Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արվեստը թնդանոթ չի սիրում

Արվեստը թնդանոթ չի սիրում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստանոցի շքամուտքից մեկ քայլ ներս, եւ քեզ դիմավորում են կոմպոզիցիոն շքեղ արարումները՝ «Զոհաբերություն ուրարտական աստվածներին», «Արարատյան դաշտի առավոտը», հարազատ, երեւելի դեմքեր՝ Չարենց, Կոմիտաս, Վռամշապուհ արքա, Աբեղյան, Վազգեն վեհափառ, Նանսեն, Տերյան, Թորամանյան, Դեւրիկյան, Հերունի… Եվ էլի մեծեր ու մեծեր, որոնց՝ յուրաքանչյուրին բնորոշ դիմարտահայտությամբ եւ ներաշխարհի գույների ու խառնվածքի նրբին բացահայտումներով, իր ու մեր կենսաշխարհ է բերել անառարկելիորեն տաղանդավոր արվեստագետը՝ Տարիել Հակոբյան անուն-ազգանունով: Խորիմաց մշակութային մի գործիչ, որի արվեստանոցը, զուգահեռաբար, բացառիկ արժեքավոր գրքերով շնչող հարուստ ու յուրօրինակ գրադարան է հիշեցնում: Դրանք սոսկ այնպես դրված գրքեր չեն, ոչ էլ միջավայրի զարդարանք՝ ընթերցված, նշումներով հագեցած մտերիմներ են, որոնք զրուցում են քանդակագործի հետ ամեն օր… Իսկ արվեստանոցի խորքում կրկին հին ու նոր կերտվածքների «ժխոր» է ու նեղվածք՝ հայ եւ օտարազգի մեծերի, ապրած ու ապրող արժանավորների, պաշտելի ծնողաց….

Տարիել Հակոբյանի նախնիները էրգրից են՝ Մուշից, որոնք 1750-60 թվականներին տեղափոխվել են Ալաշկերտ, որոշ ժամանակ անց՝ համոզվելով, որ Ալաշկերտն իրենց տեղը չի, եկել-հասել են Արագած լեռան փեշերը եւ նոր արմատներ գցել Սառնաղբյուրում: Բայց ապագա քանդակագործին բախտ էր վիճակված լույսաշխարհ գալ խոսքաշեն ու արհեստների, արվեստների քաղաք Գյումրիում՝ եւս մեկ ուրախության ճիչ ու ղողանջ հավելելով իր սիրասուն ծնողների՝ Արամի եւ Լուսաբերի բազմանդամ ընտանիքին:

Գյումրիի՝ Չարենցի անվան դպրոցում սովորելու տարիներից էր որոշել գալ մայրաքաղաք եւ ուսանել Թերլեմեզյանում: Եվ հիմա խորին երախտագիտությամբ է հիշում այս կրթօջախի իր սիրելի ուսուցիչներին՝ Ադիբեկ Գրիգորյան, Ալեքսանդր Մովսիսյան, Արա Հարությունյան, Սուրեն Նազարյան… Երախտագիտության նույն զգացումով է տալիս ուսումնական իր հաջորդ հանգրվանի՝ Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի վաստակաբեռն իր դասախոս-արվեստագետների անունները՝ Արա Սարգսյան, Սարգիս Բաղդասարյան: Մեկից՝ կոմպոզիցիայի, մյուսից՝ քանդակագործության դասեր է առել, ամբարել նրանցից ստացած գիտելիքները, որոնցով սնուցանվելու էր քանդակագործության մեջ նոր խոսք ասելու կոչված արարումների իր ոգին: Այսօր հարազատ կրթօջախում այդ նույն ոգին նա իր սաներին է տալիս, իսկ իր տաղանդի գենը փոխանցել է արդեն իր ինքնատիպ ոճն ու ասելիքն հաստատած, քանդակագործ-մեդալյոր ու ճարտարապետական համալսարանի դասախոս որդուն՝ Գուրգեն Հակոբյանին:

