Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հուլիս

Գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով կավելանա դատավորների թիվը

Գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով կավելանա  
դատավորների թիվը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը համաձայնություն տվեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և ՀՀ սնանկության դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը, վերաբաշխում կատարել պետբյուջեի օրենքում և փոփոխություններ և լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը նշեց, որ դատարանների գերծանրաբեռնվածությունը ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացման հիմնական խոչընդոտներից է:

Վերաքննության կարգով բողոքարկվող գործերի քանակական, ինչպես նաև անավարտ գործերի տարեկան աստիճանական աճի պայմաններում շարունակում է անփոփոխ մնալ դատավորների թվաքանակը: Մասնավորապես՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում ներկայում գործում է 5 դատական կազմ (դատարանի նախագահ և 15 դատավոր), որը Դատական օրենսգրքով տվյալ դատարանի համար սահմանված դատավորների թվակազմի նվազագույն շեմն է: 2019 թ. ընթացքում ստացվել է 6360 վերաքննիչ բողոք, ընդ որում, 2018 թ.-ից փոխանցվել է 808 անավարտ գործ, ընդհանուր առմամբ՝ 7168 գործ, որից ավարտվել է 6674 գործ, անավարտ է մնացել՝ 494 գործ: 2020 թ. ընթացքում ստացվել է 6417 վերաքննիչ բողոք, ընդ որում, 2019 թ.-ից փոխանցվել է 790 անավարտ գործ, ընդհանուր առմամբ՝ 7207 գործ, որից ավարտվել է 6651 գործ, անավարտ է մնացել՝ 556 գործ:

«Այսպիսով՝ դատարանների ընդհանուր ծանրաբեռնվածության թեթևացման և գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է ավելացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական և ՀՀ սնանկության դատարաններում դատավորների թվաքանակը։ Ներկայումս նախատեսվում է ավելացնել 4 դատավոր ՀՀ սնանկության դատարանում և 3-ական դատավորներ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական դատարաններում։ Դատավորների թվակազմի ավելացումը նախատեսված է նաև Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությամբ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]