Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայ երաժշտարվեստի դասականը. նա լսում էր ձայներ, որոնք մեզ լսելի չէին…

Հայ երաժշտարվեստի դասականը. նա լսում էր ձայներ, որոնք մեզ լսելի չէին…

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալեքսանդր Սպենդիարյանն ավելի քիչ «դասական» էր բարձր իմաստով… Ցածրահասակ, ակնոցով, խելացի աչքեր եւ հմայիչ ժպիտ, արտահայտիչ դեմք: Մարդկանց հետ շփման մեջ զարմանալիորեն հասարակ մարդ էր, մի փոքր ամաչկոտ, միշտ ուշադիր զրուցակցի նկատմամբ, բավականին պարզ՝ իր դատողություններում, ձգտումներում, գործողություններում… Մեծ հուզմունքով ես նրա դատին էի հանձնում իմ առաջին կոմպոզիտորական փորձերը, սակայն նրա խորասույզ, լուրջ վերաբերմունքն իմ արվեստի նկատմամբ, ուշադրությունն ու մասնակցությունն ինձ ոգեշնչում էին…»:

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Կոմպոզիտոր, դիրիժոր, հանճարեղ «Ալմաստ» օպերայի հեղինակ, հայկական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանը ծնվել է 1871 թ. նոյեմբերի 1-ին ռուսական կայսրության Տավրիկյան նահանգի Կախովկա քաղաքում: Երեք տարեկանից սիրում էր թղթից թռչունների եւ կենդանիների ֆիգուրներ պատրաստել, եւ դրանք այնքան հաջողված էին ստացվում, որ մեծանուն Այվազովսկին վեցամյա երեխայից վերցնում է դրանցից մի քանիսը, որպեսզի ցույց տա կերպարվեստի ակադեմիայում: Երազով ու երազանքներով ապրող տղան նաեւ նկարում էր ու գրում բանաստեղծություններ: Սակայն նա այլ առաքելության էր կոչված…

Ապագա կոմպոզիտորը, անսալով հայրական հորդորին, 1890 թ. ընդունվում է Մոսկվայի կայսերական համալսարանի նախ՝ բնագիտության ֆակուլտետ, ապա ուսումը շարունակում նույն բուհի իրավաբանական բաժնում: Ուսման տարիներին նվագում է ուսանողական խմբում, որպես կոնցերտմայստեր՝ շարունակելով ջութակի դասերը Մեծ թատրոնի նվագախմբի ջութակահար Պեկարսկու մոտ: Ուսանողական նվագախմբի դիրիժոր Նիկոլայ Կլինովսկու խորհրդով սկսում է լրջորեն զբաղվել կոմպոզիցիայի տեսությամբ: Մոսկովյան միջավայրը հնարավորություն էր ընձեռում մասնակցելու գրական-գեղարվեստական հետաքրքիր միջոցառումների, հավաքույթների: 1894 թ. նման միջոցառումներից մեկի ժամանակ երիտասարդ երաժիշտը ծանոթանում է բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ, լսում նրա «Այ վարդ» բանաստեղծությունը, որը դառնում է նրա առաջին ստեղծագործությունը՝ որպես սքանչելի ռոմանս:

1895 թ. հանձնելով ավարտական քննությունները՝ երաժիշտն ստանում է իրավաբանի առաջին կարգի դիպլոմ, սակայն ողջ կյանքում երբեւէ չի աշխատում այդ մասնագիտությամբ… Նույն թվականին ջութակահար Հովհաննես Նալբանդյանի միջնորդությամբ ծանոթանում է հանրահայտ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի հետ: Նա համաձայնում է դառնալ Սպենդիարյանի կոմպոզիցիայի ուսուցիչը: Ռուս անվանի կոմպոզիտորը հավանում է նրա երաժշտությունը եւ խրախուսում ավելի խորանալ հայկական ժողովրդական երաժշտության ուսումնասիրության մեջ: 1900 թ. ավարտելով ուսումը՝ գրում է իր առաջին սիմֆոնիկ երաժշտությունը՝ «Կոնցերտային նախերգանք»՝ այն նվիրելով սիրելի ուսուցչին:

1901 թվական: Սպենդիարյանը տեղափոխվում է Յալթա, ընտանիք կազմում: Հայրը որդուն առանձնատուն է նվիրում, որը նախկինում Սերբիայի Նատալյա թագուհու ամառային նստավայրն էր: Սպենդիարյանի տունը շուտով դառնում է Յալթայի մշակութային կենտրոն, որտեղ հաճախ էին կազմակերպվում համերգներ, երեկույթներ՝ ժամանակի մեծերի մասնակցությամբ՝ Մաքսիմ Գորկի, Անտոն Չեխով, Ալեքսանդր Գլազունով, Ֆյոդոր Շալյապին, Սերգեյ Ռախմանինով, Իլյա Ռեպին, այլք:

