Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

Մեր բոլոր միջազգային գործընկերները  պետք է անհապաղ միջամտեն գերիների վերադարձի հարցին. ՀՀ ԱԺ նախագահը՝ ՄԹ դեսպանին

Մեր բոլոր միջազգային գործընկերները  պետք է անհապաղ միջամտեն գերիների 
վերադարձի հարցին. ՀՀ ԱԺ նախագահը՝ ՄԹ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան մեր երկրում դեսպան նշանակվելու առթիվ եւ վստահություն հայտնել, որ Գալագերի պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն:

«Մենք շահագրգռված ենք ընդլայնել եւ խորացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները եւ կարեւորում ենք Ազգային ժողովի դերն այս երկխոսության մեջ»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Ըստ աղբյուրի՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է Միացյալ Թագավորության աջակցությունը մեր երկրում տարբեր ոլորտների զարգացման գործում. «Որպես ԱԺ նախագահ՝ արժեւորում եմ Միացյալ Թագավորության մասնակցությունը ՄԱԿ-ի՝ «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագրում, որով արձանագրվել են կոնկրետ եւ շոշափելի արդյունքներ»:

Անդրադառնալով խորհրդարանների միջեւ համագործակցությանը՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ համավարակի հաղթահարմանը զուգընթաց բարեկամական խմբերի միջեւ շփումներն ավելի կակտիվանան:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ, օգտվելով առիթից, ԱԺ նախագահը Հայաստան է հրավիրել Միացյալ Թագավորության խորհրդարանում մեր երկրի հետ բարեկամական խմբի անդամներին:

«Անցյալ տարի մեր երկիրն առճակատվեց ավելի մեծ արհավիրքի հետ, քան համավարակն էր: Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ այդ ընթացքում թույլ տալով ռազմական հանցագործություններ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները: Արդյունքում հաստատվեց հրադադարի ռեժիմ, բայց Ադրբեջանը շարունակում է մինչ օրս խախտել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, Ժնեւյան կոնվենցիայի դրույթները՝ ազատ չարձակելով հայ ռազմագերիներին: Մեզ համար սա ծայրահեղ հրատապ խնդիր է եւ մեր բոլոր միջազգային գործընկերները, առաջնորդվելով մարդասիրական մղումներով, պետք է անհապաղ միջամտեն այս հարցին»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Միրզոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական հուշարձանների նկատմամբ առանձնակի բարբարոսական վերաբերմունքի վերաբերյալ. «Ցավոք, Ադրբեջանը շարունակում է ակնհայտ հայատյաց քաղաքականությունը եւ ագրեսիվ հայտարարությունները, ինչի վառ օրինակն է Ադրբեջանի նախագահի կողմից պուրակի բացումը Բաքվում»:

Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Արցախի անվտանգության ապահովման երաշխիքը ինքնորոշման ճանաչումն է: Ինչ վերաբերում է հակամարտության վերջնական լուծմանը, ըստ Միրզոյանի, դրան հնարավոր է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով:

Դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանմամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հունիսին 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություներին: ԱԺ նախագահը վստահեցրել է, որ իշխանությունն ամեն ջանք գործադրելու է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]