Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում ինքս ինձ հետ եմ ծանոթանում. «Լադանիվա» խումբը Երևանում կհնչեցնի հին ու նոր երգեր

Հայաստանում ինքս ինձ հետ եմ ծանոթանում. «Լադանիվա» խումբը Երևանում կհնչեցնի 
հին ու նոր երգեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լադանիվա» ֆրանսիական խումբը, որը «Վույ աման» երգի յուրահատուկ մեկնաբանության շնորհիվ մեծ ճանաչում գտավ Հայաստանում, առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա մայիսի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տասներկու երաժշտից բաղկացած խումբը  կներկայացնի ինչպես հայտնի և սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ:

Մայիսի 28-ին լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպելու խմբի հիմնադիրներ Ժակլին Բաղդասարյանի և Լուի Թոմասի հետ՝ նրանց ուղղելով շատերին հետաքրքրող հարցեր:

Ժակլին Բաղդասարյանը խոստովանում է՝ խմբի անունն ընտրելիս մտածել են, որ «Լադա Նիվա»-ն ինչպես Հայաստանում, այնպես էլ հետխորհրդային մի շարք երկրներում սիրված մեքենա է: «Մենք միջազգային երաժշտություն ենք կատարում. երգում ենք հայկական, բալկանյան գործեր, և որոշեցինք խումբն անվանել «Լադանիվա»: Բացի այդ, «Լադանիվան» ճամփորդելու մեքենա է: Մեր երաժշտությունը ևս ճանապարհորդում է ամբողջ աշխարհում»,-նշում է երգչուհին և հավելում, որ չի հասցրել լինել շատ երկրներում, սակայն մի քանի անգամ այցելել է Ֆրանսիայի կղզիներից մեկը, որը բազմամշակույթ է: Ժակլինը կցանկանար լինել նաև Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում:

Երգչուհին երեք տարեկան է եղել, երբ հեռացել է Հայաստանից. 2005 թվականից պարբերաբար այցելել է հայրենիք. ասես նորից բացահայտի Հայաստանը: «Նախորդ այցերին երկար ժամանակ էի անցկացնում իմ ծննդավայրում՝ Եղեգնաձորում: Երևանում  չեմ հասցրել շատ զբոսնել: Երբ շուրջս եմ նայում, մտածում եմ, որ տանն եմ, որ այստեղից եմ ես և ասես ինքս ինձ հետ եմ ծանոթանում»,-անկեղծանում է նա:

Խումբը մի քանի օրով է Հայաստանում. նախատեսում են լինել Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում. Ժակլին Բաղդասարյանը հույս ունի, որ Հայաստան հաջորդ այցի ժամանակ հնարավորություն կունենան լինել տարբեր մարզերում և նորովի ճանաչել երկիրը:

Իսկ Լուի Թոմասը Հայաստանում առաջին անգամ է: Օդանավակայանում խմբին ջերմ են ընդունել և ուղեկցել են խորհրդանշական «Լադա Նիվա» մեքենայով: Լուիի խոսքով՝ երբ քայլում է լուսավորված փողոցներում, ծանոթանում ճարտարապետությանը, իրեն գրավում է շենքերի քարի յուրահատուկ գույնը, որը բնորոշում է Երևանը: Կիթառահարը գեղեցիկ և յուրահատուկ է համարում նաև հայոց այբուբենը:

Անդրադառնալով հայկական երաժշտությանը՝ երաժիշտը նշում է, որ առաջին անգամ լսել է Ժակլինի ջազ կատարումներից մեկն անգլերեն և հասկացել, որ հետաքրքիր երգչուհու է հանդիպել, իսկ երբ ունկնդրել է Ժակլինի հայերեն երգերից մեկը, հիացել է:

Լուիին զարմացնում է այն հանգամանքը, որ հայերը կարող են խակ մրգեր ուտել (ցոգոլ): «Աչքս մնացել է կանաչ խնձորներով լի տոպրակի մեջ: Ժամանակ կգտնենք և կանաչ խնձոր կգնենք: Լուին անպայման կփորձի: Նա կարծում էր, որ միայն ես եմ կանաչ մրգեր ուտում, բայց, երբ իմացավ, որ բոլոր հայերն են այդպես վարվում, ավելի զարմացավ: Այդ մասին Լուին պատմում է բոլոր ընկերներին: Այս առավոտ սուջուխ ենք փորձել. ես այն վաղուց եմ սիրում, իսկ Լուիի համար նորություն էր: Հավանեց»,-պատմում է Ժակլին Բաղդասարյանը:

Նա խոստովանում է, որ չի պատկերացրել՝ համերգով կներկայանա հայրենիքում և շատ ոգևորված է: Երգչուհուն գրավում են հայկական գորգերը, նախշերը և առաջիկայում գուցե հատուկ հայկական տարրերով հագուստներով ներկայանան: Սիրում է հայկական ժողովրդական պարերը, իսկ հայերենն ու հայկական մեղեդիները հետաքրքիր ու գեղեցիկ է համարում: «Հայերեն այնքան էլ լավ չեմ խոսում և այլ կերպ եմ ընկալում այն: Երգեր գրելիս փորձում եմ այնպես անել, որ Լուին կամ այլ օտարներ զգան խոսքերի առանձնահատկությունը»,-ասում է Ժակլին Բաղդասարյանը:

Հանդիպման ավարտին «Լադանիվան» հաճելին մատուցեց ներկաներին՝ կատարելով Շերամի «Պարտեզում վարդեր բացված» երգը:

Խումբը Հայաստանում է Unity Production Armenia-ի ջանքերով:

 «Լադանիվա» խմբի հիմնադիրներն են մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]