Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հունիս

ՖԽՎ անդամները պատրաստակամ են օժանդակել ԼՂ հակամարտության առնչությամբ Լենա Նազարյանի բարձրացրած հարցերի լուծմանը

ՖԽՎ անդամները պատրաստակամ են օժանդակել ԼՂ հակամարտության առնչությամբ 
Լենա Նազարյանի բարձրացրած հարցերի լուծմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մայիսի 10-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներ Ժան-Շառլ Լուպերտոյի, Սոֆի Մետի, Աուրորա Մադաուլայի, Ջոշուա Օսիհի, Էմանուել Մորիի ու Ֆատմիր Լեչիի հետ: Հանդիպմանը մասնակցել է ՖԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության այցը Հայաստան նախատեսված է եղել դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին, սակայն պայմանավորված հայտնի իրադարձություններով` հետաձգվել է:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը նշել է, որ նոյեմբերից մինչ այսօր շատ իրադարձություններ են տեղի ունեցել մեր երկրում. «Հայաստանը ծանր ու դժվար պատերազմի միջով անցավ: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Ադրբեջանը խախտեց ղարաբաղյան կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պայմանավորվածությունը»:

Ըստ աղբյուրի՝ խորհրդարանի փոխնախագահն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն քաղաքական խնդիր է, որը դեռ լուծված չէ:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է նաեւ, որ Հայաստանը շրջափակված երկիր է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են նաև, որ հանդիպմանը կարեւորվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, որը յոթ ամիս անց դեռեւս չի լուծվել:

Նա ընդգծել է, որ միջազգային կառույցների ճնշումն այս առումով ավելանում է նաեւ ֆրանսիացի գործընկերների միջոցով, ինչի համար փոխխոսնակը շնորհակալություն հայտնեց:

ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխանցեց իրենց անկեղծ, ջերմ ու համերաշխ վերաբերմունքը հայերի նկատմամբ: Նա խնդրեց ներկայացնել իրավիճակն արտացոլող փաստերի առաջնահերթությունը գործընկերներին փոխանցելու եւ համապատասխան բանաձեւ պատրաստելու համար:

Լենա Նազարյանը, ներկայացնելով գործողությունների առաջնահերթությունը, առանձնացրեց ռազմագերիների վերադարձին, Արցախում մշակութային արժեքների պահպանությանը եւ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերը: Այս համատեքստում փոխնախագահը կարեւորեց բանակցությունների՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի վերականգնումը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները պատրաստակամություն հայտնեցին օժանդակելու բարձրացված հարցերի լուծմանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