Տակավին ուսանողական տարիքում են ստեղծվում արվեստագետի առաջին քանդակները. Մակար Եկմալյան, Ստեփան Շահումյան: Վերջինը տեղադրված է մայրաքաղաքի թաղամասերից մեկում: «Այն ժամանակներում ես սիրահարված էի մեր երկու մեծերին՝ Րաֆֆուն եւ Ջիվանուն,- ասում է արվեստագետը եւ շարունակում.- հայրս նույնպես պաշտում էր նրանց: Եվ իմ ստեղծագործական վաղ շրջանի  քանդակներից եղան նաեւ մեր ազգային այս երկու երեւելիները: Այս կերպարներին զուգահեռ, քանդակներ էին ստեղծվում նաեւ իսահակյանական թեմաներով պայմանավորված, հիմնականում՝ մայրական, կանացի…»:

Մոտենում ենք մոր դիմաքանդակին, եւ բազմիմաց արվեստագետը տխրությամբ է վերհիշում, թե ի՜նչ արվեստով ու հուզականությամբ էր երգում ծնունդով Կաղզվանից իր Լուսաբեր մայրը՝ հանրահայտ «Կռունկ» երգը. «Երգում էր ու չէր կարողանում շարունակել… Իսկ երբ հարցեր էինք տալիս՝ ողբում էր, լռում. թուրք յաթաղանի զոհեր էին դարձել մայրը՝ Աննան, գրեթե բոլոր կաղզվանցիները՝ Օլթիի-Սարիղամիշի ձորում: Հրաշքով փրկվել են մայրս եւ փոքր մորաքույրս, որոնք մազապուրծ նախ հասել են Ղարս, այնտեղից՝ Գյումրի… Ես գնացել եմ իմ նախնիների երկիրը, եղել եմ Մուշում, Սուլուխում, եւ սիրտս մղկտացել է…»:

Հպարտությամբ է խոսում հոր՝ Արամի մասին, որ եղել է հաստատակամ, արդար ու արդարամիտ մարդ, ճանաչված երկաթուղային, տանը պահել ու կարդացել է արգելված գրականություն՝ Ավետիս Ահարոնյան, Եղիշե Չարենց, Րաֆֆի… Սիրել է Հյուգոյի «Թշվառները»: Իր գրքասիրությունն էլ գալիս է հորից՝ տասնչորս տարեկանում ընթերցել Բալզա՞կ… Այո, Բալզակ, եւ ոչ միայն նրան… Իսկ 1957-ին տեղափոխվելով Երեւան, հետը բերել է միայն գրքեր՝ Ջիվանի, Իսահակյանի կյանքը եւ ստեղծագործությունը, Ռուսթավելու «Վագրենավորը» եւ Ֆրիկի բանաստեղծությունները… Հիշում է Հառիճավանքի երբեմնի սան իր Հարություն պապին, որ նոր էր ստացել երկրորդ աշխարհամարտի մասնակից իր Գուրգեն որդու սեւ թուղթը եւ ողբում էր՝ «Ալագյազ» երգելով…

Թանձր ու խիտ են քանդակագործի հիշողությունները եւ անսպառ: Մինչդեռ արվեստանոցում դեռ այնքա՜ն սքաչելի արարումներ կան, որոնց դեռ պիտի մոտենամ, զննեմ, ծանոթանամ՝ Շոպեն, Տրդատ Երրորդ, Ազատ Գասպարյան: Ահա հանճարեղ Պուշկինի անավարտ կիսանդրին՝ Գյումրիի համար, Լորիս Մելիքով մեծանուն հայորդու քանդակի շքեղ էսքիզները, Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Հովսեփյանցինը՝ Պարգեւ սրբազանի պատվերով… Պատվիրել են ու մոռացել, իսկ քանդակագործը սիրտ ու հոգի է դրել դրանց մեջ, տքնել ու տառապել օրեր, ամիսներ շարունակ: Գուցե այսօ՞ր հիշեն իրենց պատվերների մասին ազգընտիր պատվիրատուները: Հուսանք, արվեստագետի հետ միասին հուսանք…

