Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տոկիո-2020. Մենք նորից աշխարհին կապացուցենք, որ կանք, ուժեղ ենք և պիտի լինենք. Արթուր Ալեքսանյան

Տոկիո-2020. Մենք նորից աշխարհին կապացուցենք, որ կանք, ուժեղ ենք և պիտի լինենք. 
Արթուր Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախ հանրապետությունն ունի միայն երկու օլիմպիական չեմպիոն, երկուսն էլ ըմբիշ են, երկուսն էլ՝ հունահռոմեական ոճի: Առաջինը Արմեն Նազարյանն է, որն այժմ մարզում է Բուլղարիայի ըմբշամարտի հավաքականը, իսկ երկրորդը՝ գյումրեցի  Արթուր Ալեքսանյանը: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020» նախագծի հերոսը Արթուր Ալեքսանյանն է: Նրա մասին շատ բան ասելու կարիք չկա, Արթուրը Եվրոպայի 5-ակի, աշխարհի եռակի չեմպիոն է, հաղթել է Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Ասել, որ Ալեքսանյանը Հայաստանի օլիմպիական թիմի մեդալի հիմնական հավակնորդներից մեկն է, կնշանակի ոչինչ չասել:

-Լեգենդար մարզիկներն ասում են` օլիմպիական չեմպիոն դառնալը դժվար է, առավել դժվար է տիտղոսը պահելը: Կիսո՞ւմ եք այս կարծիքը:

-Կարծում եմ, դժվար է Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալը: Բայց կարծում եմ նաև, որ տիտղոսը պահելն էլ է դժվար: Ամեն դեպքում երկուսն էլ շատ դժվար են: Անցած Օլիմպիական խաղերի ավարտից հետո, մինչ այս խաղերը և այն մեկ տարին, որ Խաղերը հետաձգվեցին, չի եղել մի օր, որ ամբողջ էությամբ չնվիրվեմ երկրորդ օլիմպիական ոսկին շահելու նպատակին:

-Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով: Ի՞նչ անդրադարձ ունեցավ այն ձեզ վրա:

-Ավելի լավ կլիներ, որ Խաղերն անցկացվեին որոշված տարում՝ 2020 թվականին: Սակայն, ինչ արած, եղավ այն, ինչ եղավ: Այս մեկ տարի հետաձգումը բոլոր մարզիկների համար է, և բոլորս էլ նույն պայմաններում ենք: Հուսամ, ամեն ինչ լավ է լինելու: Ինձ մոտ ոչինչ չի փոխվել` նույն նպատակներով եմ մոտենում և նախապատրաստվում Խաղերին:

-Արթուր, մեր երկիրը դժվարին ժամանակներ է ապրում: Նախ կովիդն էր, հետո՝ պատերազմը: Արդյոք սա ազդե՞լ է ձեր մոտիվացիայի վրա:

-Այս ամենը ոչ միայն ինձ վրա է ազդեցություն ունեցել, այլև ամբողջ թիմի: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ էլ ազդված է եղածից, պատերազմից: Բայց մյուս կողմից, պատերազմը, և այն, ինչ եղավ, մեզ ավելի շատ ուժ է տալիս, և մենք նորից աշխարհին կապացուցենք, որ կանք, ուժեղ ենք և պիտի լինենք: Աշխարհին ցույց կտանք ու մեր դրոշը նորից բարձր կպահենք:

-Նախորդ` Ռիոյի Օլիմպիական խաղերում, բոլորը տպավորված էին նաև օլիմպիական ոսկին ստանալիս ձեր շապիկի վրա առկա Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով…Մտածո՞ւմ եք ինչ-որ կերպ կրկնելու մասին:

