1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տարածքներ հանձնելու մասին պնդումները կեղծ են. ի՞նչ է ենթադրում բանակցվող փաստաթուղթը

Տարածքներ հանձնելու մասին պնդումները կեղծ են. ի՞նչ է ենթադրում բանակցվող 
փաստաթուղթը

Նախօրեին համացանցում տարածում գտավ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ սահմանազատման համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին աշխատանքային փաստաթուղթը, ինչը որոշ անխոհեմ շրջանակների կողմից միտումնավոր կերպով հանրությանը ներկայացվեց որպես Ադրբեջանին գյուղեր, տարածքներ վերադարձնելու մասին համաձայնագիր։

Մինչդեռ իրականում համացանց արտահոսած փաստաթղթի նմուշը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հաստատվեց որպես սեղանին դրված աշխատանքային փաստաթուղթ, ենթադրում էր միայն սահմանազատման համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին համաձայնագիր և ոչ ավելին։ Հրապարակված փաստաթուղթը հասանելի է բոլորին և բոլորը կարող են համոզվել, որ այն վերաբերում է միայն սահմանների ճշգրտման հարցով միջպետական հանձնաժողով ստեղծելու ժամկետներին և ընթացակարգին: Իբրև փաստաթղթից բխող տարածքների հանձնման մասին բոլոր պնդումները սուտ են։

Քննարկվող փաստաթղթի որևէ կետ չի ենթադրում ոչ տարածքային փոփոխություն, ոչ պետական սահմանի փոփոխություն և ոչ էլ սահմանազատման սկզբունքներ: Այն ենթադրում է միայն սահմանազատման հարցով հանձնաժողովի ստեղծում և դրա գործունեության ժամկետներ: Վարչապետի հավաստմամբ՝ փաստաթուղթը միակ և եզակի փաստաթուղթն է, որ գտնվում է աշխատանքային շրջանառության մեջ, այն չունի որևէ հավելված, գաղտնի բաժին կամ նման այլ բան, թեև որոշ քաղաքական շրջանակներ ակտիվորեն նման կեղծիք են տարածում:

Չնայած տարածվող կեղծիքին, թե նախատեսվում է տարածքներ հանձնել՝ ցանկացած ոք, ծանոթանալով եռակողմ հայտարարությանը կարող է համոզվել, որ այն չի պարունակում ինչ-որ գյուղեր փոխանցելու մասին կետեր և այլն: Նման կետերն աբսուրդային են և որևէ իշխանություն, անկախ նրանից, թե ով կլինի, չունի նման իրավասություն, քանզի ՀՀ սահմանադրության համաձայն՝ Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են միմիայն հանրաքվեների միջոցով: Շրջանառվող փաստաթղթում անկլավների ճակատագրի՝ դրանց վերադարձի կամ փոխանակման  մասին որևէ անդրադարձ բացակայում է։

Այն խոսակցությունները, թե դելիմիտացիայի ապա դեմարկացիայի գործընթացի արդյունքում Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի սահմանները, անլուրջ են, քանզի Ադրբեջանի հետ սահմանն արդեն իսկ ճանաչվել է դեռ 2010թ. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Բացի դա՝ 1991 թվականին ԱՊՀ-ի ստեղծման վերաբերյալ հռչակագրի ժամանակ բոլոր ստորագրող երկրները ընդունել են, որ ճանաչում են միմյանց սահմանների անխախտելիությունն ու տարածքային ամբողջականությունը։ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից և այս ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումներում չեն կարող փոփոխություններ լինել:

Սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը կարևոր է՝ երկարաժամկետ կտրվածքում սահմանային միջադեպերն իսպառ բացառելու և նոր սահմանային ճգնաժամերից խուսափելու համար:  Սահմանների ճշգրտումը բավական կարևոր է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի համար: Այն սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր քայլ է:

Ինչ վերաբերում է շրջանառվող փաստաթղթի ստորագրմանը, ապա հայկական կողմի դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից: Միայն դրանից հետո կարելի է դիտարկել սահմանների սահմանազատման հանձնաժողովի ձևավորման աշխատանքների հնարավորությունը: Հայկական կողմը չի ստորագրելու հրապարակված հայտարարությունը, քանի դեռ Ադրբեջանը հետ չի քաշել իր ուժերը: Սա սկզբունքային դիրքորոշում է Հայաստանի համար։

Մովսես Հարությունյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]