Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Ճապոնիան մտադիր է աջակցել Հայաստանին բիզնես միջավայրի բարելավման աշխատանքներում

Ճապոնիան մտադիր է աջակցել Հայաստանին բիզնես միջավայրի բարելավման 
աշխատանքներում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացումը և երկու երկրների  ժողովուրդների միջև շփումների ու գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման  և համագործակցության հնարավոր ուղիները։ 

Դեսպան Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ իր դիվանագիտական առաքելության կատարման ընթացքում նպատակ ունի հիմք դնել երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության, ակտիվացնել մշակութային և սպորտային կապերը և իրականացնել փոխանակման ծրագրեր՝ երիտասարդների համար։ Ըստ դեսպանի՝ երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորումը կարող է նպաստել նոր ներդրումային նախագծերի ձևավորմանն ու իրականացմանը։ 

Հայաստանի տնտեսության զարգացման գործում կարևորելով նորագույն տեխնոլոգիաների ներդրումը և կիրառումը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է համագործակցել նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ տեխնոլոգիական տրանսֆերի և մասնագետների միջև փորձի փոխանակման ուղղություններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության մեջ առաջատար տեխնոլոգիաների կիրառմանն  ու գյուղատնտեսական արդյունաբերության զարգացմանն ուղղված գործընթացներում աջակցության տրամադրման ուղղությամբ։ 

Դեսպան Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ Հայաստանը զարգանալու շատ հնարավորություններ ունի և հայտնել Ճապոնիայի կառավարության մտադրությունը՝ աջակցելու Հայաստանին մարդկային ռեսուրսների զարգացման, բիզնես միջավայրի բարելավման և ենթակառուցվածքների զարգացման շուրջ իրականացվող աշխատանքներում։

Հանդիպման ավարտին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում նպաստելու երկու երկրների միջև ամուր կապերի հաստատմանը և բազմակողմանի համագործակցության զարգացմանը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