Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Մայիս

Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան. Փաշինյան

Ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իրենց քաղաքական ուժը չի շեղվում իր սկզբունքներից. ժողովրդի իշխանությունը պետք է մնա անսասան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկմանն իր ելույթում՝ անդրադառնալով խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

«Մենք հիմա հնարավորությունը տալիս ենք ժողովրդին, որ ում ինչ քաղաքական պատասխանատվության ուզում է, ենթարկի՝ մեզնից սկսած, մնացած բոլորով վերջացրած: Այդ առումով պետք է ասեմ՝ արձանագրում եմ, որ մենք, որ իշխանության էինք եկել 2018-ի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությամբ, այսօր ապացուցում ենք, որ մեր սկզբունքներից չենք շեղվում, և ժողովրդի իշխանությունը Հայաստանում պետք է  մնա անսասան և անձեռնմխելի»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Բագրատյանը նկատեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար գործընթացը երկար է տևում: «Արդյոք ճիշտ չէր լինի՞, որ գնայինք ԱԺ-ի ինքնալուծարման ճանապարհով, գործադիրն անելիք չունենար, իր ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարեր, խորհրդարանը ինքնալուծարվեր և ընտրություններ լինեին: Արդյոք մենք չպե՞տք է արձանագրենք այն փաստը, որ եթե գնում ենք ընտրությունների, քաղաքական ուժերը հայտարարեն՝ իրենք սահմանադրական փոփոխություններ անելու են, թե ոչ»,-ասաց Բագրատյանը:

Փաշինյանն արձագանքեց. «Փորձը ցույց տվեց, որ անձնավորված սահմանադրական փոփոխությունները լավ բան չեն: Ես նախկինում էլ ասել եմ, որ Սահմանադրությունը փոխելու առաջարկ եղել է հենց 2018-ին: Բայց ես ինքս այդ օրակարգին չեմ համաձայնվել՝ մի պարզ պատճառով, որովհետև հասկացել եմ, որ դա միանգամից մեկնաբանվելու է որպես հերթական անձնավորված սահմանադրական փոփոխությունը»: Ըստ նրա՝ Սահմանադրությունը գրելիս պետք է անձ նկատի չունենալ, այլ նկատի ունենալ ինստիտուտներ

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ այսօր ի հայտ եկած խնդիրներից շատերը կապված են նրա հետ, որ 30 տարի հետո պարզվել է, որ երկրում ոչ մի կայացած ինստիտուտ չկա: «Երկրում միայն մի կայացած ինստիտուտ կա, մենք էլ եկանք ինստիտուտը քանդուքար արեցինք: Այդ ինստիտուտը կոռուպցիան էր»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ազգային ժողովի հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում: Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ, երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրում է՝ առաջնորդվելով տվյալ ընթացակարգով: Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ երկրում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