1916 թ. Թիֆլիսի Հայկական երաժշտական ընկերության հրավերով Սպենդիարյանը գալիս է վրաց մայրաքաղաք: Այստեղ նա հանդես է գալիս համերգներով, լսում եւ գրառում է արեւելյան մեղեդիներ, որոնք հետագայում օգտագործում է իր ստեղծագործություններում: Ծանոթանում է հանճարեղ Թումանյանի հետ: Եվ ծնվում է «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա «Ալմաստ» օպերան գրելու գաղափարը… Հաջորդ տարի նա կրկին Ղրիմում է, որտեղ ղեկավարում է տեղի սիրողական նվագախումբը, օժանդակում երաժշտական դպրոցի ձեւավորմանը, մշակում ժողովրդական ու հեղափոխական երգեր: Իսկ 1924 թ. հաստատվում է մայր հայրենիքում, աշխատում արվեստի եւ գիտության ինստիտուտում, կոնսերվատորիայում, զբաղվում սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության կազմակերպման խնդիրներով, հանդես գալիս որպես դիրիժոր:

Չանդրադառնալով մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական անխամրելի ժառանգությանը, նշենք, որ նրա վերջին եւ, ցավոք, անավարտ ստեղծագործությունը դարձավ «Հայաստան» գրական-երաժշտական տետրալոգիան. Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի հետ նա մշակել էր ապագա ստեղծագործության ծրագիրը. առաջին մասը բաղկացած էր լինելու մեր ժողովրդի ծագման նկարագրությունից, երկրորդը՝ պետության, հաղթանակի եւ փառքի ստեղծման, երրորդը պետք է արտացոլեր վշտի դարը՝ Մեծ Հայքի անկումը: Իսկ հերթական մասը լինելու էր յուրահատուկ. այն նկարագրելու էր ազգային ազատագրական պայքարը, երկրի զարթոնքը… Ավաղ, կոթողային այս ստեղծագործությանը բախտ չէր վիճակված ամբողջությամբ արարվելու. 1928 թ. մայիսյան այս օրը վերջակետ դրեց արարման հրաշքին: Հանճարող մաեստրոն գնաց ի հավերժություն, եւ աշխարհն այդպես էլ չտեսավ հայ դասականի, թերեւս, գլուխգործոցը… Նրա, որի արվեստը սքանչացրել էր ժամանակի հսկաներին: Արժի, որ մենք էլ ունկնդրենք նրանցից մի քանիսին:

«Այս մեծատաղանդ մարդուց, առաջին հանդիպելիս, այն տպավորությունն ստացա,- գրել է Ավ. Իսահակյանը,- որ նա այս աշխարհի մարդ չէ: Նրա ոտքերը հազիվ էին դիպչում այս երկրին: Նրա հոգին՝ իր մտորումներով ու երազանքներով, բարձր ոլորտների, բարձր սֆերաների բնակիչ էր: Իր մեջ ամփոփված այդ փխրուն մարդը լսում էր ձայներ, որոնք մեզ լսելի չեն…»: Դմիտրի Շոստակովիչ. «…Թատրոնից հեռանալով՝ հսկայական բերկրանքի զգացողություն ես ունենում հայ մեծ ժողովրդի արվեստի համար, ժողովուրդ, որ ստեղծել է այնպիսի սքանչելի երկեր, ինչպիսին «Ալմաստի» ներկայացումն է…»: «Իմ խորին համոզմամբ՝ Սպենդիարյանը եւ Կոմիտասը հայ դասական երաժշտության հիմնադիրներն են,- արձանագրում է Արամ Խաչատրյանը,- նրանք նախանշել են հայ երաժշտական ստեղծագործության գլխավոր ուղիները շատ տասնամյակների համար…»: Լսենք նաեւ մեծն Մարտիրոս Սարյանին. «Դժվար է գերագնահատել Ալեքսանդր Սպենդիարյանի դերը իբրեւ պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից մեկի: Ես հավատում եմ, որ հայ ժողովրդի արվեստի պատմության մեջ վառ աստղի նման միշտ կշողշողա իմ սիրելի ընկերոջ, անզուգական մարդու, մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի անունը…»:

Ամեն ինչ ասված է մեծերի շուրթերով, միայն հավելենք, թե ինչպե՞ս է, որ նա իր հավիտենական հանգիստն է գտել օպերայի հրապարակում. կոմպոզիտորի մահվան կապակցությամբ ժողկոմի հրամանով կազմվում է կառավարական հանձնաժողով՝ բաղկացած 18 անդամից: Հենց նրանց որոշմամբ էլ մեծ հայը հուղարկավորվում է օպերայի բակում, որը դեռ չէր կառուցվել: Հանձնաժողովի կազմում էին Ավ. Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Թամանյանը: Եվ, հավանաբար, գերեզմանի համար այդ տարածքն է ընտրվել, քանի որ այդ մասում եղել է մատուռ: Բացի դա, հուշագիրները պատմել են, որ Թամանյանն ինքն է տեղ որոնել իր ընկերոջ համար: Փաստ է նաեւ, որ այդ թվականին չի եղել մեծերի Պանթեոնը՝ որպես այդպիսին: Այդ թվականներին նախընտրած վայրն է եղել կոմպոզիտորին հարիր մշտնջենատեղին…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]