Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Իրանը ձգտելու է ընդլայնել բոլոր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը. իրանագետը` Զարիֆի այցի մասին 

Իրանը ձգտելու է ընդլայնել բոլոր ոլորտներում Հայաստանի հետ 
համագործակցությունը. 
իրանագետը` Զարիֆի այցի մասին 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանագետ Գարիկ Միսակյանն ակնհայտ է համարում, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստան (մայիսի 26) և Ադրբեջան (մայիսի 25) պայմանավորված է հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակով

«Նախ Սյունիքում ստեղծված իրավիճակը բավականին լուրջ քննարկումների առարկա է դարձել Իրանում և մի քանի հայտարարություններ արդեն լսել ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության վերաբերյալ, նաև ականատես ենք եղել Իրանի որոշ շրջանակների բավականին կոշտ արձագանքին Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Կարելի է ասել, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը, տեսնելով, որ այս խնդիրը չի լուծվում, փորձում է արդեն արտգործնախարարի միջոցով նաև տեղում ծանոթանալ իրավիճակին, կողմերի պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև իրանական պաշտոնական դիրքորոշումը փոխանցել կողմերին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Միսակյանը:

Իրանը բարձր մակարդակով հայտարարել է, որ թույլ չի տալու իր երկրի հյուսիսային սահմաններում որևէ փոփոխություն` ընդգծելով, որ Իրանի կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է: Հարցին` արդյոք սա չի նշանակո՞ւմ, որ Իրանը կտրականապես դեմ է Սյունիքում միջանցքի բացման վերաբերյալ խոսակցություններին և քննարկումներին, իրանագետը դրական պատասխանեց` ընդգծելով, որ Իրանում միշտ հայտարարել են հայ-իրանական սահմանների անքատելիության վերաբերյալ:

«Նաև իրանական հայտարարություններում նշվում է, որ ցանկացած գործողություն չպետք է խոչընդոտի հայ-իրանական ցամաքային սահմանի բնականոն գործունեությանը, դրանով ակնարկելով, այսպես կոչված, Զանգեզուրի և Մեղրիի միջանցքի գործարկումը կամ այդ միջանցքի վերահսկողության տրամադրումը երրորդ պետությանը, ոչ Հայաստանին: Այսինքն` իրանական կողմը դեմ է արտահայտվում այս միջանցքին, սակայն իրանական կողմին պետք է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որ հայկական կողմը նույնպես չի ցանկանում տրամադրել միջանցք կամ ճանապարհ, որպեսզի հետագա գործողություններ մշակի և օժանդակի Հայաստանին այդ միջանցքի գործընթացի չեղարկման համար»,- նշեց Միսակյանը:
Իրանագետն ասաց, որ միանշանակ Հայաստանը կարող է ակնկալել դիվանագիտական աջակցություն հենց Սյունիքի խնդրի հետ կապված, նաև համագործակցության ընդլայնում թե տնտեսական և թե ռազմական ոլորտում: «Ռազմական ոլորտում բավականին շատ են հանդիպումները Հայաստանում  Իրանի դեսպանի և Իրանում ՀՀ  դեսպանի և զինվորականների միջև: Այսինքն`Հայաստանը բազմակողմանի հարաբերությունների զարգացում և օժանադակություն կարող է ստանալ Իրանից: Նաև նույն «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության գործընթացում Իրանին ներգրավելն ունի աշխարհաքաղաքական նշանակություն: Իրանին նաև պետք է խաղաղ Սյունիք` այս բոլոր ծրագրերն իրականացնելու համար: Իրանին պետք է, որպեսզի Հայաստանը կամ սեփական ջանքերով կամ իր դաշնակիցների միջոցով շուտափույթ լուծի Սյունիքի սահմանների հետ կապված խնդիրները»,- ընդգծեց իրանագետը:

Միսակյանի խոսքով` Իրանին ընդհանրապես ձեռնտու չի թուրքական ազդեցության աճը տարածաշրջանում, նաև շահավետ չի իր ազդեցության նվազումը տարածաշրջանում: Իրանը ամեն կերպ ձգտելու է և Զանգեզուրի միջանցքի հնարավոր գործարկումը չեղարկել, և մեծացնել սեփական ազդեցությունը տարածաշրջանում:

«Նաև այս առումով բավականին տարբերվելու է Իրանի դիրքորոշումը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի դիրքորոշումից: Լինելու է ավելի կոշտ և սահմանների խնդրի վերաբերյալ, և այս տարածաշրջանում թուրքական ազդեցության դեմ: Իրանը ձգտելու է ընդլայնել բոլոր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը: Այսինքն` հիմա ունենք բավականին լուրջ հնարավորություններ` և դիվանագիտական, և այլ մակարդակներում խորացնել Իրանի հետ հարաբերությունները, նաև հակակշռելով տարածաշրջանի այլ ուժերին հօգուտ մեզ»,-եզրափակեց Միսակյանը:

Զրուցեց Կարեն Խաչատրյանը 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]