Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հզոր հայության բանաձևը

Հզոր հայության բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեյդրի Նանսըն ՄկՔլոզքին (Deirdre Nansen McCloskey) ծնվել է Միչիգան նահանգի Էնն Արբոր քաղաքում 1942 թվականին: 1973 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Ներկայումս նա հայտնի է որպես տնտեսագիտության, ինչպես նաև պատմության, կոմունիկացիայի, և փիլիսոփայության հեղինակավոր պրոֆեսոր Չիկագոյի Իլինոյս և Ռոտերդամի Էրազմուս համալսարաններում:

Տնտեսագիտության աշխարհում հանրաճանաչ աշխատությունների այս հեղինակը տնտեսական աճն առաջարկում է սահմանել հետևյալ բանաձևով`Q=I(D,B,R)/F(K,sL):

Մաթեմատիկական կառուցվածքով այս բանաձևում տնտեսական աճը ներկայացվում է որպես ռացիոնալ թիվ՝ Q: Այսինքն` գիտնականը տնտեսական աճն առաջարկում է ներկայացնել երկու ամբողջ արժեքների կոտորակի տեսքով:

Այսպեսով`Q=1/F: Ըստ ՄկՔլոզքիի` տնտեսական աճն արդյունք է նորարարության և արտադրության հարաբերակցության:

Այնուհետև, ինչպես տեսնում ենք, սահմանում է Նորարարության արժեքը I(D,B,R), և արտադրության գործառույթի արժեքը F(K, sL):

Այսպես՝

I(D,B,R) – Նորարարություն (արժանապատվություն, ազատություն և նորարարությունից ստացված վարձք կամ արդյունք): Եվ F(K, sL) - Արտադրություն (նյութական կապիտալ, աշխատուժ, բազմապատկած կրթություն և հմտություններ):

Այսպես ստացվում է, որ տնտեսական աճն արդյունք է անգլերեն իմացողների համար և հեղինակի բառերով`

Q= Innovation (Dignity,Liberty,Rent,profit on innovation)/Innovation (Dignity,Liberty,Rent,profit on innovation):

Ոչ մաթեմատիկական բանաձևի ներկայացմամբ, այլ պարզ բացատրությամբ, հասկանալի է դառնում, որ տնտեսական աճն արդյունք է, ոչ թե հարստության կուտակման, այլ նորարարության: Մինչդեռ, միջազգային տնտեսագիտության մեջ տարածված կարծիքի համաձայն, տնտեսական աճն արդյունք է բացառապես հարստության կուտակումների։

Ժամանակակից մտածողությունն արդեն պարզել է, որ զարգացման մոդելը հիմնված է առաջին հերթին նորարարության, նոր մտքերի գեներացման վրա: Իսկ մնացյալը՝ նյութական միջոցների ներդրումը, օրենսդրական դաշտը, թեկուզ անհրաժեշտ, բայց երկրորդական ազդակներ են ազգերի և երկրների, ուստի և մեր մոլորակի տնտեսական աճի վրա:

Անքննելի փաստ է, իսկապես, որ շարքային անհատի ստեղծագործական միտքն է քաղաքակրթությունների ծագման և կազմավորման հիմնական բաղադրիչը: Այս տրամաբանության համաձայն, 16-17-րդ դարերում, դասակարգային լծից հետզհետե ազատագրվող անհատն, ունենալով մասնավոր ձգտումներ և նպատակներ, ազատ և արժանապատիվ գոյության պայմաններում կարողացել է մասնակցել հասարակության զարգացման պայմանների բարելավմանը նորարարության ճանապարհով:

Վերևում առաջարկված բանաձևն ինձ դուր է եկել, որովհետև գիտնականը դրանում ներկայացնում է ոչ միայն տնտեսական աճի իսկական պատճառը, այլ նաև լավագույնս հետազոտում է այն պայմանները, որոնց առկայության դեպքում միայն կարող են ստեղծագործ մարդու նորարարական մտքերն առաջացնել տնտեսական աճ և հասարակության հարստացում:

