Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հունիս

«Երվանդ Ղազանչյան» թատերասրահը պաշտոնապես իր հյուրընկալ դռներն է բացել հանդիսատեսի առաջ

«Երվանդ Ղազանչյան» թատերասրահը պաշտոնապես իր հյուրընկալ դռներն է բացել 
հանդիսատեսի առաջ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թատերասերներն այսուհետ կարող են հետաքրքիր և բազմաժանր ներկայացումներ դիտել ոչ միայն Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի մեծ բեմում, այլև «Երվանդ Ղազանչյան» փոքր թատերասրահում, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայիսի 12-ին:

Բացմանը հյուրերը հնարավորություն են ունեցել վայելել Էդվարդ Ռաձինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» պիեսի հիման վրա բեմադրված «Ներոն և Սենեկա» ներկայացումը, որի բամադրիչը թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Ղազանչյանը խոստովանում է, որ իր համար շատ կարևոր իրադարձություն է այն, որ թատերասրահն ակտիվ գործելու է և հասանելի է լինելու հանդիսատեսին:

Հակոբ Ղազանչյանի հայրը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, որը երկար տարինել եղել է Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը, դեռ տասը տարի առաջ որոշել էր թատերասրահի տարածքը դարձնել փոքր բեմ: Երկար տարիներ սրահում Թատերական ինստիտուտի ուսանողներն են աշխատել դիպլոմային ներկայացումների վրա, թատրոնի ներկայացումների փորձերն են արվել, «Արմմոնո» փառատոնի ներկայացումներն են խաղացվել: Տարածքը ծառայել է թատրոնին, սակայն այն հասանելի չի եղել հանրությանը: Երվանդ Ղազանչյանի մահից հետո որոշվել է այն վերածել թատերասրահի: Թարմացվել են նստատեղերը, հատակը, տեխնիկան:

Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ դահլիճում, որը հետաքրքիր աուրա ունի, յուրահատուկ նախագծեր կիրականացվեն, ներկայացումներ կբեմադրվեն, որոնք ժանրային սահմանափակումներ չեն ունենա: Ղազանչյանը դեռ չի բացում փակագծերը, բայց խոստանում է մանրամասներ հայտնել մոտ օրերս:

Անդրադառնալով մեծ բեմին և հրավիրյալ ռեժիսորներին՝ նա նշում է, որ արդեն աշխատում են Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Սամսոն Մովսեսյանի հետ, աշխատելու են Ռուսական թատրոնի ռեժիսոր Նորա Գրիգորյանի հետ, նախատեսում են համագործակցել նաև Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Նարինե Գրիգորյանի հետ:  Ծրագրերն ու հրավերները շատ են:

«Երվանդ Ղազանչյան» թատերասրահի բացմանը հրավիրված են եղել թատրոնների ղեկավարներ, անվանի դերասաններ, պաշտոնյաներ և այլ հյուրեր, որոնք հաճույքով են դիտել «Ներոն և Սենեկա» ներկայացումը, որը փոքր բեմի խաղացանկում է:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Հակոբ Ղազանչյանն ասել էր՝ պիեսը բոլոր ժամանակների համար է: Ռեժիսորը Ռաձինսկու պիեսն առաջին անգամ լսել է Մայակովսկու թատրոնում հենց հեղինակի ընթերցմամբ: «Ուսանող էի և գուցե լրիվ խորությամբ չկարողացա պատկերացնել, թե ինչի մասին է այն, բայց հիմա կարծում եմ, որ այն բոլոր ժամանակների համար է: Պիեսը ոչ թե բարոյախոսություն է քարոզում հանդիսատեսին, այլ նախազգուշացնում է»,- ընդգծել էր Ղազանչյանը:

Անժելա Համբարձումյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