Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի. Պեսկովը՝ Պուտինի դիրքորոշման մասին

Եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի. Պեսկովը՝ 
Պուտինի դիրքորոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը,այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը համոզված է, որ եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի, եւ այժմ եռանդուն ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու եւ սահմանին իրավիճակը շտկելու համար», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը ստացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նամակը ռազմական օգնության մասին: Նա նշել է, որ «այդ բոլոր հարցերը բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»:

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորման հարցով:

Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավվմամբ սանձազերծված պատերազմն ավարտվել է նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ:

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են  իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչ շարունակում է գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Փաշինյանը մայիսի 14-ին պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

«Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում: Բացի ներքին անվտանգային միջոցառումներից, Հայաստանն էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը»,- մայիսի 17-ին նշել է Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]