-Անկեղծ ասած՝ մտածել եմ նման բանի մասին, բայց այն Խաղերից հետո ադրբեջանցիները բողոքարկել էին, և մեծ խնդիրներ եղան դրա հետ կապված: Բայց նաև զգուշացում ունեմ այլևս նման բան չանելու: Եթե զգուշացումը չլիներ, գուցե նորից մտածեի հաղթելու դեպքում նման բան անելու մասին, բայց տեսնենք այս անգամ ինչպես կլինի:

  

-Դուք Հայաստանի օլիմպիական հավաքականի հնաբնակներից եք: Արդյոք տարիների փորձը, մի քանի Օլիմպիական խաղերի մասնակցությունն օգնո՞ւմ են ձեզ հիմա առավել արագ կողմնորոշվել:

-Տոկիոյի Օլիմպիական խաղերն ինձ համար երրորդ են: Ասեմ, որ այլ կերպ եմ մոտենում Խաղերին, քան առաջին կամ երկրորդ անգամն էր: Լոնդոնի խաղերում լարվածությունը և հուզմունքը շատ էր: Բայց հիմա առավել սառնասիրտ եմ, այլ կերպ եմ պատկերացնում, ինչն ավելի օգտակար է:

-Հունահռոմեական ոճի ըմբիշների շարքում, որոնք մասնակցում են Տոկիոյի Խաղերին, դուք միակ մասնակիցն եք, որը ՕԽ-ի մասնակցության փորձ ունի: Օգնո՞ւմ եք մյուս մարզիկներին ձեր խորհուրդներով, որ չունենան այն լարվածությունը, ինչն ունեցել եք դուք:

-Շատ եմ խոսել նրանց հետ Օլիմպիական խաղերին մասնակցության մասին: Տեսնում եմ, որ այն, ինչ ես զգացել եմ առաջին անգամ մասնակցելիս, հիմա նրանք են զգում: Աշխատում եմ ունեցածս փորձը կիսել նրանց հետ: Ասում եմ, որ Օլիմպիական խաղերին պետք է նայել որպես մրցաշարի և չմտածել այլ բաների մասին: Երբ մտածում ես, որ Օլիմպիական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ, լարվածությունն ավելի է մեծանում, և չես կարողանում անել այն, ինչին ունակ ես:

-Արդյոք Օլիմպիական խաղերում մարզիկների հոգեբանական պատրաստվածությունն առավել մե՞ծ նշանակություն ունի:

-Օլիմպիական խաղերի պատմությունը ցույց է տալիս, որ Խաղերում հաղթում են նրանք, ովքեր հոգեբանորեն պատրաստ են: Շատ ըմբիշներ կան, որոնք հաղթել են աշխարհի, Եվրոպայի 2-3 առաջնություններում, բայց 1-2 Խաղերի մասնակցելով ոչ մի մեդալ չեն հաղթել: Օլիմպիական խաղերի ժամանակ, այն մարզիկները, որոնցից մեդալ և ոսկի են սպասում, հիմնականում ավելի վատ են հանդես գալիս:

-Իսկ դա ձեզ չի վերաբերում, չէ՞:

-Ինձ մոտ կարծես այդպես չէ, թեպետ Լոնդոնի Օլիմպիական խաղերում փորձի պակասն զգացնել էր տալիս:

-Ձեր քաշային կարգում դուք այն բացառիկ մարզիկներից եք, որոնք տիտղոսների պակաս չունեն: Ի՞նչ կարծիքի եք մրցակիցների մասին:

-Բոլոր ժամանակներում ունեցել եմ շատ ուժեղ հակառակորդներ: Հիմա էլ քիչ չեն: Ոչ մեկին չեմ թերագնահատում: Հիմա ըմբշամարտը հասել է այն մակարդակին, որ թույլ և շատ ուժեղ մրցակիցների չես կարող առանձնացնել: Հիմա շատ երկրներ, որոնք թույլ են եղել այս մարզաձևում, լավ մարզիչների միջոցով լավ հավաքականներ են ձևավորել: Զարգացում նկատվում է այն թիմերի մոտ, որոնք ժամանակին թույլ էին համարվում:

