1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կրթության բարեփոխումների մեր պատկերացումները ներառում են նախակրթարանից մինչև բարձրագույն և հետբուհական կրթություն. Փաշինյան

Կրթության բարեփոխումների մեր պատկերացումները ներառում են նախակրթարանից 
մինչև բարձրագույն և հետբուհական կրթություն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ընդունված որոշումը, որով 2 մլրդ 900 մլն դրամ է հատկացվում հանրապետությունում 15 դպրոց և 9 մանկապարտեզի կառուցմանը, նշեց, որ այն կայացվում է ի կատարումն կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկի՝ կրթության ոլորտում իրականացվող խորքային բարեփոխումների: 

«Շատ կարևոր է արձանագրել, որ մենք կրթության ոլորտում բարեփոխումների մեր պատկերացումներն, ըստ էության, ամբողջացրել ենք, և այդ բարեփոխումները ներառում են նախակրթարանից մինչև բարձրագույն և հետբուհական կրթություն: Իհարկե, ինչքան էլ ամբողջացնում ենք, այստեղ ևս մի կոմպոնենտ ենք ավելացնում սրան. ժողովրդագրական ծրագրերը նույնպես պետք է դրվեն այս շղթայի մեջ որպես նախնական, բայց կարևորագույն օղակ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կարևոր է ընդգծել, թե որ համայնքներում են այդ ծրագրերը իրականացնում. «Առաջինը՝ դպրոցաշինության ծրագիրն է: Այս ծրագիրը անցյալ տարի մեկնարկել էինք, բայց պատերազմի պատճառով որոշակի գործընթացները դանդաղեցին, և հիմա վերականգնում ենք ֆինանսավորումն ամբողջ ծավալով, որպեսզի շինարարությունը շարունակվի: Եվ ըստ այդմ, Արագածոտնի մարզում՝ Լուսակնի և Գառնահովիտի միջնակարգ դպրոցները, Արարատի մարզում՝ Դեղձուտի միջնակարգ դպրոցը, Արմավիրի մարզում Արգինայի միջնակարգ դպրոցը, Գեղարքունիքի մարզում՝ Լեռնահովիտ գյուղի Բարեղամյանի անվան հիմնական դպրոցը և Շատջրեկ գյուղի միջնակարգ դպրոցը, Լոռու մարզում՝ Մեդովկայի, Հագվու միջնակարգ դպրոցները, Սյունիքում՝ Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցը, Վաղատինի և Դարբասի միջնակարգ դպրոցները, Վայոց ձորի մարզում՝ Եղեգիսի միջնակարգ դպրոցը, Շիրակի մարզում՝ Բերդաշենի միջնակարգ դպրոցը, Կոտայքի մարզում՝ Ջրառատի միջնակարգ դպրոցը, Կաթնաղբյուրի հիմնական դպրոցը»:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց գյուղական դպրոցներն ամրապնդելու քաղաքականության իրականացման կարևորությունը. «Բայց մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ պարտավոր ենք իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ գյուղական դպրոցում կրթության որակը մեծ խզում չունենա մայրաքաղաքի դպրոցներից: Ես ուզում եմ արձանագրենք, որ այս ծրագրին զուգահեռ մենք իրականացնում ենք ուսուցիչների ատեստավորման գործընթացն, որն արդեն մայիսից մեկնարկել է: Մենք իրականացնելու ենք նաև հեռավար կրթության ծրագիր, որ այս դպրոցներում հնարավոր լինի դասեր իրականացնել՝ հեռավար եղանակով: Որոշակի փոփոխություններ ենք իրականացնում ուսուցիչների գործուղման համակարգում, որպեսզի, պատկերավոր ասած, Երևանից ուսուցիչները դեպի գյուղական դպրոցներ որոշակի ժամանակով գործուղվելու ավելի մեծ խթաններ և շահագրգռություն ունենան»:

Անդրադառնալով մանկապարտեզների ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում կառավարությունը կսահմանի նախակրթության չափորոշիչը: Նա ներկայացրել է, թե Արմավիրի մարզի Արևիկ համայնքից բացի, որ համայնքներում է մսուր-մանկապարտեզներ կառուցվելու՝ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք, Արարատի մարզի Արալեզ համայնք, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնք, Լոռու մարզի Սպիտակ համայնք, Կոտայքի մարզի Հրազդան համայնք, Շիրակի մարզի Արթիկ համայնք, Սյունիքի մարզի Կապան համայնք, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայր, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայր:

«Մենք որդեգրել ենք հետևյալ քաղաքականությունը, որ կառավարությունը միջոցներ է ներդնում, որպեսզի համայնքներում կառուցի, ստեղծի, ձևավորի մանկապարտեզներ, բայց համայնքները պետք է իրականացնեն այդ մանկապարտեզների հետագա ֆինանսավորումը՝ հաստիքներ, աշխատավարձ և այլն: Մյուս կողմից՝ մենք ի՞նչ բովանդակային փոփոխություն ենք իրականացնում: Մանկապարտեզը չպետք է լինի ուղղակի տեղ, որտեղ ծնողները երեխաներին թողնում են «իքս» ժամից «իքս» ժամը: Դա կրթական պրոցեսի կարևոր մաս է, երեխան մանկապարտեզ է գնում առաջին հերթին կրթություն ստանալու: Մենք ուսուցիչների ատեստավորման պրոցեսը նորից նույն ձևով իրականացնելու ենք նաև մանկապարտեզի ուսուցիչ-դաստիարակների համար»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջին հերթին այն համայնքներում են մանկապարտեզ կառուցում, որտեղ համայնքը ստանձնում է հետագա ամբողջ ֆինանսական ծախսերը հոգալու պարտականությունը: «2019 թվականին արձանագրեցինք մի այնպիսի իրավիճակ, որ ոչ բոլոր համայնքներն են, որ այդպիսի իրավիճակ ունեն: Նաև սա է պատճառը, որ 2020 թվականին մենք գույքահարկի համակարգի բարեփոխում իրականացրեցինք, ինչը հնարավորություն պիտի տա համայնքների եկամուտների ավելացման: Հիշում եք՝ շատ մեծ աղմուկ և քննարկում եղավ, թե ինչպես կարելի է գույքահարկը մեծացնել, բայց դա ներդրվելու է այդ թվում՝ գույքահարկ վճարողների երեխաների ապագա բարեկեցությունն ապահովելու գործում:

Եվ շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում բարեփոխումների գործընթաց տեղի չի ունենում կամ դանդաղ է տեղի ունենում: Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք, որ 2020թ. ճգնաժամային տարում արվել են սկզբունքային նշանակություն ունեցող բարեփոխումներ: Գույքահարկի համակարգի փոփոխությունը, օրինակ, պետական կարևորագույն բարեփոխումներից մեկն էր»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]