Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հունիս

Ավարտվել է «Հարսնաքար»-ի տնօրենին ազատությունից ապօրինի զրկելու գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը

Ավարտվել է «Հարսնաքար»-ի տնօրենին ազատությունից ապօրինի զրկելու գործով ևս 
մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի 30-ամյա բնակիչը, 2015թ. օգոստոսից աշխատելով Ռ.Հայրապետյանի ընտանիքին պատկանող և վերջինիս որդու սեփականությունը հանդիսացող «Նորալուսին» ՍՊ ընկերությունում՝ որպես տնօրեն, 2016թ. հունվարի 20-ից մինչև նույն թվականի մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում փաստացի Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերությունից երեք վարկային պայմանագրով ստացել է ընդհանուրը՝ 57.500.000 ՀՀ դրամ վարկ, որի մի մասը՝ 18.470.000 ՀՀ դրամը, բանկային հաշվից կատարված ուղղակի փոխանցումներով ծախսել է ՍՊ ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, 39.030.000 ՀՀ դրամը կանխիկացրել է, որից 20.000.000 ՀՀ դրամը, առանց «Նորալուսին» ՍՊ ընկերության սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող  ՍՊ ընկերություն հիմնադրելու համար, իսկ մնացած գումարով հոգացել է «Նորալուսին» ՍՊ ընկերության ծախսերը:

Հայր և որդի Հայրապետյանները, տեղեկանալով կատարվածի մասին, նպատակադրվել են նշված վարկային գումարները մարել ընկերության տնօրենի և նրա ընտանիքի անդամների միջոցներով, այդ թվում՝ իրենց պատկանող ՍՊ ընկերության համար ծախսված վարկային միջոցների վճարման պարտավորությունը նրա և ընտանիքի անդամների վրա դնել և այդ կերպ, շահադիտական դրդումներով, իրենց գույքն ուրիշի հաշվին անհատույց ավելացնելով, գույքային օգուտ ստանալ՝ իրենց նպատակին հասնելու համար ներգրավելով կրտսեր Հայրապետյանի ընկերներին:

Վերջիններս, Հայրապետյաններից ստանալով ՍՊ ընկերության տնօրենից 57.500.000 ՀՀ դրամ գումարը ցանկացած տարբերակով վերցնելու հանձնարարություն, ինքնիրավչության եղանակով այն ստանալու նպատակով, միմյանց հետ նախնական համաձայնությամբ, «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում 2016թ. հուլիսի 26-ից սկսած, կամքին հակառակ, ազատությունից ապօրինի զրկել են նրան և տևական ժամանակ պարբերաբար նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքներով, դիտավորությամբ պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելով, հարկադրել են նրան և ընտանիքի անդամներին վերադարձնել նշված գումարը:

Արդյունքում Հայրապետյանների օգտին փոխանցվել է 240.000 ՀՀ դրամ և 18.236.546 ՀՀ դրամին համարժեք՝ 38.300 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, տնօրենի տատին պատկանող առանձնատունը, նրա ընտանիքին պատկանող տաքսի ծառայության ավտոմեքենաները, ինչպես նաև՝ ընդհանուր 4 253 450 ՀՀ դրամի տարբեր արժողության ապրանքներ, այդ թվում՝ ոսկյա զարդեր, երկու ավտոմեքենա:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ևս մեկ անձի՝ երևանաբնակ 36-ամյա տղամարդուն, մեղադրանք է առաջադրվել՝ ինքնիրավչության, ազատությունից ապօրինի զրկելու և պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար:

Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու ընկերներից մեկի և ինքնությունը չպարզված 5-6 անձանց մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