Անհատը չի դադարում ստեղծագործելուց առանց արժանապատվության և ազատության պայմանների ձևավորման, սակայն իր մտքի արգասիքը չի գեներացնում սեփական և հավաքական բարգավաճման վրա:

Իրականում տնտեսության մեջ ազատության անշրջանցելիության տեսությունը նոր չէ, այդ մասին 18-րդ դարում գրել է շոտլանդացի փիլիսոփա, ժամանակակից տնտեսագիտության հայր համարվող Ադամ Սմիթը (Adam Smith), ով հաստատել է, որ ազատությունն առաջնահերթ նախապայման է տնտեսական աճի, հետևաբար հասարակությունների զարգացման համար:

Սակայն, 20-րդ դարի սկզբում, Ավստրիայում ծնված և ԱՄՆ արտագաղթած տնտեսագետ, Հարվարդի համալսարանի դասախոս Ժոզեֆ Շամփեթերին (Joseph Schumpeter) պետք է համարել տնտեսական զարգացման մեջ նորարարության առաջնահերթության տեսության հայրը:

Նա, ծավալուն անդրադարձ անելով ձեռներեցության ոգու (Unternehmergeist) մասին, իր աշխատություններից մեկում շեշտում է, որ խոշոր հիմնարկների կարևորագույն ներդրումները պետք է արվեն սովորական անհատների նորարարության ոգու, և նորարարական հետազոտությունների մեջ, որոնց նպատակն էլ պետք է լինի շուկաներ մտցնել ավելի մատչելի ծառայություններ և ավելի էժան ապրանքներ:

***

Հզոր հայության կայացման համար Հայաստանը պետք է ձևավորի ազատ և արժանապատիվ Հայաստանակենտրոն միջավայր: Աշխարհացրիվ հայության համար, Հայաստանը պետք է լինի ազատ ապրելու, սեփական մտքի և աշխատանքի արգասիքից ազատ օգտվելու վայր: Ազգային հարստությունը, այլ կերպ ձևակերպված՝ հայկական կապիտալը, արդար վերաբաշխելու առաքելությունը պատկանում է մեզանից յուրաքանչյուրին: Մենք ինքներս ենք մեր հարաբերությունների տարածության մեջ ձևավորում այն միջավայրը, որտեղ կկարողանան արարել և ապրել մեր սերունդները: Միայն այն դեպքում, եթե մենք, և մեզանից հետո մեր սերունդները, կարողանան ազատության և արժանապատվության մթնոլորտում վայելել մեր ստեղծագործ մտքի արգասիքը, մեզ կհաջողվի ձևավորել հզոր հայություն, բարգավաճ հայրենիք, և հավերժացող մշակույթ:

Ուշագրավ է, որ վերոնշյալ բանաձեւում «արտադրություն» գործառույթում նույնպես ՄկՔլոզքին նյութական կապիտալի արժեքը բազմապատկում է աշխատուժի կրթության և հմտությունների հետ:

Օսմանյան կայսրության հայության ստվար զանգվածի ցեղասպանությունից մինչ այսօր մեր մշակույթով ու արժեքներով ազատ ապրելու ազատության մեր բնական ձգտումն իրականում պայմանավորված է մեր հասարակության և երկրի բարգավաճման հետ:

Ուստի, մենք պարտավոր ենք ստեղծել ազատ և արժանապատիվ միջավայր, որտեղ ամենօրյա կյանքում, հարաբերություններում և կենցաղում, կբազմապատկվեն հայկական մշակույթը, կրթությունն ու նորարական հմտությունները: Միայն այդ դեպքում և նման միջավայրի ձևավորման արդյունքում, մենք կարարենք այնպիսի ներուժ, որը մեզ կպարգևի այն ինչ երազում ենք՝ տնտեսական զարգացում, անվտանգ երկիր, գիտակից և պատասխանատու հասարակություն:

Սևակ Արծրունի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]