Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Շենգավիթի մարզադպրոցը նոր տանիք կունենա

Շենգավիթի մարզադպրոցը նոր տանիք կունենա

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը մեծությամբ ու հնարավորություններով միակն է Երևանում: 1970-ականներին կառուցված շենքի խնդիրներն սկսվեցին 90-ականներին. տանիքից կաթոցները շարունակվում են մինչև օրս: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հինգ տարի պարապում եմ այստեղ ու ամեն անգամ, երբ անձրև է գալիս, ընկերներով հետաքրքրվում ենք՝ կլինի՞ դաս, թե՞ ոչ, որովհետև, այստեղ փոսեր են առաջանում և հաճախ ընկնում ենք»,-պատմում է մարզիկներից Անահիտ Գրիգորյանը:

Վերջին անգամ տանիքը մասնակիորեն նորոգվել էր 10 տարի առաջ: Այս տարի Երևանի քաղաքապետարանն առաջնահերթորեն նախաձեռնեց ամբողջությամբ վերակառուցել մարզադպրոցի տանիքը:«Նույնիսկ անձրևից 7-8 օր հետո տանիքում հավաքված ջուրը դեռ կաթում է: Այս ծրագիրը համարում եմ մեր մարզադպրոցի փրկության ծրագիրը: Առանց տանիքը կարգի բերելու մնացած բոլոր աշխատանքներն անիմաստ են»,-ասում է Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանը:«1993 թվականից այս վիճակն է դպրոցում ու նորոգումն իսկապես երազանք էր մեզ համար, մեր ցանկությունն է, որ երեխաները մարզվեն լավ պայմաններում»,-հավելում է մարզադպրոցի փոխտնօրեն Արա Ստեփանյանը:

Նախագծով հարթ տանիքն ամբողջությամբ կվերափոխվի տարբեր թեքություններով թիթեղյա տանիքի՝ չխաթարելով շենքի ընդհանուր ճարտարապետական տեսքը:

Տանիքի նորոգումից հետո կտեղադրվի ջրահեռացման նոր համակարգ, ինչի շնորհիվ տանիքից հոսող անձրևաջրերն այլևս շենքի հիմքերը չեն քայքայի:

Մարզադպրոցի շենքում առանձին գործում է 4 մարզադպրոց: Տանիքի նորոգումն ամենակարևոր խնդիրն էր բոլորի համար: Շինարարությունը կտուրից բացի կարվի նաև շենքում: Ի դեպ, դպրոցի միջոցներով արդեն փոխվել են պատուհանները, իսկ երբ տանիքը պատրաստ լինի, կփորձեն քաղաքապետարանի միջոցով լուծելի դարձնել շենքի հիմնանորոգման խնդիրը:

«Երեխաներն այստեղ մարզումների են գալիս անվճար, մեր նպատակն առողջ սերունդ դաստիարակելն է»,-նշում է Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանը:

Քաղաքային իշխանությունը մտադիր է փուլ առ փուլ անդրադառնալ համայնքային մարզադպրոցների խնդիրներին:

Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում մարզվում է ավելի քան 800 երեխա: Նրանցից յուրաքանչյուրն այստեղ է գալիս նպատակով, որ մի օր իր նկարն էլ կհամալրի օլիմպիականների անկյունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]