1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Աշոտ Աղաբաբյանն իր նոր գրքով բացահայտում է լեգենդար հետախույզ Իվան Աղայանցի գաղտնիքները

Աշոտ Աղաբաբյանն իր նոր գրքով բացահայտում է լեգենդար հետախույզ Իվան 
Աղայանցի գաղտնիքները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, հրապարակագիր, լրագրող Աշոտ Աղաբաբյանը, որն իր գրքերով մշտապես անդրադառնում է նշանավոր մարդկանց, դեպքերի և իրադարձությունների, հրապարակել է «Գաղտնիքների տիրակալը» վեպը:

Այն պատմում է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդու՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Աղայանցի կյանքի և գործունեության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը, որը հիմնված է հարուստ արխիվային նյութերի, փաստական տվյալների վրա, ընթերցողներին ներկայացվեց մայիսի 6-ին «Բուկինիստ» գրախանութում:

«Գրքում բավականին հետաքրքիր բացահայտումներ կան: Ինձ հաջողվել է օգտվել մոսկովյան արխիվներից: Դեռ դպրոցում, այնուհետև ինստիտուտում մեզ ծանոթացնում էին Խորհրդային Միության հետախուզությանը: Գիտեինք՝ Միությունն այս բանն արեց, այն բանը, բայց չգիտեինք, որ այդ ամենի ակունքներում Աղայանցն է: Նա ինձ միշտ հետաքրրքրել է: Գրել եմ այլ վեպեր, բայց մտածել եմ, որ մի օր անդրադառնալու եմ Աղայանցին»,-պատմում է Աղաբաբյանը:

Երբ հեղինակը հանդիպել է Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին և նրա կնոջը՝ Գոհար Վարդանյանին և ասել, որ պատրաստվում է գրել Աղայանցի մասին, նրանք ոտքի են կանգնել և ընդգծել, որ Աղայանցը ամենամեծերից է, որի մասին մոտ 80 տարի արգելված է եղել գրել: Վարդանյանն Աղաբաբյանին հուշել է ապագա գրքի վերնագիրը՝ «Պետական գաղտնիքների տիրակալը»: Հեղինակը գրեթե պահպանել է այդ վերնագիրը:

Աշոտ Աղաբաբյանը Հովհաննես Աղայանցին հզոր անհատականություն է համարում ու նշում, որ հենց Աղայանցն է ծանոթացրել Ստալինին ու Շառլ դը Գոլին: Հետախույզը բազմաթիվ գործողություններ, ակցիաներ է անձամբ իրականացրել թե՛ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, թե՛ հետո:

Աղաբաբյանի խոսքով՝ ինքը գրել է գեղարվեստական վեպ հանրության լայն շրջանակի համար: Նա վստահեցնում է՝ «Գաղտնիքների տիրակալը» կհետաքրքրի բոլորին:

«Վեպը նախորդ գործերիցս տարբերվում է նրանով, որ իսկությամբ ներկայացնում եմ հերոսների նույնիսկ ամենագաղտնի երկխոսությունները: Գրել եմ Ստալինի, Չերչիլի, Ռուզվելտի զրույցները, որոնք թարգմանչի միջոցով են իրականացվել: Զրույցը Շառլ դը Գոլը ներկայացրել է իր երկհատորյակում, իսկ Չերչիլը՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմը» հինգհատորյակում: Չերչիլը մանրամասն գրել է այն ամենը, ինչի մասին առանց վկայի խոսել է Ստալինի հետ»,- եզրափակում է Աշոտ Աղաբաբյանը:

Աղաբաբյանն ընթերցողին հայտնի է «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդ» բեստսելերներով, որոնք վերահրատարակվել են 8 անգամ, թարգմանվել ռուսերեն, անգլերեն և պարսկերեն:

Պերճ Զեյթունցյանն Աշոտ Աղաբաբյանի գրականության մասին գրել է. «Ինչո՞ւ ենք լռում, համարձակորեն ասենք՝ Աշոտ Աղաբաբյանի գրականությունը հենց նոր գրականությունն է, բոլորովին նոր ու հզոր, բարդ հոգեբանական ու ցնցող, ու այդ պատճառով է նաև, որ այսօր ամենաշատը Աշոտի վեպերն են կարդում: «Մենակը» և «Ռեզիդենտը» խենթանալու գործեր են…»:

Անժելա Համբարձումյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]