Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Ազգընտիր վեհափառը. նրա գահակալության օրոք վեր հառնեց հայոց եկեղեցին

Ազգընտիր վեհափառը. նրա գահակալության օրոք վեր հառնեց հայոց եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անուրանալի է Հայոց առաքելական եկեղեցու ազգանվեր դերակատարությունը մեր պատմության թե դժվարին եւ թե հերոսական մաքառումների դարակազմիկ հանգրվաններում: Դարերի ընթացքում շատ ու շատ սրբազան հայրերի անուններ են ոսկետառվել մեր մատենագրության չխամրող էջերում, իսկ կաթողիկոսներից մի քանիսի կերպարը լուսապսակվել է համաժողովրդական սիրով ու անմարելի հիշողությամբ: Հիշենք Մկրտիչ Խրիմյանին, որին ազգը Հայրիկ պատվանունը շնորհեց: Հիշենք Վազգեն Ա կաթողիկոսին: Հարգանքով հիշատակելի են նրանցից շատերի անունները: Ուստի իր ծննդյան օրվա առիթով վերհիշենք նաեւ Գեւորգ Զ Չորեքչյան վեհափառ հորը, որը գահակալեց, հիրավի, ծանր ու յուրաքանչյուր ակնառու անհատի համար վտանգավոր՝ ստալինյան արհավիրքների ժամանակաշրջանում…

Հայոց 129-րդ կաթողիկոսը ծնվել է 1868 թ. դեկտեմբերի 2-ին, Նոր Նախիջեւան քաղաքում: Տեղի ծխականն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: 1889 թ. ձեռնադրվել է սարկավագ եւ Մակար Ա կաթողիկոսի տնօրինությամբ նույն թվականին մեկնել Գերմանիա՝ հինգ տարի ուսանելով Լայպցիգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում եւ նույն քաղաքի կոնսերվատորիայում: Վերադառնալով հայրենիք, մեկ տարի երաժշտություն է դասավանդել հարազատ կրթօջախում, ապա մեկնել ծննդավայր՝ այնտեղ ծավալելով մանկավարժական, հայրենասիրական եւ երաժշտական ակտիվ գործունեություն: 1913 թ. Գեւորգ Ե կաթողիկոսը նրան հրավիրում է Մայր Աթոռ, ձեռնադրում վարդապետ եւ կրկին Նոր Նախիջեւան ուղարկում՝ այս անգամ արդեն առաջնորդական տեղապահի պաշտոնով: Այստեղ հայրենասեր հոգեւորականը 1915 թ. հայկական նախճիրից փրկվածների Եղբայրական օգնության կոմիտեի կազմում էր, մեկ տարի անց՝ դրա նախագահը:

1916 թ. Գեւորգ վարդապետ Չորեքչյանը վերադառնում է Մայր Աթոռ, որոշ ժամանակ անց արժանանում ծայրագույն վարդապետության աստիճանի, ապա նշանակվում Սինոդի անդամ: 1917-ին ձեռնադրվում է եպիսկոպոս՝ դառնալով վանական կառավարության նախագահ եւ Մայր Տաճարի լուսարարապետ: Հինգ տարվա նվիրական աշխատանքից հետո նա է Վիրահայոց թեմի առաջնորդը մինչեւ 1927 թ.: Մինչ այդ նրան արքություն էր շնորհվել, դարձել էր Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ: 1938 թ. կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի եղերական մահից հետո, համաձայն նրա թիվ 620 կոնդակի, նշյալ թվականի ապրիլի 10-ից Չորեքչյանը ստանձնում է Հայ եկեղեցու գործերի ղեկավարումը: 1941 թ. գարնանը Ազգային եկեղեցական ժողովում ընտրվում է կաթողիկոսական տեղապահ, իսկ 1945 թ. հունիսի 16-22-ը Մայր Աթոռում հրավիրված Ազգային եկեղեցական ժողովը Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրում Գեւորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին: Ճիշտ ընտրություն՝ վեհափառի աթոռին, հիրավի, խիզախ եւ ազգանվեր հոգեւոր առաջնորդ էր վիճակվել…

