Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Մի քանի կրթօջախ կհամալրվի զարգացնող խաղերով. առաջին փաթեթը տրվեց Երևանի թիվ 145 մանկապարտեզին  

Մի քանի կրթօջախ կհամալրվի զարգացնող խաղերով. առաջին փաթեթը տրվեց Երևանի 
թիվ 145 մանկապարտեզին

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղերի, դիդակտիկ նյութերի միջոցով երեխաների բազմակողմանի զարգացմանը նպաստելու նպատակով Մանկական զարգացման հիմնադրամի, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության,  Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ էկոլոգիապես մաքուր խաղալիքներ կտրամադրվեն Երևանի Շենգավիթ վարչական շրջանի երեք, Վայոց Ձորի Վայք ու Գլաձոր համայնքների մանկապարտեզներին։

Զարգացնող խաղերի առաջին փաթեթը մայիսի 5-ին հանձնվեց Երևանի թիվ 145 մանկապարտեզին:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանն ընդգծեց, որ հիմնադրամն աշխատում է երեխայի պաշտպանության ոլորտում: «Մեր հիմնական ռազմավարական ուղղություններից է նախադպրոցական հաստատությունների կարողությունների զարգացմանն ու որակյալ ծառայությունների մատուցմանն աջակցելը: Ունենք «Զարման» ապրանքանիշի զարգացնող խաղերի սոցիալական ձեռնարկատիրությունը, իսկ նախադպրոցական հաստատություններում դիդակտիկ նյութերի, խաղերի կարիք կա: Որոշեցինք գտնել հովանավորների, որոնք կաջակցեն, որ ընտրենք մանկապարտեզներ, որոնց կհանձնենք զարգացնող խաղերի փաթեթներ, և մեր թիմը կարողությունների զարգացման դասընթաց կիրականացնի՝ շեշտելով, թե ինչով է կարևոր դիդակտիկ նյութը»,- ասաց նա ու հավելեց, որ իրենց նախաձեռնությանն արագ արձագանքել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպանությունը, համագործակցել են Երևանի քաղաքապետարանի հետ:

Սիմոնյանի խոսքով՝ ընտրվել են այն մանկապարտեզները, որոնք բովանդակային առումով շատ են աշխատում, բայց ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս արագ փոփոխվող աշխարհում արձագանքել երեխաների պահանջներին: Սիմոնյանը նշեց, որ փաթեթներ են տրամադրելու նաև Երևանի թիվ 131 և 139, Վայոց Ձորի Վայք ու Գլաձոր համայնքների մանկապարտեզներին:

Թիվ 145 մանկապարտեզի տնօրեն Նոնա Աֆրիկյանը երախտագիտություն հայտնեց իրենց աջակցելու համար և շեշտեց, որ շատ են կարևորում մանկապարտեզում բազմաթիվ հմտություններով, կարողություններով, զարգացած  երեխաներ կրթելն ու դաստիարակելը:

Աֆրիկյանը վստահեցրեց, որ բոլոր սաները սիրով կօգտվեն զարգացնող խաղերից, որոնք կարող են նպաստել ստեղծագործող անհատի կայացմանը:

Մանկապարտեզում շրջելուց, երեխաների, դաստիարակների հետ զրուցելուց հետո ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամին ասաց, որ երեխաներն Աստծո սիրելիներն են, և մենք պետք է աջակցենք նրանց: «Ինչպես նշեց մանկապարտեզի տնօրենը՝ երեխաները մեր գալիք սերունդն են, և մենք պետք է ջանք չխնայենք նրանց կրթելու, դաստիարակելու համար, որպեսզի մեր ապագան լավ կառուցվի: Հույս ունեմ՝ այս աջակցության ծրագիրը շարունակական բնույթ կկրի»,-եզրափակեց Ահլամ ալ Սալամին և շնորհակալություն հայտնեց ներկաներին ջերմ հյուրընկալության համար:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Կարեն Սարգսյանը, ծանոթանալով խաղերի փաթեթին, հիշեցրեց, որ խաղերը բավականին մեծ դերակատարություն ունեն մարդկության պատմության մեջ: «Փիլիսոփաները, հոգեբանները, մանկավարժները, գիտնականներն ուսումնասիրել և շարունակում են ուսումնասիրել  խաղերը, որոնց սպեկտրը լայն է: Խաղն այսօր մուտք է գործում նաև մեծահասակների տիրույթ, և մենք հասկանում ենք, որ խաղերի միջոցով կենսագործունեությունն ու կյանքի կազմակերպումն արագ ու արդյունավետ են դառնում»,- շեշտեց Սարգսյանը:

Առաջիկայում զարգացնող խաղերի փաթեթներ են տրամադրելու նաև Երևանի թիվ 131 և 139 մանկապարտեզներին:

Անժելա Համբարձումյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