Հիացումով եմ նկատում համայն հայությանը ծանոթ ու հարազատ «Մենք ենք, մեր սարերը» մոնումենտալ քանդակի էսքիզը՝ մանրակերտը: Պարզվում է, որ այն տաղանդավոր հեղինակը՝ Սարգիս Բաղդասարյանն է նվիրել իր արվեստակից բարեկամին: «Սա Արամ Խաչատրյանի «Սուսերով պարի» հետ համեմատվող արարում է,- ասում է Տարիել Հակոբյանը եւ շարունակում.- ինձ բախտ է վիճակվել կազմել ու խմբագրել այս մեծ արվեստագետի ստեղծագործությունների ալբոմը, դրանում խոսք ասել իր մասին…»: Ծանոթանում եմ ալբոմին՝ հիրավի նվիրական աշխատանք ու ճշմարիտ մեծի գնահատական:

Հետաքրքրվում եմ, թե ինչ է անում հոգնություն չունեցող քանդակործն այժմ: Բացում է ծածկի տակ առնված մի կիսանդրի. «Հիմա քանդակում եմ վաստակաշատ մի գեներալի՝ Միքայել Գրիգորյանին: Քաջատեղյակ եմ նրա վաստակին՝ մեր երկրին նման գեներալներ են անհրաժեշտ…»: Ու հիշեցնում է նրա անցած ճանապարհը, որը փառավոր է ու ընդօրինակելի: Իր սաներին տրվող, արվեստի գաղտնիքները բացող իմաստուն դասերն ու հորդորներն է հիշում. «Արվեստը պոեզիա է, դուք պետք է կոմպոզիցիա ստեղծեք, հորինեք, ինչպես բանաստեղծությունն են հորինում: Արվեստը թնդանոթ չի սիրում, ոչ էլ դհոլ-զուռնա: Հիշեք Պուշկինին. «Եթե իմ քնարով բարին, գեղեցիկը չպիտի արտահայտեմ, ապա ինչի՞ համար է այդ քնարը…»:

Իսկ իր արարումները անասելիորեն շատ են ու սփռված հանրապետությունով մեկ, նրա սահմաններից դուրս: Վերջին կերտումներից նշենք մեր ազգային փառքերից մեկի՝ տիեզերանվաճ ասպետ Վիկտոր Համբարձումյանի շքեղ ու խոսուն հուշարձանը՝ Օղակաձեւ զբոսայգում: Նախկիններից՝ «Տիեզերքը նվաճողները» մեծածավալ գոռելիեֆը, գեղաշուք «Արքայական թագը»՝ տեղադրված հայոց հնօրյա մայրաքաղաք Արտաշատի քաղաքամուտին:

Գրականության սիրահար քանդակագործը, որ նաեւ բաց ու անկեղծ զրուցակից է, մեր հանդիպումն ավարտում է շեքսպիրյան իմաստնությամբ. «Ես անմահ եմ, որովհետեւ սերունդներ ունեմ»: Նույնը ես եմ ասում՝ ունեմ սքանչելի դուստրեր՝ Լուսինե եւ Արեւիկ, երկուսն էլ, իրենց կատարած աշխատանքով, արժանի իմ հպարտությանն ու իմ ազգին: Տաղանդավոր որդի՝ Գուրգենը, որը, համոզված եմ, ինձնից ավելին է անելու: Իսկ նրանց մայրը՝ Անահիտը, սերունդներ կրթած մանկավարժ, մեր օջախի սրբությունն է ու խնկելին: Ունեմ արեւհոգի թոռնիկներ… Այնպես որ, ես մահից չեմ վախենում: Մարդը պետք է կյանքից կշտանալիք ունենա…»:

Իսկ մենք հավելենք՝ շնորհավոր հոբելյանդ, վաստակաբեռն քանդակագործ: Ապրիր եւ արարիր…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]