Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

«Բոլորիս Ալենը»․ լույս տեսավ պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մասին պատմող գիրքը

«Բոլորիս Ալենը»․ լույս տեսավ պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի մասին պատմող գիրքը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մասին պատմող գրքի շնորհանդեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի հրատարակումն Ալենի ընկերների և ծնողների նախաձեռնությունն է։ Այն կոչվում է «Բոլորիս Ալենը»։ Այստեղ տեղ են գտել Ալենի ընկերների, հարազատների, ուսուցիչների, դասախոսների սրտի խոսքերը։

Գիրքը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը։

Գիրքը անգամ մակագրված է Ալենի ձեռագրով ու գրված հենց իր մտքերից մեկը՝ «Հուսով եմ մի օր բոլորը կհասնեն մտքի այն հասունությանը, որ գիրք նվեր ստանալուց մեր պես ուրախանան»։

Գրքի համահեղինակ, Ալենի մտերիմ ընկերներից մեկը՝ Շողակաթը, պատմեց այդ մակագրության նախապատմությունը՝ պատերազմական ծանր օրերին նա բազմիցս թերթել է Ալենից նվեր ստացած գրքերը, որոնց վրա երկտողեր կային։

«Կարծեցի, որ բոլորն էլ կցանկանային, որպեսզի Ալենի մակագրությամբ լինեին իր մասին պատմող գրքերը և որոշեցի առաջարկել, որպեսզի բազում մակագրություններից մեկը տեղադրել գրքի սկզբում։ Այդպիսով, յուրաքանչյուր ոք, ով ձեռք կբերի Ալենի մասին պատմող գիրքը, կունենա նաև նրանից մի մասնիկ»,- նշեց ընկերը։

Նա շեշտեց, որ Ալենի անունն արդեն վաղուց դարձել էր գրքի հոմանիշ, դրա համար մտածել էին, որ նրան նվիրված գիրք ստեղծելուց ավելի լավ մտահղացում չի կարող լինել։

«Երկար ամիսների աշխատաքով ստեղծել ենք այս գիրքը, որտեղ չկա չափազանցվածություն, ավելորդ հուզականություն, դրամատիկ և վերամբարձ խոսքեր։ Այստեղ տեղ են գտել Ալենի մասին պատմող ջերմ խոսքեր, լուսավոր ու անկեղծ հուշեր»,- նշեց Շողակաթը։

Նա հույս հայտնեց, որ ընթերցողին կփոխանցվի այն սերը, որ բոլորը տածում են Ալենի նկատմամբ։

Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր տղան ի ծնե մեծ մանկավարժի, կրթողի, մեծ ինտելեկտուալի չափանիշ էր։

«Ավելի լավ միջոց, քան գիրքն է, որ կարող էին տարածել Ալենի գաղափարները, հնարավոր չէր։ Ալենին միշտ ասոցացնում ենք գրքի ու գրականության հետ, գիրքը նրա կյանքի անբաժանելի մասն էր։ Գրքում Ալենի մասին պատմող տողերից և ոչ մեկը հատուկ չի խմբագրվել, ուղղակի անկեղծ գրվել է այն, ինչ մտածել կամ հիշել են նրա մասին»,- նշեց տիկին Նազելին և հավելեց, որ հիմնվելու է հիմնադրամ, որի միջոցով օգնություն է տրամադրվելու հատկապես այն տղաներին, ովքեր կցանկանան իրենց ուսումը շարունակել արտերկրում։ Մայրը նաև շեշտեց, որ ցանկանում է որդու անվան դպրոց հիմնադրել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա ասաց, որ Ալենի ուսումնասիրած գրականությունը բազմաժանր է եղել, սակայն հատկապես առանձնացրել և բարձրագույն գրականություն է համարել մանկականը։

«Նա փոքր տարիքից ստեղծագործել է, հեքիաթներ գրել, որոնք տպվում էին մի շարք ամսագրերում ու թերթերում։ Տղաս Անտուան դը սենտ Էքզյուպերիին էր շատ գնահատում և «Փոքրիկ Իշխանը» ստեղծագործությունն իր համար գրքերի գիրքն էր։ Սրտի խորքում էլ նա փայփայում էր «Հարրի Փոթեր»-ը։ Սակայն այժմ չեմ ցանկանա շատ առանձնացնել, քանի որ նա, իրոք, շատ էր հետաքրքրված գրականությամբ, ինչի ապացույցն էր նրա հնգալեզու գրադարանը՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, լիտվերեն և ռուսերեն»,- ասաց տիկին Նազելին։

«Զանգակ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի մասնագետ Գայանե Ավդալյանը նշեց, որ գիրքը տպագրվել է 1500 օրինակով, սակայն հետագայում կլինի նաև երկրորդ հրատարակություն։

«Գրքի հասույթը որպես կրթաթոշակ փոխանցվելու է իր երկու ընկերոջը, ովքեր պատրաստվում են իրենց կրթությունը շարունակել արտասահմանում։ Ծրագիրը շարունակական է լինելու, ամեն ինչ չի սահմանափակվելու միայն գրքով, հետագայում կլինեն նաև այլ մտահղացումներ»,- նշեց Ավդալյանը։

Շնորհանդեսն ուղեկցվեց նաև համերգային ծրագրով՝ «Կադանս» անսամբլի, inRock Quintet-ի և անհատ կատարողների մասնակցությամբ:

Ալեն Մարգարյանը ծնվել է 1999 թվականի փետրվարի 11-ին Երևանում։ 2005-2013 թվականներին սովորել է Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում։ Չբավարարվելով դպրոցական գիտելիքներով՝ մասնակցել է արտադասարանական մի շարք խմբակների՝ պարի, թատերական, լողի և այլն։ Հիմնական դպրոցը գերազանց ավարտելուց հետո ընդունվել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց ու այն ևս ավարտել գերազանց։ Դպրոցին զուգահեռ ակտիվորեն հաճախել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Ֆիլմարվեստի հանդեպ մեծ հետաքրքրությունն ու սովորելու ձգտումը նրան դարձնին մեդիա ոլորտի վառ ուսանողներից և Tumo News (Teen) ստարտափի համահիմնադիրներից մեկը։

Ալենը հասցրել էր լինել նաև քսանից ավելի երկրում։ 2020 թվականին՝ բակալավրիատը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո, ընդունվել էր Բոստոնի համալսարան՝ սոցիալական աշխատանք և կրթության կառավարում կրկնակի մագիստրոսական ծրագրով։ Ընդունվել էր, սակայն սկզբում որոշել էր իր պարտքը կատարել հայրենիքի առաջ ու նույն թվականի ամռանը զորակոչվել էր բանակ։ Ալենը զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, Մատաղիսում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]