Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Այվազյանը ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ հանդիպմանը կարևորել է կառույցի դերն Արցախում հումանիտար խնդիրների հասցեագրման հարցերում

Այվազյանը ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ հանդիպմանը կարևորել է կառույցի դերն Արցախում հումանիտար խնդիրների հասցեագրման հարցերում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն մայիսի 25-ին ընդունել է ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին և ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գրասենյակի տնօրենը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարին հանձնել է Մարտինա Շմիդտին ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար նշանակելու մասին ԵԽ Գլխավոր քարտուղարի նամակի բնօրինակը:

«ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը շնորհավորեց Մարտինա Շմիդտին՝ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելության ստանձնման առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների հետ շարունակական համագործակցության միջոցով կարձանագրվեն նոր ձեռքբերումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ, խոսելով ԵԽ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակի մասին՝ Արա Այվազյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցության հարուստ օրակարգը՝ ընդգծելով Հայաստան-ԵԽ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի կարևորությունը՝ երկրում բարեփոխումների շարունակական իրականացման և ժողովրդավարության ամրապնդման գործում։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին։ Այս համատեքստում Արա Այվազյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը կարևոր դեր է վերապահում Եվրոպայի խորհրդին՝  Արցախում հումանիտար խնդիրների հասցեագրման, ներառյալ՝ տեղահանության, մշակութային և կրոնական կոթողների ավերման, Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շարունակվող պատանդառության հարցերում, ինչպես նաև Արցախի բնակչության՝ մարդու անքակտելի իրավունքների պաշտպանության և լիարժեք իրացման ապահովման գործում։

ԱԳ նախարարի պաշտոնակատարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է միջազգային մասնագիտացված կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի կառույցների և պաշտոնական ներկայացուցիչների՝ Արցախ անարգել մուտքի ապահովման անհրաժեշտության վրա՝ այս առումով ընդգծելով Ադրբեջանի կողմից խոչընդոտներ հարուցելու անթույլատրելիությունը։ Նախարարի պաշտոնակատարը հատուկ կարևորել է հայ ռազմագերիների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ որոշումների կատարումը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]