Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

ՄԻԵԴ-ը քննության է ընդունել խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումը

ՄԻԵԴ-ը քննության է ընդունել խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ ՀՀ 
վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2021 թվականի հունվարի 27-ի որոշմամբ՝ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի` 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կատարման շրջանակներում, կարևորելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության ամրապնդման նպատակով երկխոսությունը, խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ դիմում էր ներկայացրել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդից, հղում կատարելով մի կողմից՝ խոշտանգման արգելքի՝ որպես միջազգային իրավունքի jus cogens նորմի վերաբերյալ միջազգային փաստաթղթերին, Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, մյուս կողմից՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին և այդ համատեքստում՝ վաղեմության ժամկետների չկիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի արտահայտած դիրքորոշումներին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բարձրացրել էր Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին՝ խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման համապատասխանության հարցը։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատի կոլեգիան 2021 թվականի մայիսի 11-ի որոշմամբ քննության է ընդունել խորհրդատվական կարծիք ստանալու վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