Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Օգոստոս

Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը Հայաստանի սահմաններից ու զերծ մնալ սադրանքներից

Հնդկաստանը կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը Հայաստանի սահմաններից ու 
զերծ մնալ սադրանքներից

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ի պատասխան հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ լրատվամիջոցների հարցումների:

«Ռազմական տեղաշարժերի միջոցով սահմանային խախտումները կարող են ապակայունացնել իրավիճակն ու հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսման: Հորդորում ենք խախտած կողմին անհապաղ հետ քաշել զինված ուժերն ու կասեցնել ցանկացած հետագա սադրանք»,- համաձայն նախարարության պաշտոնական կայքի՝  հայտարարել է խոսնակը:

Նա ընդգծել է, որ Հնդկաստանը մշտապես կողմ է արտահայտվել երկկողմ վեճերի խաղաղ կարգավորմանը՝ քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով: «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանային անվտանգության հեռանկարում»,- նշել է խոսնակը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:

 

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]