Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում ավելացել են Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի ամրապնդման կողմնակիցները. փորձագետ

Հայաստանում ավելացել են Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի 
ամրապնդման  կողմնակիցները. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական փորձագիտական ակումբը մտադիր է առաջիկայում  կոնսուլտացիաներ սկսել Հայաստանի քաղաքական ուժերի հետ՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու Եվրասիական տարածքի երկրներում Հայաստանի բարեկամների ու կողմնակիցների թվի ավելացման հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող  և «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը՝ «Ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կերպարը ժամանակակից հայ հասարակությունում» խորագրով համաժողովից հետո:

 «Պատրաստվում ենք եկող շաբաթ կոնսուլտացիաներ սկսել հիմնական քաղաքական ուժերի հետ՝ նրանց կողմնակիցների հրավիրելով աշխատելու մեր փորձագետների ու գիտնականների հետ»,-հայտնեց  Սաֆարյանը՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում անհրաժեշտ քաղաքագիտական, փորձագիտական ու վերլուծական մտքի պակաս չի զգացվում: Այդուհանդերձ, ըստ փորձագետի, հնարավորությունների կոորդինացման ու համադրման անհրաժեշտություն է զգացվում:  

«Հետազոտությունները ցույց են տվել, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանում որակապես մեծացել է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը ամրապնդելու և խորացնելու կողմնակիցների թիվը: Հասարակության մեջ առկա այդ պահանջով է թելադրված այն քաղաքական գործիչների կեցվածքը, որոնք տարբեր առաջարկություններ են անում մեր երկու երկրների միջև ռազմավարական դաշինքը նոր մակարդակի բարձրացնելու հարցում»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ համաժողովի կազմակերպման նպատակը հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակի վերաբերյալ՝  Եվրասիական փորձագիտական ակումբի անդամների ու Հայաստանում Եվրասիական երկրների դեսպանատների դիվանագետների դիտարկումները մեկտեղելն է:

Ըստ փորձագետի՝  հայ-ռուսական դաշինքի արդի վիճակի ու հեռանկարների վերաբերյալ այդ դիտարկումները կարող են շատ արժեքավոր լինել և ընդգրկվել իրենց աշխատանքի հիմքում:

«Նախընտրական շրջանում դրանք կարող են նպաստել կառուցողական բանավեճի ծավալմանը՝ Ռուսաստանի հետ դաշինքի ամրապնդման կողմնակիցների ու հակադրվողների միջև: Արդեն հետընտրական գործընթացների ժամանակ հնարավորություն կտան մշակելու խելացի, հասկանալի ու ժողովրդի համար ընդունելի քաղաքական կուրս»,-ասաց Սաֆարյանը՝ նշելով, որ  գիտնականները ու փորձագետները, որոնք անկեղծորեն հանդես են գալիս հայ-ռուսական կապերի համակողմանի զարգացման ու խորացման օգտին, շատ անելիք ունեն Հայաստանում, Ռուսաստանում և Եվրասիական տարածքի մյուս երկրներում, որպեսզի կարողանան ավելացնել Հայաստանի բարեկամների ու կողմնակիցների թիվը:

Համակարգողը նշեց, որ  Եվրասիական փորձագիտական ակումբը պատրաստ է ստանձնելու իր բաժին պատասխանատվությունը՝ վերկուսակցական հարթակ ծառայելով հայ-ռուսական դաշինքի զարգացման վերաբերյալ գաղափարների քննարկման  ու որակյալ փորձագիտական եզրակացությունների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]