Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունների նոր մեխանիզմների ստեղծում. Մուսինյանը ներկայացրեց ՀԱԿ-ի ծրագիրը

ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունների նոր մեխանիզմների ստեղծում. 
Մուսինյանը ներկայացրեց ՀԱԿ-ի ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ ստեղծել երկկողմ և ռազմավարական հարաբերությունների խորացմանն ու ներդաշնակեցմանն ուղղված նոր մեխանիզմներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը անվտանգության ոլորտի մասով:

«Դա թույլ կտա պետության գոնե կարճաժամկետ հեռանկարում չեզոքացնել առկա ռեալ սպառնալիքները և արդեն միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով դնել Հայաստանի երկարամյա անվտանգության հիմքերը»,- ասաց Մուսինյանը:

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դեռ չորոշված լինելը, Մուսինյանը ասաց, որ «Հայ ազգային կոնգրես»-ն անհրաժեշտ է համարում Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ  ակտիվ բանակցություններում ներգրավումը, այդ թվում նաև Ադրբեջանի հետ, որոնք միտված կլինեն ինչպես այս հարցի վերջնական հստակեցմանը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ վստահության աստիճանական ձեռքբերմանը:

«Այն թույլ կտա ապագայում հասնել նրան, որ երկու երկրների միջև կկնքվի զինված հակամարտության դադարացման մասին պայմանագիր և, ըստ էության, հող կնախապատրաստի հնարավոր հետագա հարաբերությունների համար»,- նշեց Մուսինյանը:

«Հայ ազգային կոնգրես»-ը կարևորում է նաև Հայաստանի ներսում մի շարք հրատապ քայլերի ձեռնարկումը՝ կապված պետական կառավարման համակարգի առողջացման և քաղաքական կայունության ապահովման հետ:

«Մասնավորապես, համար մեկ թեման երկրում լիարժեք պետական համակարգի կառավարելիության ապահովումն է: Ցավոք, գործող իշխանության քայլերի հետևանքով այսօր ունենք գրեթե կազմալուծված մի պետական համակարգ, որի մասն են կազմում նաև ուժային և անվտանգային համակարգերը: Այսօր, եթե նույնիսկ ընդունվում են խելամիտ որոշումներ, այդ համակարգի խաթարված, ջարդված լինելը թույլ չի տալիս դրանք կատարել:

Երկրորդ կարևոր էլեմենտը քաղաքական կայունության ապահովումն է և հասարակության շրջանում համերաշխության ձևավորումն է, որպեսզի դա նաև լինի ամուր թիկունք հաջորդ իշխանությունների համար հարևանների, հակառակորդների, բարեկամների, չարակամների հետ իր հարաբերություններում ավելի ուժեղ զգալու»,- եզրափակեց Մուսինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am