Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատրաստ ենք մեկնարկել զանգվածային մանկապարտեզաշինության և դպրոցաշինության գործընթաց. Փաշինյան  

Պատրաստ ենք մեկնարկել զանգվածային մանկապարտեզաշինության և 
դպրոցաշինության գործընթաց. Փաշինյան

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. բյուջեն կավելացվի 51 մլն 400 հազար դրամով, որը նախատեսվում է հատկացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: Այդ միջոցներն ուղղվելու են 10 համայնքում մոդուլային տիպի 144 տեղով մսուր-մանկապարտեզի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանն ու համապատասխան համայնքներում տեղակայմանը: 

Ըստ այդմ՝ 5 մսուր-մանկապարտեզ կկառուցվի Արմավիրի մարզում, 3 մսուր-մանկապարտեզ՝ Լոռու մարզում, մեկական մսուր-մանկապարտեզներ՝ Կոտայքի և Շիրակի մարզերում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը տեղեկացրեց, որ կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկով արդեն իսկ 1,4 մլրդ դրամ է հատկացվել 10 մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզների կառուցման համար: 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշեց, որ «Իմ քայլը» դաշինքի 2018 թվականի նախընտրական ծրագրում ունեցել են կետ, որով արձանագրել են՝ մինչև 2023 թվականը նախակրթարանային տարիքի երեխաների 75 տոկոսը պետք է մանկապարտեզներ հաճախելու հնարավորություն ունենա: 

«Դուք գիտեք, որ ՀՀ-ում դա լրջագույն պրոբլեմ է և նաև կարևորագույն խնդիր երկրի զարգացման առումով: 2019 թվականից մենք սկսել ենք այս հարցի քննարկումը»,- ասաց նա: 

Այս համատեքստում վարչապետի պաշտոնակատարն առանձնացրեց 4 հարց, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվել և տարվում. ինչպես որոշել մանկապարտեզների կառուցման աշխարհագրությունը, ինչ տիպի շենքեր պետք է կառուցվեն, այդ կրթական հաստատությունների հետագա ֆինանսավորումը և բովանդակությունը: 

«Ըստ էության, կարող ենք ասել, որ իրականացված քայլերի արդյունքում հասել ենք մի նախապատրաստական իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետությունում պատրաստ ենք մեկնարկել, թող շատ հավակնոտ չհնչի, զանգվածային մանկապարտեզաշինության և դպրոցաշինության գործընթաց: ՀՀ-ում կա կոնսենսուս մի հարցի վերաբերյալ՝ երկրի ռազմավարական զարգացումն ապահովելու կարևորագույն նախապայմաններից մեկը կրթական ոլորտում բարեփոխումներ իրականացնելն է: Եվ ես հիմա շատ ուրախ եմ, որ մենք նախակրթության, հանրակրթության, բարձրագույն կրթության ոլորտներում մեր ռազմավարական անելիքները որոշել ենք: Ընդ որում՝ փոխանցիկության կապ ենք ստեղծել կրթության այս երեք շերտերի ուղղությամբ: Իհարկե, գործնական կիրառման ժամանակ չհղկվածությունների և պրոբլեմների կհանդիպենք, բայց այդտեղ սարսափելի ոչինչ չկա, կարևորն այն է, որ մեխանիզմը գործարկված է: Հետևաբար, մենք ավելի ու ավելի հաճախ կառավարության նիստերում կհանդիպենք մարզերում, Երևանում, քաղաքներում, գյուղերում դպրոցների և մանկապարտեզների կառուցման, նորոգման, հիմնանորոգման հետ կապված աշխատանքների իրականացման, գույքի թարմացման վերաբերյալ որոշումներ: Կարող ենք արձանագրել, որ մեր երկրի բովանդակային բարեփոխուման այս կարևորագույն մեխանիզմը գործարկված է»: 

Անդրադառնալով կրթության և գիտության ոլորում իրականացվող բարեփոխումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Բարձրագույն կրթությունից հետո մենք ճյուղավորումներ ունենք, որոնց շուրջ նույնպես աշխատում ենք: Մի ուղղությունը գիտությունն է, մյուսը՝ բարձր տեխնոլոգիաներն են, հաջորդը՝ մասնագիտացումն է և պատճառահետևանքային կապը աշխատանքի շուկայի հետ: Միջին մասնագիտական կրթության ոլորտում էլ շատ անելիքներ ունենք, որպեսզի գործընթացն ամբողջացնենք: Սա ռազմավարական նշանակության նախագիծ է, որի ուղղությամբ բոլորս պետք է շատ լուրջ ջանքեր գործադրենք: Ըստ էության, մենք գործ ունենք մեր երկրի բովանդակային ողնաշարի ձևավորման հետ, և իսկապես շատ կարևոր փաստ է, որ հասել ենք դրա գործնական իրագործման փուլին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]