Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր

Գյումրիում կբացվի ժամանակակից «Դիստրիկտ» էկո և տեխնո թաղամաս.Վահան Քերոբյանը մասնակցել է ծրագրի մեկնարկին

Գյումրիում կբացվի ժամանակակից «Դիստրիկտ» էկո և տեխնո թաղամաս.Վահան 
Քերոբյանը մասնակցել է ծրագրի մեկնարկին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 15-ին այցելել է Գյումրի՝ մասնակցելու «Ապագան Գյումրիում է» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում նախատեսված էր «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության նոր գրասենյակի բացման արարողությունը և այդ կազմակերպության ամենամեծ նախագծի՝ «Դիստրիկտ» նախաձեռնության մեկնարկը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության տեսլականն է Գյումրին վերածել առաջատար համայնքի, որը կենտրոնացած կլինի ստեղծագործական, տեխնոլոգիական, բարեկեցիկ և կայուն տնտեսական զարգացման վրա: Ծրագրի շրջանակում Գյումրի քաղաքում նախատեսվում է հիմնել իր տեսակի մեջ առաջին բնակելի թաղամասը՝ եզակի տեխնոլոգիաներով ձեռնարկատիրական էկոհամակարգ, որը կխթանի նորարարությունը, կապահովի բնակիչների պատշաճ և կայուն ապրուստը և կունենա դրական սոցիալ-տնտեսական և էկոլոգիական ազդեցություն:

Միջոցառման ընթացքում Վահան Քերոբյանը ներկա է գտնվել ընկերության նոր գրասենյակի բացման արարողությանը, ծանոթացել ընկերության գործունեությանն ու նախատեսվող «Դիստրիկտ» էկո և տեխնո թաղամասի հիմնադրման մանրամասներին։ 

Ողջունելով նման խոշոր ծրագրի մեկնարկումը՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Ես հավատում եմ, որ Գյումրին կարող է դառնալ հրաշալի տեղ ապրելու, աշխատելու և ստեղծագործելու համար։ Բոլորը գիտեն, որ գյումրեցիները տաղանդավոր, ստեղծագործ մարդիկ են, և ես իմ առաքելությունը տեսնում եմ մարդկանց այդ հզորությունը և էներգիան պարգևելու մեջ, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս լավ ստեղծագործել և արարել»:

Վահան Քերոբյանը նաև ընդգծել է իր պատրաստակամությունը աջակցել ծրագրի բարեհաջող իրականացմանը։

«Դիստրիկտ» հիմնադրամի տնօրեն Գայանե Առաքելյանը նշել է, որ ծրագրի կարևոր նպատակներից է նաև կասեցնել Գյումրիից տաղանդավոր մարդկանց հոսքի և արտագաղթի խնդիրը․ «Եթե մարդիկ այստեղ ունենան գեղեցիկ միջավայր հասանելի, դինամիկ զարգացող, տնտեսապես կայուն և, իհարկե, ստեղծարար, հետևաբար նրանք չեն ուզենա այստեղից հեռանալ»։

«Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության համահիմնադիր Թոդդ Ֆաբաքերի խոսքով՝ այս նախաձեռնության շնորհիվ հնարավորություն կընձեռնվի երիտասարդ կադրերի և առաջատար մասնագետների համար բացել նոր աշխատատեղեր։ Ըստ նրա՝ այն լինելու է ոչ միայն էկո, տեխնո միջավայր, ալև այն համապատասխանելու է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։

«Այսինքն մեր տարածաշրջանում իր տեսակի մեջ յուրահատուկ թաղամաս է լինելու, անկրկնելի մի վայր, որտեղ ՄԱԿ-ի կայուն զարգացման բոլոր 17 նպատակներն իրենց ուրույն դրսևորումը կունենան։ Մեր գաղափարներով մենք կփորձենք հասնել այդ նպատակներին, որպեսզի ամբողջ աշխարհը հետաքրքրված լինի գալ, տեսնել, ներդրումներ անել, հիմնել ձեռնարկություններ, զարգացնել կադրեր, ստեղծել լավ աշխատուժ և այդ մադկանց պահել  մարզում», - նշել է Թոդդ Ֆաբաքերը։

Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կիրականացվեն այս ծրագրի շրջանակներում, ուղղված կլինեն 5 նպատակերի պատշաճ իրագործմանը՝ «Բարեկեցիկ քաղաք», «Կանաչ քաղաք», «Ինտեգրված քաղաք», «Ստեղծագործ քաղաք» և «Տեխնոլոգիական քաղաք»:

Ծրագրի իրականացման համար ընտրված տարածքը տեղակայված է Գյումրիի արևմտյան մասում՝ Բուլվարային և Մուշ թաղամասներին հարակից՝ քաղաքի կենտրոնից 10 րոպե հեռավորության վրա, Սև ամրոց, Պայտաձև ամրոց, Մայր Հայաստան զբոսաշրջային նշանակության օբյեկտներին կից։

Այստեղ տեղակայված կլինեն «Թվային մետաքսի ճանապարհ» հայ-չինական կենտրոնը և Գյումրիում ստեղծված նորագույն ստարտափ ընկերություններ՝ տեղի երիտասարդներին աշխատանք առաջարկելու, նրանց գնողունակությունը բարձրացնելու և հարկեր գեներացնելու համար՝ մեծապես նպաստելով քաղաքի տնտեսության աճին։

Բացի այդ, այստեղ կլինեն թեթև արդյունաբերության գոտի, գյուղատնտեսական հատված, կանաչ գոտի, բնակելի հատված, սպասարկող կառույցներ, արևային պանելների այգի, արվեստի և սպորտի հատված, փոքր հյուրատներ։

«Դիստրիկտ» նախագիծը մշակվում է և իրականացվելու է Գյումրիի քաղաքապետարանի և պետական մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում՝ նպաստելով Հայաստանում մասնավոր և հասարակական ենթակառուցվածքների համագործակցության զարգացմանը։ Ըստ նախնական պլանի՝ նախագիծն իրականցվելու է երեք փուլերով․ առաջին փուլը տևելու է 3 տարի և կատարվելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար ներդրում: Հաջորդ փուլերի բյուջեն և ժամանակացույցը գտնվում է քննարկման փուլում և կարող են հստակ սահմանվել հետազոտական աշխատանքներից հետո։ 

«Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին։ Այն Նյու Յորքում և Գյումրիում տեղակայված ծրագրային ապահովման զարգացման ընկերություն է, որն իրականացնում է բջջային հավելվածների և վեբ կայքերի ստեղծում։

Իր գործունեության մի քանի տարվա ընթացքում փոքր թիմից ընկերությունը վերածվել է լիարժեք զարգացող, գլոբալ մրցակցային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերության։ Ներկայումս ընկեությունը տրամադրում է վեբ, Cloud Server, IoT և բջջային հավելվածների ստեղծման ու զարգացման ծառայություններ՝ Գյումրին վերածելով գերժամանակակից տեխնոլոգիաներ արտահանող քաղաքի։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]