել է գործակցության երկու հիմնական ուղղություն՝ թվային հասանելիություն և կիբերանվտանգություն։ Նախարարի պաշտոնակատարը հատկապես կարևորել  է աշխատանքային հարաբերությունների հստակեցումը, առաջիկա մի քանի տարիների համար առաջնահերթությունների մշակումը և համագործակցության կառավարման մակարդակի զարգացումը։

«Հայաստանի զարգացման համար բարձր տեխնոլոգիաներն առանցքային դերակատարություն ունեն։ Այս ոլորտը տնտեսության զարգացման հիմնական դերակատարն է երկարաժամկետ կտրվածքով։ Որքան ճիշտ համակարգենք մեր գործակցությունը՝ հնարավորինս առաջ նայելով և նախանշելով մեր նպատակները, այդքան ավելի մեծ կլինեն հաջողությունները նշված բոլոր ուղղություններով»,- ասել է Հայկ Չոբանյանը։ 

Հանդիպման ընթացքում  պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին վերլուծել ներկայացված առաջարկները․ ըստ առաջնահերթությունների պատրաստել համագործակցության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ։

Օպերատորների միության  տնօրեն Քրիստինե Գյոնջյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել  նպաստելու համագործակցության ամրապնդմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am