Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մենաշնորհներ և բիզնեսում «փայ մտնելու» խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան

Մենաշնորհներ և բիզնեսում «փայ մտնելու» խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ինչ-որ բան ներմուծելու, արտահանելու համար մենաշնորհ ունեցողներ չկան, որևէ մեկի բիզնեսում «փայ մտնողներ»՝ ևս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը:

Փաշինյանը նշեց՝ 4-5 տարի առաջվա մամուլը բացելիս կարելի է տեսնել հրապարակումներ, թե ինչպես է հարկայինն ավելի գումար ուզել տնտեսավարողից: «Դրա անունը դրել էին գերավճար: Օրենսդրությամբ սահմանված հաշվետվությամբ՝ բիզնեսը պետք է 100 դրամ վճարեր, բայց բիզնեսից ուզում էին 150 դրամ, որպեսզի հարկային եկամուտների պլանը կատարեն: 2018-ից հետո բոլորը մոռացել են, որ այդպիսի թեմա երբևէ ՀՀ-ում գոյություն է ունեցել: Դուք այսօր չեք տեսնի մի բիզնես, որ ասի, թե հարկայինն իրեն «քերում է» և ավելի գումարներ է ուզում»,-ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց՝ եթե նույնիսկ այդպիսի դեպքեր լինեն, դրանք բոլորը հետագայում բողոքարկման հանձնաժողովում կլուծվեն:

«Բոլորը մոռացել են, որ ՀՀ-ի տնտեսության 30 տարվա պատմության մեջ ամենաակտուալ թեմաներից մեկը, այսպես ասած, «փայ մտնելու» թեման էր: Դուք 2018-ից հետո լսե՞լ եք, որ որևէ մեկը որևէ բիզնեսի մեջ «փայ մտնի»: Դուք որևէ տեղ լսե՞լ եք, որ որևէ մեկը մտածի՝ իր սեփականությունը կշարունակի՞ իր սեփականությունը մնալ, թե՞ ինչ-որ մեկը կգա ու կասի, որ սեփականության ինչ-որ տոկոսն իրենն է»,-ասաց Փաշինյանն ու հավաստիացրեց, որ հիմա նման դեպք չկա:

2019-ին 43 տոկոսով ավելացվել են պետական բյուջեի եկամուտները՝ դա հարկային դրույքաչափերի և հարկային բեռի նվազեցման պայմաններում: Փաշինյանը խոսեց նաև մենաշնորհներից: «Բոլորը մոռացել են, որ ՀՀ-ում եղել են մարդիկ, որոնք իրավունք են ունեցել կոնկրետ ինչ-որ բան ներմուծելու, մյուսներն իրավունք չեն ունեցել: Այդ թեման չկա: Որևէ մեկը լսե՞լ է , որ 2018-ից հետո մեկը ինչ-որ բան ներմուծելու կամ արտահանելու մենաշնորհ ունի: Չի կարող լինել այդպիսի բան»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ հարկային հավաքագրումների առումով բազմաթիվ բաներ կան, որ երրորդ հանրապետության պատմության ընթացքում տեղի են ունեցել առաջին անգամ: «Նույնիսկ հետպատերազմական և ճգնաժամային այս շրջանում 1 ամսվա հարկային հավաքագրումների բացարձակ ռեկորդ ենք սահմանել: Երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում չի եղել մի ամիս, որ մեկ ամսվա կտրվածքով 180 մլրդ դրամ հարկային եկամուտ ապահովվի»,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը ինստիտուցիոնալ, դարակազմիկ փոփոխություն համարեց նաև գույքահարկի ռեժիմում կատարված փոփոխությունները: Փաշինյանի վստահեցմամբ՝ գույքահարկի վերաբերյալ օրենսդրության մեջ կատարվել են փոփոխություններ, որոնք և քաղաքական, և ֆիսկալ, և սոցիալական արդարության առումով լրջագույն խնդիր են լուծել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]