1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Դումանյանը հանդիպել է ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Դումանյանը հանդիպել է ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը Երևանի պետական համալսարանում հանդիպել է գիտական խորհրդի անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Վահրամ Դումանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխությունները` հոգաբարձուների խորհրդի անդամների թվի և կողմերի ներկայացվածության համամասնության վերաբերյալ:

Ըստ աղբյուրի՝ դիմելով գիտական խորհրդի անդամներին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ԵՊՀ կանոնադրությունում փոփոխություն կատարելու նպատակը Մայր բուհում կառավարման հնարավոր վակուումը բացառելն է: Ներկայացնելով խնդրի նախապատմությունը`  Դումանյանը նշել է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Գևորգ Մուրադյանի հրաժարականից հետո՝ ՀՀ վարչապետի  որոշմամբ 2020 թվականի դեկտեմբերի 24-ին, համալրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը` առանց նախագահի, քանի որ նախագահի ընտրությունը, համաձայն կանոնադրության, պետք է կատարեր խորհուրդը:

Սակայն 2021 թվականի հունվարի 29-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում նախագահ չի ընտրվել: Առաջադրված երկու թեկնածուներից որևէ մեկը բավարար թվով «կողմ» ձայներ չի ստացել: Դրանից հետո խորհրդի անդամները նախաձեռնել են աշխատակարգի փոփոխություն, որի նպատակն էր` խորհրդի քարտուղարին  օժտել նախագահի ընտրությունը կազմակերպելու կառավարչական լիազորությամբ:

«Ես անձնապես այն կարծիքին եմ, որ դրա անհրաժեշտությունն անգամ չկար, որովհետև խորհուրդը կարող էր հաջորդ անգամ ևս նիստ գումարել` նույն ընթացակարգով, ինչ առաջին անգամ և ընտրել նախագահ: Ինչևէ, աշխատակարգում կատարված փոփոխության տեքստը, սակայն, ինչպես հետագայում պարզվեց, խորհրդի անդամների քվեարկությունից հետո խմբագրվել և փոփոխվել էր: ԵՊՀ կայքում հրապարակվել էր փաստաթուղթ, որը չէր քննարկվել ու չէր քվեարկվել: Այսքանն էլ դեռ բավական չէ, հաջորդաբար հրավիրվել էր խորհրդի նիստ, որի օրակարգում  հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարց ընդհանրապես ներառված չէր, որն այդ պահին ամենագլխավորն էր բուհի հետագա բնականոն աշխատանքի համար»,- նշել է նախարարի պաշտոնակատարը և հավելել, որ աշխատանքային ոչ բարենպաստ մթնոլորտը, ի վերջո, հանգեցրել է մի վիճակի, երբ հրաժարական են ներկայացրել խորհրդի 32 անդամից 16-ը՝ հիմնականում հիմնադրի և լիազոր մարմնի կողմից ներկայացվածները: Ըստ էության, ԵՊՀ խորհուրդն այժմ լուծարված է:

ԿԳՄՍ նախարարությունից նաև հայտնում են, որ այդ ընթացքում հրաժարական է ներկայացրել նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը` խնդրելով սույն թվականի մայիսի 17-ից իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից: Վահրամ Դումանյանի խոսքով, որպեսզի ԵՊՀ-ում կառավարման վակուում չստեղծվի, Մայր բուհը գոնե պետք է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ունենա, իսկ դրա համար պետք է ձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, որն իրավասու է  ընտրել ռեկտորի պաշտոնակատար: Հենց այդ խնդիրը նկատի առնելով` ԿԳՄՍ նախարարությունը հրատապ կարգով նախաձեռնել է կանոնադրական փոփոխությունները և սահմանել խորհրդի կազմի ձևավորման նոր սկզբունք, ըստ որի՝ հիմնադիրը պետք է ունենա առավելագույն ներկայացվածություն` 55 տոկոս: Խորհրդում ընդգրկված մյուս երեք կողմերից լիազոր մարմինն ու դասախոսական կազմը ներկայացված են 10-ական, իսկ ուսանողությունը` 25 տոկոսով: Նախկինում բոլոր կողմերը ներկայացված էին 25-ական տոկոս համամասնությամբ, որը, ինչպես ցույց տվեց փորձը, ճգնաժամային փուլում խոցելի էր:

Պատասխանելով գիտական խորհրդի անդամների` համամասնությունները փոխելու վերաբերյալ հարցին, Դումանյանը նշել է. «Իմ կարծիքով` հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ: Պետք է լինեն ոչ թե ուսանողներ և դասախոսներ, այլ հոգաբարձուներ, որոնք պետք է ունենան ֆինանսական և գործնական լայն հնարավորություններ, որպեսզի իրենց որոշումներով հնարավոր լինի լրջագույն փոփոխություն կայացնել տվյալ հիմնադրամում»:

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ կատարված փոփոխությունը գործող որևէ իրավակարգավորման չի հակասում: Նա նաև համոզմունք է հայտնել, որ պետական բուհի հիմնադիրը, անկախ այն հանգամանքից, թե ով է տվյալ պահի իշխանությունը, պետք է ուժեղ լինի և իր կողմից հիմնադրված բուհում ունենա որոշում կայացնելու հնարավորություն` չմիջամտելով մասնագիտական հարցերին, չխոչընդոտելով ակադեմիական ազատությանը և բուհական ինքնավարությանը:

ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխության առնչությամբ ԵՊՀ գիտական խորհուրդը տարածել է հայտարարություն` դիմելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և առաջարկելով հարցը ներկայացնել Սահմանադրական դատարանի քննարկմանը: Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է, որ բարձր դատարանի որոշումները, իհարկե, չեն կարող քննարկվել, սակայն մինչ այդ ձեռնարկվել է քայլ` այս պահին առաջացած հրատապ խնդրի լուծման նպատակով` բացառելու ԵՊՀ-ի կառավարման փակուղին:

«Ես համոզված եմ, որ մենք բոլորս ունենք մեկ ընդհանուր նպատակ` նպաստել ԵՊՀ զարգացմանը: Միգուցե տարբեր են մեր պատկերացրած ճանապարհները, սակայն նպատակը, վստահ եմ, ընդհանուր է»,- նշել է Դումանյանը:

Գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը փաստել է, որ հրաժարական ներկայացնելն իր անձնական որոշումն է եղել, չի պատրաստվում դիմումը հետ վերցնել, սակայն պատրաստ է մինչև հոգաբարձուների խորհրդի ձևավորումը կատարել պաշտոնակատարի պարտականությունները:

Գիտխորհրդի անդամները նախարարի պաշտոնակատարին ուղղել են խորհրդի ձևավորման նոր կարգին առնչվող մի շարք հարցեր, ներկայացրել առաջարկություններ և մտահոգություններ` ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]