Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ակնաշենի պեղումների արդյունքները կամփոփվեն մենագրությամբ. Կառնուտում աշխատանքները կվերսկսվեն

Ակնաշենի պեղումների արդյունքները կամփոփվեն մենագրությամբ. Կառնուտում 
աշխատանքները կվերսկսվեն

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնհինգ տարի Ակնաշենի նեոլիթ-էնեոլիթյան բնակատեղիում իրականացված պեղումների արդյունքներն ամփոփվելու են մենագրության մեջ, որը հավանաբար լույս կտեսնի 2021 թվականին, իսկ Շիրակի մարզի Կառնուտ համայնքի վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտում  ամռանը կվերսկսվի պեղումների գործընթացը:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Ակնաշենի և Կառնուտի պեղումների արշավախմբի ղեկավար Ռուբեն Բադալյանը:

«Ակնաշենում առաջիկայում պեղումներ չեն լինելու, քանի որ ամփոփում ենք արված աշխատանքը՝ 15 տարվա արդյունքները: Պետք է ինչ-որ փուլում կանգ առնել և հասկանալ, թե ինչ տվյալներ ենք ստացել այս տարիների ընթացքում և ինչ ենք անելու հետագայում»,-նշեց հնագետն ու հավելեց, որ Ակնաշենում պեղումներ իրականացնելիս շեշտը չեն դնում գտածոների վրա, այլ ուշադրություն են դարձնում օրինաչափություններին, պատմական ընթացքին, տեխնոլոգիաների զարգացմանը, հուշարձանին և այն մշակույթին, որը բնութագրում է հուշարձանը:

Նրա խոսքով՝ Ակնաշենի հուշարձանն ու մշակույթն ընդհանրապես Հայաստանի խեցեգործության, բնակարանաշինության և մետաղագործության լավագույն օրինակներն են:

Անդրադառնալով Կառնուտի պեղումներին՝ Բադալյանն ընդգծեց, որ հունիս, հուլիս, օգոստոս ամիսներին են այնտեղ աշխատում: Կառնուտում գործ ունեն Կուր-Արաքսյան մշակույթի հետ, որը տարածված էր մ.թ.ա. չորրորդ և երրորդ հազարամյակներում Հայկական լեռնաշխարհում և նույնիսկ լեռնաշխարհի սահմաններից դուրս: Արշավախումբը պեղումների ընթացքում Կառնուտում բավականին մեծ տարածք է բացել, որտեղ ֆիքսել են հուշարձանի հատակագիծը, ճարտարապետությունը, բնակչության ապրելակերպի մասին մանրամասներ:

Կառնուտի պեղումներն իրականացվում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ֆինանսավորմամբ և ինստիտուտի աշխատակիցների ջանքերով, բայց առանձին դեպքերում, երբ հատուկ ուսումնասիրությունների անհրաժեշտություն է առաջանում, համագործակցում են եվրոպացի և ամերիկացի մասնագետների հետ:

ՀՀ Արմավիրի մարզի Ակնաշենի նեոլիթ-էնեոլիթյան բնակատեղիում պեղումներ են իրականացվել դեռևս 2004 թվականից: Այն Կովկասի ամենալայն ուսումնասիրված հուշարձանն է՝ Քասախ գետի ստորին հատվածում` Վերին Խաթունարխ վայրում: Պեղումներն իրականացվել են հայ-ֆրանսիական համագործակցությամբ: Համալիր ուսումնասիրությունների մասին մի քանի հրատարակություն կա:

Շիրակի մարզի Կառնուտ համայնքի վաղ բրոնզեդարյան դամբարանադաշտում  պեղումներ են իրականացվել դեռ 1981 թվականին, հետո պեղումներն այնտեղ դադարեցվել են: Գյուղատնտեսական, շինարարական աշխատանքների արդյունքում հուշարձանը վնասվել էր: Հուշարձանի տարածքում մեծ ծավալի աշխատանքների արդյունքում հայտնաբերված բնակատեղին սկզբունքորեն փոխում է պատկերցումները հուշարձանի չափերի, ժամանակագրության մասին: Համեմատաբար փոքր, շարքային բնակատեղու փոխարեն հնագետներն արդեն գործ ունեն 7-8 հա տարածքի հետ: Հայաստանում համեմատաբար քիչ են այն հուշարձանները, որտեղ հավասարաչափ ուսումնասիրված են թե՛ բնակատեղին,  թե՛ դամբարանադաշտը: Արշավախումբը սովորաբար շեշտը դնում է կա՛մ մեկի, կա՛մ մյուսի վրա, իսկ Կառնուտում համալիր ուսումնասիրություն կատարելու հնարավորություն ունեն:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]