1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն 25 նոր բնակավայրերի նախագծեր է պատվիրել

Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման  կոմիտեն 25 նոր բնակավայրերի 
նախագծեր է պատվիրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է պատերազմի հետևանքով անօթևան մնացած և տեղահանված արցախցիների համար նոր բնակավայրերի հատակագծման, գույքային վնասների հաշվառման ու գնահատման աշխատանքներին, ինչպես նաև հետպատերազմական ժամանակահատվածում արցախյան անշարժ գույքի շուկայում առկա իրավիճակին:

-Պարոն Շահրամանյան, 44-օրյա պատերազմի հետևանքով ինչպիսի՞ նոր խնդիրներ ու ծրագրեր են առաջադրվել Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեին: Մասնավորապես՝ նոր բնակավայրերի և բնակարանաշինության գործընթացում ի՞նչ ընդգրկվածություն ու մասնակցություն ունի կոմիտեն և Դուք որպես կառույցի ղեկավար:

-Առաջնահերթ խնդիրներից է  Արցախի անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման համար ստեղծված համապատասխան հանձնաժողովը, որը գլխավորում եմ անձամբ

Պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին բնակարանով ապահովելու համար  մշակման փուլում են  նոր բնակավայրերի հիմնման նախագծեր: Ներկայումս տեղական 10 նախագծային կազմակերպությունների պատվիրել ենք ընդհանուր առմամբ 2600 տներից բաղկացած՝ 25 նոր բնակավայրերի նախագծեր

 Առաջին փուլում մշակվելու են գլխավոր հատակագծերը՝ բոլոր ենթակառուցվածքներով, ընդ որում՝  ջրամատակարարման, ջրահեռացման, գազիֆիկացման, էլեկտրաֆիկացման, փողոցների և մայթերի կառուցման համար: Այս աշխատանքների մեկնարկը տրվել է մոտ 3 ամիս առաջ: Կան համայնքներ, որտեղ այդ աշխատանքներն ավարտված են և հանձնված՝ փորձաքննության:

Մինչև այս տարվա հուլիսի վերջ նախատեսում ենք ավարտին հասցնել նախագծային բոլոր աշխատանքները, որոնց զուգահեռ` կառուցվելիք թաղամասերում կսկսվեն շինաշխատանքներ: Նախագծային աշխատանքներն ամբողջովին ֆինանսավորվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով

Բացի այն, որ շինաշխատանքներ են ընթանում Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի 4 գյուղերից տեղահանվածների համար նոր բնակավայրի կառուցման ուղղությամբ,  առաջիկայում շինաշխատանքներ կսկսվեն նաև Աստղաշեն համայնքում, Հովսեփավանում, Իվանյանում ու Խաչմաչում

Արցախի նախագահի հանձնարարությամբ նոր բնակավայրերի ներքին կահավորումը նույնպես կիրականացվի կոմիտեի միջոցով: Այս պահին ունենք ավելի քան 20 կազմակերպություն, որոնց հետ առաջիկայում համապատասխան պայմանագրեր են կնքվելու:

-Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ վերջերս ստեղծվել է «ԱՀ պետական, համայնքային, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող գույքին պատերազմի հետևանքով հասցված վնասների հաշվառման և գնահատման հանրապետական հանձնաժողով» Ձեր ղեկավարությամբ: Ի՞նչ խնդիրներ են առաջադրվել  հանձնաժողովին և ինչ աշխատանքներ են նախատեսվում:

-Հանձնաժողովի նպատակը՝  պատերազմական գործողությունների հետևանքով հանրապետության տնտեսության վնասների ընդհանուր չափի  հաշվառումն ու գնահատումն է: Աշխատանքային խմբում ընդգրկված են մասնագետներ Հայաստանից ու Արցախից։ Պատերազմի հետևանքով կրած կորուստների մեջ առկա է նաև չհաշվառված գույք: Հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչներն ըստ ոլորտների՝ պետք է հաշվառեն և ներկայացնեն հանրապետության գույքային վնասները, որից հետո կիրականացվեն գնահատման աշխատանքներ: Հաշվառման ու գնահատման այս ծրագրում ընդգրկված են մարդատար մեքենաներին, բեռնատար, գյուղատնտեսական, շինարարական և հատուկ նշանակության մեխանիզմներին, անշարժ գույքին ՝ ոչ բնակելի, որի մեջ մտնում են արտադրամասեր (ֆերմաներ, ռեստորաններ և հասարակական նշանակության այլ շինություններ), նյութական ակտիվներին` (կաթնատու և մսատու կենդանիներ, մեղվափեթակներ, պտղատու այգի և խաղողայգիներ) հասցված վնասները: Բացի այդ, մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը զբաղվում է փաստահավաք գործունեությամբ:

Առաջիկա օրերին դիմումներ ներկայացնելու համար՝  տարբեր լրատվամիջոցներով հանրությանը կտեղեկացնենք մեր տեղակայման վայրի և կոնտակտների մասին: Բացի այս կարգից, Կադաստրի պետական կոմիտեն պետք է ներկայացնի աջակցության միջոցառումների կարգը, որն արդեն մշակված է, որտեղ նշվում են անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև դրամական աջակցության տրամադրման տարբերակները:

Այս գործընթացում  շատ կարևոր է նաև քաղաքացիների ազնիվ վերաբերմունքը:

-Հետպատերազմական ժամանակահատվածում ինչպիսի՞  գործընթացներ են նկատելի արցախյան անշարժ գույքի շուկայում:

- Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում իրականացվել է 1125 միավոր անշարժ գույքի նկատմամբ գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որոնց քանակը 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ նվազել է 63,5 տոկոսով, իսկ անցած տարվա  չորրորդ եռամսյակի համեմատ` աճել 3,9 անգամ

Այս տարվա առաջին եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափ արձանագրվել է Ստեփանակերտում՝ 51,8 տոկոս՝ անցած տարվա չորրորդ եռամսյակի` 49,5 տոկոսի փոխարեն:

Իրականացվել է 212 առուվաճառքի գործարքից ծագող իրավունքի պետական գրանցում, որից 78 գործարք՝ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:

Ստեփանակերտ քաղաքում 2021 թվականի առաջին եռամսյակում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում՝ բնակարանների 1 մետր քառակուսի մակերեսի միջին արժեքն առաջնային շուկայում կազմել է 361,7 հազար ՀՀ դրամ, իսկ երկրորդային շուկայում՝ 245,1 հազար ՀՀ դրամ

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Ստեփանակերտ քաղաքում այս տարվա առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքները՝ 1 մետր քառակուսի մակերեսի հաշվարկով, 2020թ. առաջին և չորրորդ եռամսյակների համեմատ առաջնային շուկայում նվազել է 4.9 տոկոսով, իսկ երկրորդային շուկայում համապատասխանաբար՝ 6,7  և 7,7 տոկոսներով


Հարցազրույցը` Վան Նովիկովի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]