Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Հերոսացած զինվորների ծնողներին հանձնվեցին պետական պարգեւներ

Հերոսացած զինվորների ծնողներին հանձնվեցին պետական պարգեւներ

ԳԱՎԱՌ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը համայնքների ղեկավարների, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի եւ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչների ուղեկցությամբ Ծակքար, Լիճք, Վաղաշեն եւ Ծովինար համայնքներում  «Մարտական ծառայության» մեդալներ հանձնեց Արցախյան վերջին պատերազմում հերոսացած զինծառայողների ծնողներին։  

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` պատերազմի ժամանակ ցուցաբերած խիզախության եւ արիության համար, «Մարտական ծառայության» մեդալով են պարգեւատրվել Հայոց բանակի զինծառայողներ՝ Ծակքար համայնքի բնակիչ Կոմիտաս Ղուկասյանը, Լիճք համայնքի բնակիչ Արտյոմ Ավետիսյանը, Ծովինար համայնքի բնակիչ Հովհաննես Ենգոյանը, Վաղաշեն համայնքի բնակիչներ Արտյոմ Խաչատրյանը, Նվեր Բադոյանը, Զոհրաբ Արշակյանը, Նորայր Հայրապետյանը, Խաժակ Գրիգորյանը, Սամվել Գասպարյանը եւ Արտյոմ Պետրոսյանը։

«Պետական բարձր պարգեւն իսկ հուշում ու փաստում է, թե ինչ սխրանքներ են գործել մեր հերոս տղաները, արիության ինչ դասեր են տվել։Նրանք այն խիզախ ու նվիրյալ զինվորներն էին, որ թշնամու դեմ կռիվ տվեցին մինչեւ վերջին շունչը եւ փրկեցին մեր սուրբ հայրենիքը։Հանուն նրանց անունների հարատեւության ու անավարտ նպատակների, հանուն մեր հայրենիքի հավերժության մենք պետք է հզորանանք ու միավորվենք, արարենք ու շենացնենք մեր աշխարհը։ Հավերժ փառք մեր հերոսներին,,-պարգեւատրված զինծառայողների ծնողներին եւ հարազատներին սփոփեց մարզպետը։

Խոսրով Խլղաթյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]