Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրը նշվեց վարդատունկով և յուրօրինակ համերգային կատարումներով

Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրը նշվեց վարդատունկով և յուրօրինակ 
համերգային կատարումներով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրվա առթիվ մայիսի 11-ին արվեստագետները, պաշտոնյաներն ու Սպենդիարյանի երաժշտության երկրպագուները հեղինակի ստեղծագործությունների ներքո ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին:

Կոմպոզիտորի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբն ու երգչախումբն էլ Սպենդիարյանի արձանի մոտ հետաքրքիր մեկնաբանությամբ կատարեցին նրա գործերը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ 1928 թվականի մայիսի 7-ին, երբ Ալեքսանդր Սպենդիարյանը կնքել է իր մահկանացուն, նրա մտերիմ ընկեր Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ որոշվել է կոմպոզիտորի աճյունն ամփոփել կառուցվելիք ժողովրդական տան այգում, որը հետագայում դարձել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնի բակը: «Ասում են՝ Թամանյանն անձամբ էր մշակում  ընկերոջ շիրիմի վարդերն ու հոգ տանում, որ դրանք միշտ դալար մնան: Որոշեցինք ժամանակի մտավորականության, մեր հասարակության միջոցով վերականգնել այդ ազնվագույն ավանդույթն ու կոմպոզիտորի շիրիմին իրականացնել վարդատունկ»,-ասաց Օթարյանը:

Տնօրենի խոսքով՝ Սպենդիարյանի հիշատակի օրը, որն ավանդաբար նշվում է մայիսի 7-ին, լավ առիթ է ևս մեկ անգամ խոսելու այն մեծ ժառանգության մասին, որ նա թողել է հայ երաժշտարվեստում, որով պետք է առաջնորդվել:

Անդրադառնալով Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված միջոցառումներին՝ Օթարյանն ընդգծեց, որ նախատեսվում են համերգային ծրագրեր, գիտաժողովներ, հրատարակություններ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Սպենդիարյանի տուն-թանգարանը նախապատրաստում է սկավառակով ալբոմ, որի ձայնագրությունը կիրականացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, իսկ ալբոմի ամբողջ նյութը պատրաստում է կոմպոզիտորի տուն-թանգարանի գիտական կազմը: Արդեն պատրաստ է Գեորգի Բուդաղյանի «Ալմաստ»-ի գործիքավորման մասին գիրքը:

Սիրված կոմպոզիտոր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, որը նույնպես ծաղիկներ խոնարհեց Սպենդիարյանի շիրիմին, նշեց, որ գավառական Երևանում Սպենդիարյանի հայտնվելը շքեղություն էր: «Նա աչքի էր ընկնում հղկվածությամբ, իմացությամբ և մտերիմների այնպիսի շրջանակով, որոնցով հպարտանում էին բոլորը: «Երևանում նա իր առաջին քայլերն արեց որպես հայ մեծ դասական, ստեղծեց «Երևանյան էտյուդներ»-ը, որը պետք է կատարեր սիմֆոնիկ նվագախումբը: Այն նվագախմբի կատարմամբ ներկայացնելը մեծ իրադարձություն էր»,-պատմեց մաեստրոն ու հավելեց, որ պարբերաբար այցելում է Սպենդիարյանի շիրիմին և խորին ակնածանք արտահայտում մեծ կոմպոզիտորին:

Օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Պապյանն էլ նշեց, որ 1924 թվականին Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով Սարյանը, Թամանյանը, Սարաջևը եկան Հայաստան և շենացրին այն: Երգչուհին խոստովանեց՝ եթե իրեն հարցնեն, թե մենք այսօր ինչ օպերա ունենք, որով կարող ենք ներկայանալ աշխարհին, առաջին հերթին կասի՝ «Ալմաստ»-ը, որը չափազանց արժեքավոր ստեղծագործություն է:

Միջոցառումն իրականացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Ալ.Սպենդիարյանի տուն-թանգարանի համագործակցությամբ:

Ալեքսանդր Աֆանասի Սպենդիարյանը (Սպենդիարովը) ծնվել է 1871 թվականի հոկտեմբերի 10-ին ռուսական Կախովկա քաղաքում: Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից, որը դաշնամուրի ուսուցչուհի էր: Ստեղծագործել սկսել է 7 տարեկանից, իսկ 9 տարեկանից դաշնամուր և ջութակ նվագել է սովորել: 1890-ին պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա: Սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Զուգահեռ նվագել տարբեր անսամբլներում և համալսարանի ուսանողական նվագախմբում: Դեռ մանկության տարիներից նրան ծանոթ էր Ղրիմի ազգային երաժշտական ոճը: Երկար տարիներ բնակվել է Ղրիմում և ծավալել երաժշտական ակտիվ գործունեություն: Ղեկավարել է բազմաթիվ երաժշտական նվագախմբեր, հիմնել է տասնյակ երաժշտական դպրոցներ, մշակել է բազմաթիվ երգեր և ստեղծագործություններ: Հեղինակային համերգաշարերով հանդես է եկել Ռուսաստանի խոշոր քաղաքներում: 1924 թվականին հաստատվել է հայրենիքում և ակտիվ մասնակցել Հայաստանի գիտության և արվեստի ինստիտուտի, պետական կոնսերվատորիայի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության հիմնադրման աշխատանքներին: Իր ստեղծագործական կարիերայի բուռն ծաղկման շրջանում ստեղծել է այնպիսի հրաշալի գործեր, ինչպիսիք են «Ալմաստ» օպերան, «Երևանյան էտյուդներ» և «Ղրիմի էսքիզներ» ստեղծագործությունները: Սպենդիարյանի ստեղծագործություններն առանձնանում են իրենց ազգային դիմագծին հավատարիմ մնալու յուրահատկությամբ, ռիթմիկությամբ, բանաստեղծականությամբ և քնարականությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]