Հայրենական պատերազմ. ծայրահեղ ծանր փորձություն մեծ հայրենիքի, մանավանդ եղեռնագործ երկրի հարեւանությամբ ապրող մեր ժողովրդի համար: Շուրջ 6 000 000 հայորդիներ էին ռազմաճակատում, իսկ թիկունքն օգնում էր՝ ինչով կարող էր: Ամենայն հայոց կաթողիկոսի այն ժամանակվա տեղապահը 1941 թ. հուլիսին դիմում է համայն հայությանը՝ համախմբվելու եւ սատար կանգնելու հայ ժողովրդի միակ հայրենիքին՝ Խորհրդային Հայաստանին: Համայն հայությունը, ականջալուր նրա կոչին, սկսում է հանգանակություն: Արդյունքում ստեղծվում են «Սասունցի Դավիթ» եւ «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները: 1942-43 թթ. Ստալինգրադի եւ Կուրսկի ճակատամարտերից հետո կառավարությունը դույզն-ինչ մեղմացնում է քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ: 1943 թ. նոյեմբերին միության ժողկոմխորհը որոշում է ընդունում եկեղեցիների վերաբացման մասին: 1944-ից սկսում է հրատարակվել «Էջմիածին» ամսագիրը: 1945 թ. մարտին Չորեքչյանը դիմում է Ստալինին եւ Բերիային՝ խնդրելով թույլ տալ Ուրալ տեղահանված 16 հազար հայերի վերադարձն իրենց նախկին բնակավայրերը կամ Հայաստան: Նույն թվականին վեհափառը հանդիպում է Ստալինի հետ՝ նրան ներկայացնելով 11 կետից բաղկացած զեկուցագիր, բարձրացնում Թուքիայից հայկական հողերի վերադարձի հարցը: Արյունարբու առաջնորդը խոստանում է լուծել առաջարկված խնդիրները, սակայն դրանք մնում են անկատար…Նույն թվականի հոկտեմբերի 25-ին կոնդակով դիմում է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կառավարություններին՝ հայկական պատմական հողերը Թուրքիայից հետ ստանալու խնդրանքով: 1947 թ. ապրիլի 20-ին հրատարակում է ընդարձակ մի կոնդակ «Հայկական հարցի լուծման մասին», ողջունում Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի նպատակն էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման խնդիրը:

Չորեքչյանը ծավալուն աշխատանք է կատարել սփյուռքահայերի հետ խզված կապերը վերականգնելու, 1946-48 թթ. հայրենադարձությունը կազմակերպելու ուղղությամբ: Նրա կաթողիկոսության օրոք վերաբացվում են Գեւորգյան հոգեւոր ճեմարանը, գրադարանը, տպարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաեւ Սուրբ Հռեփսիմեն, Խոր Վիրապը եւ Գեղարդավանքը: Ինը տարվա գահակալության ընթացքում ազգընտիր վեհափառը հասցնում է վերակազմակերպել Մայր Աթոռի ներքին եւ արտաքին թեմերը, բարձրացնել հայ եկեղեցու հարգն ու հեղինակությունը: Իսկ ժամանակները, հիշենք, բռնակալական, արհավիրքային էին…

Նվիրյալ կաթողիկոսը վախճանվեց 1954 թ. սեպտեմբերի 26-ին՝ գալիք սերունդներին թողնելով օրհնյալ անուն ու պայծառ հիշատակ: Իսկ նրան հաջորդելու էր առավել քան սիրված մի վեհափառ՝ Վազգեն Առաջին խնկելի անունով…

Թող օրհնյալ լինի հիշատակն արդարոց… Եվ թող ներկաներն ու եկողները դասեր առնեն սիրված եւ երեւելի իրենց նախորդներից: Դրանից կշահեն եւ ազգը, եւ իրենք:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]