-Արթուր, 30 տարեկանին մոտ եք: Սպորտում տարիքն իրենն անում է: Մտածո՞ւմ եք, արդյոք, Օլիմպիական խաղերից հետո մեծ սպորտին հրաժեշտ տալու մասին:

-Դեռևս չեմ մտածել այդ մասին: Սակայն միշտ ցանկացել եմ մեծ սպորտին հրաժեշտ տալ հաղթանակած: Նայելով մյուս ըմբիշներին, որոնք հաղթանակներից հետո պարտություններ են ունեցել ու հետո թողել սպորտը, ինքս ուզել եմ հաղթանակով ավարտել: Գիտեմ, դժվար է լինելու, բայց հաղթանակով վերջացնելն է իմ ուզածը: Բայց Օլիմպիական խաղերից հետո հեռանալու մասին չեմ մտածել:

-Իսկ հնարավո՞ր է, որ ձեր ուժերը փորձեք UFC-ում:

-Ոչ, չեմ կարծում: Հիմա կենտրոնացած եմ ըմբշամարտի վրա: Կարող եմ ասել նաև, որ չեմ էլ ցանկանա ուժերս փորձել այնտեղ: Առանց սպորտի ինձ չեմ պատկերացնում:

 

-Կան ըմբիշներ, որոնք մեծ սպորտից հեռանալուց հետո անցնում են մարզչական աշխատանքի: Դուք ձեզ այդ դերում տեսնո՞ւմ եք:

-Ոչ, այդպիսի ցանկություն էլ չունեմ: Բայց ուզում եմ ամեն կերպ օգնել հայկական սպորտին՝ երիտասարդներին փոխանցելով իմ փորձը և գիտելիքները: Բայց դեռևս չգիտեմ, թե ինչ կարգավիճակով:

-Ձեր անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքները քիչ-քիչ թափ են հավաքում: Ի՞նչ սպասելիքներ ունեք:

- Հնարավո՞ր է, որ ինձ հաճախակի տեսնեք այնտեղ: Երբ կառուցումն ավարտվի, այն կլինի ոչ միայն ըմբշամարտի համար նախատեսված մարզադահլիճ, այլև մի մեծ մարզական մարզակառույց: Այն Գյումրի քաղաքին հիանալի նվեր կլինի, քանի որ մարզական քաղաք է:

-Արթուր, մի քանի բլից հարց. լե՞ռ, թե ծով:

-Ծով:

-Նարդի՞, թե շախմատ: 

-Շախմատ:

-Սո՞ւրճ, թե թեյ:

-Թեյ:

-Տոլմա՞, թե խորոված:

-Տոլմա էլ, խորոված էլ (ծիծաղում է):

-Պիցցա՞, թե պաղպաղակ:

-Պաղպաղակ:

-Գի՞րք, թե ֆիլմ:

-Ֆիլմ:

-Թո՞մը, թե Ջերին:

-Ջերին:

- Շնորհակալ եմ զրույցի համար, հուսով եմ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 59 օր:

Նախագծի հեղինակ՝ Վարվառա Հայրապետյան 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի  

Կարդացեք նաև

Տոկիո-2020. Կարևորը մրցակցի ուժեղ կողմերը հաշվի առնելն է. Վազգեն Թևանյան

Տոկիո-2020. Մարմնամարզությունն այն մարզաձևն է, որտեղ դու ավելի շատ ինքդ քո դեմ ես պայքարում. Արթուր Դավթյան

Տոկիո-2020. Գորգում պետք է գործես պահի թելադրանքով. Արսեն Հարությունյան

Տոկիո-2020. Ռինգ պետք է մտնել այնպես, ինչպես քո տուն ես մտնում. Կորյուն Սողոմոնյան

Տոկիո-2020. Օլիմպիական խաղերում թույլ մարզիկներ չեն լինում. Արմեն Մելիքյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]