Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

2021-ին Շիրակի մարզում կիրականացվի 70 սուբվենցիոն ծրագիր

2021-ին Շիրակի մարզում  կիրականացվի 70 սուբվենցիոն ծրագիր

ԳՅՈՒՄՐԻ, 25  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացումը գերխնդիր է մնում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար: Այս մասին մայիսի  25-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ նշեց ՀՀ տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այցի շրջանակներում  նախարարի պաշտոնակատարի և Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում  Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն անդրադարձել է 2018-2020 թվականներին իրականացված ծրագրերին՝ կարևորելով դրանց շարունակականությունը: «Երբ մենք վերլուծում ենք անցած երեք տարիներին իրականացված աշխատանքներն ու դրանց ծավալներն ենք հաշվարկում՝ հստակ երևում է, որ տարեցտարի ներդրումներն ու կապիտալ ծախսերը Շիրակի մարզում ավելացել են։ Մարզում 2021 թվականին քաղաքաշինության ոլորտում իրականացվելու են շուրջ 40 մլրդ 580 մլն դրամի կապիտալ ներդրումներ։ Աշխատանքներ կիրականացվեն թե բնակարանաշինության, թե կրթական ու առողջապահական օբյեկտների շինարարության, թե ճանապարհաշինության մասով։ Սա խոսում է այն մասին, որ ներդրումներն աճել են, կապիտալ ծախսերն ավելացել»,-ողջունելով հյուրերին՝ նշել է Հովհաննես Հարությունյանը։

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը 2018 թվականից մինչ օրս քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցում նշել է, որ ընթացքի մեջ է գյուղական բնակավայրերի անօթևանության խնդրի լուծման ծրագիրը, 2020 թվականի մեկնարկած թվով 26 ընտանիքների բնակարանների կառուցման աշխատանքներն ավարտին կհասցվի նոյեմբերին: Իրականացվել է շուրջ 310,1 մլն դրամ գումարի շինարարական աշխատանք: Մնացորդը կազմում է 153,3 մլն դրամ: 2021 թվականին Շիրակի մարզում նախատեսվում է իրականացնել փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցման աշխատանքներ Բերդաշեն, Կապս, Արեգնադեմ համայնքներում:Նախատեսվում է ևս մի քանի դպրոցի և մոդուլային մանկապարտեզների կառուցում։ Լուրջ աշխատանքներ կիրականացվեն ճանապարհաշինության բնագավառում, ընդհանուր՝ 24 մլրդ 385 մլն դրամի։

Սուբվենցիոն ծրագրերի վերջին երեք տարիների հաշվետվությամբ է հանդես եկավ  Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը՝ նշելով, որ անցած 3 տարիների ընթացքում սուբվենցիոն ծրագրերը տասնապատկվել են։ 2021-ին կիրականացվի 70 սուբվենցիոն ծրագիր։

Այցի շրջանակներում, քննարկումից հետո, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ հետևել է Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին, մասնավորապես, եղել Չայկովսկի և Մայակովսկի փողոցներում, զրուցել շինարարների հետ, հետևել աշխատանքների ընթացքին։

Չայկովսկի փողոցի 360 մ հատվածը նորոգվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, իսկ Մայակովսկի փողոցի 650մ-ի ասֆալտապատման աշխատանքները Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ է իրականացվում։

Արմենուհի Մխոյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]