Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գինու համտես, վարպետաց դասընթաց, բաբաջանյանական նոտաներ. մեկնարկեց «Երևանի գինու օրեր» միջոցառումը

Գինու համտես, վարպետաց դասընթաց, բաբաջանյանական նոտաներ. մեկնարկեց 
«Երևանի գինու օրեր» միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաք Երևանում մեկնարկեց հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկայացմանը նվիրված «Երևանի գինու օրեր» միջոցառումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամենամյա միջոցառումը կազմակերպվում է արդեն 5-րդ տարին՝ դառնալով Երևանի այցեքարտերից մեկը: Այն տևելու է 2 օր՝ հունիսի 4-ին և 5-ին, ժամը 16:00-23:00-ը:

Միջոցառման շրջանակներում՝ բոլոր գինեսերների համար անց է կացվում գինու համտես, վարպետաց դասեր, որի ընթացքում սովորեցնում են տիրապետել գինին ըմպելու հմտություններին, գինու բաժակների ընտրությանը, գինին սննդի հետ ճիշտ զուգակցմանը և այլն:

«Գինու օրերին, գինու սիրահար զբոսաշրջիկներն ու տեղացիներն ունեն ընտրության լայն հնարավորություն` ըմպել հայկական սորտերից պատրաստված լավագույն գինիները, ըմբոշխնել սպիտակ, կարմիր և ռոզե գինիների ամբողջ համային սպեկտորը՝ զուգակցելով դրանք իրենց նախընտրած հայկական համեղ ուտեստներով, պանրի լայն տեսականիով և համաշխարհային խոհանոցի այլ խորտիկներով: Այս տարի մենք մի քանի նորություն ունենք, դրանցից մեկը վարպետաց դասերն են, երկրորդն այն է, որ Սարյանի տուն-թանգարանի դիմաց լինելու է վարպետաց դաս-մրցույթ «Գինին և արվեստը» խորագրով: Մրցույթի ընթացքում՝ համտեսելով գինին, քաղաքացիները պետք է փորձեն նկարել սարյանական գույներով»,- նշեց «Երևանի գինու օրեր» միջոցառման կազմակերպիչ Նունե Մանուկյանը և հավելեց, որ 41 գինեգործական տաղավար կա, ինչպես նաև 25 ռեստորանային։ Նա հավելեց նաև, որ յուրաքանչյուր տարի փառատոնի երաժշտական մասը նվիրվում է որևէ կոմպոզիտորի։ Այս տարվա միջոցառմանը հնչում էր Առնո Բաբաջանյանի երաժշտությունը։

Զբոսաշրջիկներ Օլեսյան ու Ալեքսանդրը հաճախ են մասնակցել «Երևանի գինու օրեր»-ին, այս տարի էլ բացառություն չէ։

«Մենք գինի շատ ենք սիրում, հիմնականում փորձում ենք կարմիր ռեզերվ խմել, սակայն փորձում ենք նաև այն ինչ նորություն է։ Կարող եմ ասել, որ ամեն անգամ միջոցառումն էլ ավելի մեծ թափ է հավաքում, հետաքրքիր է դառնում, նորություններով են հանդես գալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Օլեսյան։ Ալեքսանդրն էլ ասաց, որ իրենք մասնակցելուց զատ իրենց ընկերներին էլ են հորդորում գալ ու մասնակցել գինու միջոցառմանը։

Տաղավարները բազմաթիվ են, որոնց թվում են Հայրենիքի պաշտպանի կենտրոնը և Հայաստանի գինու պատմության թանգարանը, որն առաջիկայում իր դռները կբացի այցելուների առաջ։

«Հայաստանում՝ Սասունիկ գյուղում, հուլիսին կբացվի Հայաստանի գինու պատմության թանգարանը։ Մեր նպատակն է գինու մշակույթը հանրահռչակել Հայաստանում ու ընդլայնել գինու զբոսաշրջությունը։ Թանգարանը բաղկացած է լինելու 10 սրահից՝ խաղողագործությունից, երկրագործությունից, մշակույթից սկսած, մինչև աքսեսուարներ, տոմարագիտություն, բժշկություն ու կենցաղ։ Մեր այս տաղավարում էլ ներկայացված է մատենագիտական հավաքածուից մի հատված, սափորներ տարբեր ժամանակների։ Սրանց մի մասը մասնավոր հավաքածուից է»,- նշեց թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանը։

Հայրենիքի պաշտպանի կենտրոնի տաղավարում զինվորները ներկայացնում էին թիթեռներով պատրաստված իրենց կոմպոզիցիաները, որոնք վաճառքի էին հանել։

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Հայրապետյանը, ով ծնունդով Իջևանից է, գլխի հատվածում վիրավորվել է 44-րդ օրը։ Զինվորի տանը Հայկը մասնակցում է թիթեռներով կոմպոզիցիաներ պատրաստելու դասընթացներին։

«Աշխատանքս արդեն վաճառվել է։ Մենք այս աշխատանքներ կատարելու համար օգտագործում ենք սպունգ, սոսինձ, լաք, ծառի ճյուղեր և, իհարկե, թիթեռ։ Մոտ 2 օր աշխատանք են տանում այս ամենը ստանալու համար»,- նշեց Հայկը։

Միջոցառման մուտքն ազատ է բոլորի համար, սակայն ներկայացված գինիներից օգտվելու համար հարկավոր է ձեռք բերել դրա համար նախատեսված հատուկ փաթեթ` 5000 դրամ արժողությամբ: Փաթեթն իր մեջ ներառում է կտորե պատյան, գինու բաժակ՝ լոգոյով, տեղեկատվական գրքույկ 10 կտրոնով, ինչպես նաև զեղչի կտրոններ ներկայացված ռեստորաններից օգտվելու համար և այլ զեղչային անակնկալներ: Գրքույկն այս տարի իր մեջ ներառելու է տեղեկատվություն, թե որ գինեգործի մոտ տվյալ գինին քանի կտրոն է արժենալու ամբողջական բաժակի կամ համտեսի համար: Բացի փաթեթներից, առանձին վաճառվելու են լոգոյով բաժակներ՝ 1500 դրամ, և կտրոններ 250 դրամ արժողությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]