1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թանգարանը՝ հոգևոր արժեքներով ապրելու վայր. Խզմալյանը շնորհավորեց ոլորտի ներկայացուցիչների տոնը

Թանգարանը՝ հոգևոր արժեքներով ապրելու վայր. Խզմալյանը շնորհավորեց ոլորտի 
ներկայացուցիչների տոնը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի համոզմամբ՝ թանգարանային ոլորտի ներկայացուցիչներն իրական նվիրյալներ են, որոնք նպաստում են երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող արժեքների պահպանմանն ու հանրառչակմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Խզմալյանն ասաց Թանգարանների միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում՝ շնորհավորելով թանգարանների աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ:

«Մենք տեսնում ենք վերջին շրջանում թանգարանների գրանցած հաջողություններն ու ակտիվությունը, միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությունը: Խոնարհումի ու հարգանքի է արժանի ոլորտի ներկայացուցիչների կատարած աշխատանքը»,- նշեց փոխնախարարն ու հավելեց, որ վերջին երկու տարին փորձության և փորձառության շրջան են ինչպես ժամանակակից արվեստի ոլորտում, այնպես էլ թանգարանային հաստատությունների համար, որոնք հայտնվել են անծանոթ, բացարձակ նոր իրողությունների առջև, որտեղ համավարակով պայմանավորված սահմանափակումներն ունեցան ինչպես բացասական, այնպես էլ դրական միտումներ:

Նրա խոսքով՝ թանգարանների պաշտոնական կայքերն սկսեցին մեծ տեմպով համալրվել նոր նյութերով, նոր հրապարակումներով: 2020-ի որոշ վիճակագրական տվյալներ ներկայացնելով՝ Խզմալյանն ասաց, որ թանգարանների կայքերում հրապարակումների թիվը եղել է 14 հազար 136, հավանումների թիվը՝ 1 մլն 670 հազար 615: Հրապարակումները կիսել է 104 հազար 820 մարդ, իսկ դիտումների քանակը հասել է 20 մլն 931 հազարի:

Անդրադառնալով հոբելյաններին՝ Արա Խզմալյանն ընդգծեց, որ 2021-ին լրանում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի 100-ամյակները: Նա տեղեկացրեց, որ պատկերասրահի հոբելյանին իրականացնելու են «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարը, որը Հայաստան կբերի կտավների վերականգնման մի խումբ բարձրակարգ մասնագետների:

«Այս կառույցները մեր մշակութային անձնագրերն են: Հաճախ եմ ասում, որ Գրականության և արվեստի թանգարանը մեր նոր Մատենադարանն է, որովհետև անգնահատելի ու աներևակայելի են այն արժեքները, որոնք պահվում են թանգարանի պահոցներում: Ցավոք, մենք լրջագույն խնդիր ունենք այդ արժեքներն առավել լայն ծավալներով ներկայացնելու, ցուցադրության տարածքների խնդիրներ ունենք: Եթե բացառենք Մատենադարանի վերականգնողական բաժինը, որն ըստ երևույթին միակ պրոֆեսիոնալ ու անհրաժեշտ պարագաներով համալրված շուրջ 60 տարվա վերականգնողական փորձ ունեցող կառույց է, գլոբալ իմաստով կանգնած ենք արժեքների վերականգնման ու կոնսերվացման խնդրի առաջ: Կարծում եմ՝ առաջիկայում որոշ վերաբաշխումներ պետք է արվեն մշակույթի ոլորտի ֆինանսավորման տրամաբանության մեջ, պիտի փոխենք շեշտադրումները և առաջնային դարձնենք մեր արժեքների պահպանումն ու հանրայնացումը»,- շեշտեց փոխնախարարը:

Խզմալյանի համոզմամբ՝ թանգարանները վաղուց դադարել են լինել միայն հիշողության ինստիտուտներ. դրանք ունեն կրթական առաքելություն և վերածվել են կրթական միջավայրերի:

Ըստ նախարարի տեղակալի՝ կյանքը և մեզ պատուհասած փորձությունները ցույց տվեցին, որ մշակույթը նախ թերապևտիկ նշանակություն ունի և որոշակի հանրային անկումային տրամադրությունների, չափից ավելի քաղաքականացված առօրյայի դեպքում մշակույթը նաև թանգարանը հնարավորություն են տալիս դադար առնել, կենտրոնանալ, տեղեկատվական հոսքից դուրս գալ և հոգևոր արժեքներով ապրել:

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]