Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մայթը՝ հետիոտնին. մայրաքաղաքում մեկնարկել է հատուկ արգելապատնեշների տեղադրման ծրագիրը

Մայթը՝ հետիոտնին. մայրաքաղաքում մեկնարկել է հատուկ արգելապատնեշների 
տեղադրման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայթային հատվածը հետիոտնին վերադարձնելու և մեքենաների կայանումը մայթերին բացառելու նպատակով մայրաքաղաքում մեկնարկել է հատուկ արգելապատնեշների տեղադրման ծրագիրը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մայթերն ամբողջությամբ զբաղեցված են լինում մեքենաներով և մարդկանց տեղաշարժը հաճախ դառնում է դժվարին, իսկ այն մարդիկ, ովքեր տեղափոխվելու խնդիր ունեն, օրինակ, հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիները, ինչու չէ, նաև սայլակով երեխաներին տեղափոխոխ մայրերը լրջագույն խնդրի առաջ են կանգնում և ստիպված են լինում դուրս գալ փողոցի բանուկ հատված»,- նշում է Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը:

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագիրն ընդգրկում է բոլոր վարչական շրջանները: 2021-ին ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կտեղադրվի 610 թուջե արգելապատնեշ:

«Վարչական շրջանները, Ճանապարհային ոստիկանությունը մեզ ցանկ են տրամադրում, և ըստ դրա տեսնում ենք, թե որտեղ ինչ ծավալի աշխատանք կարող ենք իրականացնելու: Կենտրոնում արդեն իսկ 60 հատ տեղադրել ենք, Շենգավիթում 30 հատ է նախատեսված, և այսպես ծրագիրը կիրականացնենք բոլոր անհրաժեշտ տեղերում»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Խնդրահարույց վայրերից մեկն էլ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքն էր, բայց հիմա արդեն մայթն ամբողջությամբ հետիոտնինն է:
«Ես հասկանում եմ, իհարկե, վարորդներին, որովհետև շատ հաճախ ուղղակի տեղ չի լինում կայանելու, բայց համաձայն չեմ այն մտքին, որ տեղ չլինելը մայթերին կայանելու պատճառ կարող է լինել»,- նկատում է Լևոն Զաքարյանը:

Ճանապարհային ոստիկանությունը մայթերին փոխադրամիջոցների կայանումն արգելելու վարչական լծակ ունի: Վարչական իրավախախտումների մասին օրենքն, ի դեպ, այս առումով պատասխանատվություն է նախատեսում։

«Տուգանքներ են նախատեսված 5000 դրամի չափով, եթե վարորդը կանգառ է կատարում մայթին, իսկ եթե մեքենան կայանում է մայթին՝ տուգանքը 20 հազար դրամի է հասնում»,- ասում է ՀՀ ՃՈ առաջին գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը:

2020թ. մայթին կանգառելու, ինչպես նաև կայանելու համար կազմվել է 702 արձանագրություն, 2021-ի մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 138:

«Կարգախմբերը շրջում են քաղաքում, և որտեղ վարորդին հայտնաբերում են՝ տուգանում են, իսկ եթե վարորդները չեն հայտնաբերվում՝ քարշակով մեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք»,- նշում է Աղասի Խաչատրյանը:

Տեղադրվող արգելապատնեշներն, իհարկե, տվյալ տարածքներում կլուծեն խնդիրը, Ճանապարհային ոստիկանությունն էլ պետք է էլ ավելի խստացնի հսկողությունը, սակայն խնդիրը համալիր լուծելու համար նախ յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է գիտակցի քաղաքին ու իր համաքաղաքացիներին իր գործողության հետևանքով պատճառվող վնասը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]