Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նոր կրթական ծրագրեր, ցուցադրություններ. Փարաջանովի թանգարանի նորանշանակ տնօրենը՝ անելիքների մասին

Նոր կրթական ծրագրեր, ցուցադրություններ. Փարաջանովի թանգարանի նորանշանակ 
տնօրենը՝ անելիքների մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Փարաջանովի թանգարանի նորանշանակ տնօրեն Անահիտ Միքայելյանը երկար տարիներ եղել է թանգարանի գլխավոր ֆոնդապահը և շատ լավ գիտի հաստատություն թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Միքայելյանն ասում է, որ տասը տարի է՝ աշխատում է Փարաջանովի թանգարանում և կարծում է՝ նախ և առաջ անհրաժեշտ է հետաքրքիր դարձնել այցելուների հետ աշխատանքը:

«Կազմակերպելու ենք տարբեր միջոցառումներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ ենք կիրառելու մշտական ցուցադրության մեջ, տարբեր տարիքի այցելուների համար համապատասխան ժամանցային ու կրթական ծրագրեր ենք մշակելու: Շատերի հետ ենք զրուցել, իսկ էքսկուրսիաների ընթացքում հաճախ էի լսարանին հարցնում, թե ինչ կցանկանային՝ լիներ թանգարանում և այլն: Դիտարկման շնորհիվ  արդեն իսկ պատկերացում ունենք, թե ինչ նախաձեռնություններ է պետք  իրականացնել առավել հետաքրքիր լինելու համար»,-նշում է Միքայելյանը:

Նրա խոսքով՝ Սերգեյ Փարաջանովի տանը մշտապես բազմաթիվ մարդիկ են հյուրընկալվել, որոնք երբեք առանց նվերների չեն լքել ռեժիսորի տունը, ինչի արդյունքում նրանց մասնավոր հավաքածուներում կան Փարաջանովի աշխատանքներ: «2024 թվականին Փարաջանովի 100-ամյակի առթիվ ցանկանում ենք կապ հաստատել այդ մարդկանց հետ, որոնք աշխարհի տարբեր երկրներում են և կինոռեժիսորի հոբելյանին Երևանում՝ մեր թանգարանում Փարաջանովի՝ մասնավոր հավաքածուների իրերի ցուցադրություն կազմակերպել: Եթե հյուրերը համաձայնեն, կարող ենք նաև աճուրդ կազմակերպել»,-տեղեկացնում է Անահիտ Միքայելյանը:

Միքայելյանը հիշեցնում է, որ տնօրենի մրցույթի մասին հայտարարվել է 2021-ի ապրիլի 20-ին: Այն տեղի է ունեցել մայիսի 26-ին:  Տնօրենի պարտականությունները ստանձնելու համար մրցույթին մասնակցել են Անահիտ Միքայելյանն ու թանգարանի նախկին աշխատակիցներից մեկը:

Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին Հայաստանի ժող. արվեստի պետական թանգարանում կազմակերպված Փարաջանովի գործերի հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 հազար ռուբլիով գնվել է, իսկ մյուս մասը Փարաջանովն է նվիրել իր թանգարանին:

Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվել է երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվել են: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվել է միայն 1991 թվականին:

Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է Փարաջանովի մոտ 600 աշխատանքից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրվել են Երևանում՝ Ժողովրդական արվեստ թանգարանում 1988 և 1989 թվականներին, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը: 

Տարիների ընթացքում թանգարանի ֆոնդը համալրվել է: Այսօր առարկաների թիվը հասնում է 1500 միավորի:

Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն:

Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:

 

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am