Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԲ նախագահը ՀՀ-ում որոշ ապրանքների գների աճը կապեց նաև համաշխարհային շուկայում նկատվող գնաճի հետ

ԿԲ նախագահը ՀՀ-ում որոշ ապրանքների գների աճը կապեց նաև համաշխարհային 
շուկայում նկատվող գնաճի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային շուկայում մարտ ամսին պարենային ապրանքների գների որոշակի կայունացումից հետո կրկին նկատվում է գնաճ՝ պայմանավորված տնտեսական աճի լավատեսական սպասումներով: Հայաստանն էլ որպես ներմուծող երկիր, չի կարող անմասն մնալ դրանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով Հայաստանում պարենային մի շարք ապրանքների գների աճի մասին հարցին:

«Մենք ունենք մոտ 80 տոկոս ձեթի և յուղերի գների աճ համաշխարհային շուկայում, 40 տոկոսով շաքարավազի գների աճ: Մենք ՝ որպես փոքր ներմուծող երկիր, չենք կարող անտեսել այդ գները: Այսինքն՝ մենք չունենք ներքին արտադրություն, որը բացառապես միտված է հայրենական արտադրողի կողմից հայրենական սպառողի կարիքների բավարարմանը: Ուստի, մենք որպես ներմուծող երկիր, ներմուծում ենք գնաճ: Ու, երբ ասում ենք առաջարկի գործոններով պայմանավորված գնաճ, նախևառաջ սա նկատի ունենք»,-ասաց Գալստյանն ու հավելեց, որ դրան էլ գումարվում է փոխարժեքի որոշակի տատանողականությունը:

Գալստյանը նշեց, որ մարտին համաշխարհային շուկայում գների որոշակի կայունացում էր մտել: «Սակայն հիմա համաշխարհային շուկայում  նորից նկատվում է գների աճ՝ նախևառաջ նաև պայմանավորված լավատեսական տնտեսական աճի սպասումներով եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում: Կորոնավիրուսի հաղթահարումից հետո մարդիկ, մասնագետներն ակնկալում են, որ տնտեսություններն ավելի արագ են աճելու, որոշակի պահանջարկ է ձևավորվելու, որը գները բարձրացնելու է»,-ասաց ԿԲ նախագահը:

Նա վստահեցրեց, որ ԿԲ-ի քաղաքականությունը փորձում է կշռադատված մոտեցումներ ցուցաբերել, մարդկանց սպառողներին հասցնել հիմնական ուղերձները, որ կարճաժամկետ հատվածում կարող է լինել գների որոշակի աճ, բայց ԿԲ-ն իր ամբողջ գործիքակազմով բերելու է գնաճի նպատակային թիրախին: «Մենք փորձում ենք նաև բալանսավորել: Գնաճը կարող ենք զսպել, բայց զսպելով պետք է այնպես չանենք, որ ունենանք տնտեսական անկում, որից հետո չկարողանանք վերականգնվել: Ուստի այդ բալանսավորման միջոցով փորձում ենք գալ մի մակարդակի, որը միջնաժամկետ հատվածում կգոհացնի թե մեզ, թե հասարակությանը»,-վստահեցրեց Գալստյանը:

Նա նշեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով՝ մարդկանց հավաստիացնում են, որ ԿԲ-ն իր դիրքում է և երկրում կառավարելու է գնաճը: «Եթե նույնիսկ այս տարի մենք ավարտում ենք ավելի բարձր գնաճով, քան մեր թիրախն է, մենք մյուս տարիների ընթացքում վարած քաղաքականության արդյունքում հետ ենք գալու մեր թիրախին անպայմանորեն ու աներկբա: Մենք մեր հասարակությանը տված խոստումը կատարելու ենք»,-վստահեցրեց ԿԲ նախագահը:

ԿԲ Խորհուրդն արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն: Խորհրդի գնահատմամբ՝  ներքին տնտեսությունից ևս դրսևորվում են որոշակի գնաճային ազդեցություններ: Սակայն, ԿԲ-ում վստահ են, որ 12-ամսյա գնաճը կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո, աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]