Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Արցախյան ազատամարտում անհետ կորածի որդին 44-օրյա պատերազմի առաջին օրերից մարտի դաշտում էր. արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի

Արցախյան ազատամարտում անհետ կորածի որդին 44-օրյա պատերազմի առաջին 
օրերից մարտի դաշտում էր. արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմատներով հրազդանցի, 37-ամյա Մեսրոպ Սարիբեկյանը՝ մասնակցելով Արցախյան 44-օրյա պատերազմին, համարում է, որ իր կյանքի գերնպատակը կատարել է՝ լուծել է հոր վրեժը, որն անհետ կորել է Արցախյան ազատամարտի ժամանակ: Մեսրոպ Սարիբեկյանն արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։

«Արմենպրես»-ը Մեսրոպի հետ զրուցել է մանկության, օտար երկրում ապրելու, Արցախյան 44-օրյա պատերազմի, դրանից հետո գտած սիրո, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժման և զբաղմունքների ու շատ այլ հարցերի մասին:

Մանկությունն անցել է դժվարություններով

Մեսրոպ Սարիբեկյանը ծնվել է 1983 թվականին օգոստոսի 17-ին՝ Երևանում։

«Ծնվել և ապրել եմ Երևանում, սակայն արմատներով Հրազդան քաղաքից եմ, մայրս Մեղրաձոր գյուղից էր, հայրս՝ Քաղսիից է եղել: Դպրոց հաճախել եմ Երևանում։ Լավ սովորող եմ եղել մինչև 4-րդ դասարան, սակայն հետո շատ չարաճճի եմ եղել։ Անգամ 5-րդ տարին նույն դասարանում էի մնացել։ Ուղղակի այդ ժամանակ ընտանիքում դժվարություններ ունեինք։ Հայրս այդ տարիներին մեկնել էր ռազմաճակատ՝ մասնակցելու Արցախյան պատերազմին, և 1992 թվականին անհետ կորել։ Հետո, տատիկս և պապիկս որոշեցին, ինձ, քրոջս ու եղբորս տանել Մեղրաձոր, որպեսզի այնտեղ դպրոց գնանք։ 1 տարի գյուղում ենք դպրոց գնացել, ինչից հետո կրկին վերադարձել ենք Երևան։ Այդ ժամանակ սկսեցի քիչ թե շատ ավելի լավ սովորել, սակայն այժմ հասկանում եմ, որ սխալ եմ գործել չսովորելով»,- ասաց Մեսրոպը։

Ընտանիքով տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն

2001-2003 թթ․ մեկնել է պարտադիր ծառայության։ Ծառայել է Երևանի ներքին զորքերում։ 2003-ին եղբոր հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Որոշ ժամանակ անց որոշել են, որ մորն ու քրոջն էլ կանչեն իրենց մոտ: Ապրել են Ստավրոպոլ քաղաքում, այնտեղ եղբոր հետ շինարարության ոլորտում է աշխատել:

«Վերջին տարիներին զոդման աշխատանքներ ենք կատարել։ Մայրս էլ հրուշակագործ է, շատ համեղ թխվածքներ է պատրաստում։ Քույրս և մայրս դեռևս Ռուսաստանի Դաշնությունում են, սակայն կարծում եմ, շուտով բոլորս միասին կլինենք մեր Հայաստանում»,- նշեց Մեսրոպը։

Քույրն ու եղբայրն ամուսնացած են։ Քույրն ընտանիքի փոքրն է, ունի երեք տղա, իսկ մեծ եղբայրը՝ 2 աղջիկ ու 1 տղա: Մեսրոպն ընտանիքի միջնեկն է, դեռևս ամուսնացած չէ, սակայն ունի սիրած աղջիկ և հույս ունի՝ շուտով ինքն էլ կամուսնանա:

Պատմում է, որ 2020 թվականին, պապիկը վատառողջ է եղել, մոր հետ Հայաստան են եկել, սակայն հետո վերադարձել են ՌԴ, իսկ պատերազմը փոխել է նրանց բոլոր պլանները:

Պատերազմին մասնակցելը՝ գերնպատակ

2020 թվականի սեպտեմբերի վերջին, երբ սկսվել է պատերազմը, Մեսրոպը որոշել է կրկին Հայաստան վերադառնալ: Իր համար կյանքի նպատակ է եղել պատերազմին մասնակից լինելը, քանի որ 1990-ականների Արցախյան պատերազմի ժամանակ հայրն անհետ կորել է ու մինչև այսօր նրանից ոչ մի տեղեկություն չունեն: Հայրը՝ Հակոբ Սարիբեկյանը, հատուկ գնդից է եղել, այդ ժամանակ նրանց հրամանատարը եղել է գեներալ Գագիկ Մելքոնյանը:

«1992 թվականի օգոստոսի 8-ին՝ Արծվաշենի անկման օրը, նա անհետ կորել է: Հայրս եղել է 37 տարեկան, երբ անհետ կորել է, այժմ էլ ես եմ 37 տարեկան ու պատերազմը սկսվել է։ Գուցե ճակատագիր է: Այս պատերազմին մասնակցելու համար կամավորագրվել էի, բայց զինգրքույկս մայրս պահել էր, անձնագիրս էլ՝ քույրս: Նրանք չէին ցանկանում, որ գայի, քանի որ մեր տանն այդ հարցին մի փոքր այլ կերպ են նայում»,- պատմեց Մեսրոպը:

Այս պատերազմին մասնակցելու համար շատ էր դիմել Հրազդանի զինկոմիսարիատ, սակայն այնտեղ էլ ասել էին, որ առանց փաստաթղթերի հնարավոր չէ, վստահ չեն կարող լինել, թե ինչ հմտություններ ունի: Ամեն օր զանգել է, որպեսզի փորձեն մի ճանապարհ գտնել, որ ինքն էլ մասնակցի պատերազմին։

«Հետո զինկոմիսարիատում գտան իմ անձնական քարտը, որտեղ գրված էր, որ ես հրաձիգ եմ, ասացին՝ կկանչեն: Վերջապես եկավ այդ օրն ու ես գնացի Արցախ, բայց ոչ մի բան չգիտեի պատերազմի մասին: Չնայած դրան, բախտս բերել էր, լավ հրամանատար ունեի, մենք նրան Վագր էինք անվանում, ազգանունը ցավոք չեմ հիշում, նա Հադրութում զոհվեց: Արցախ ժամանելուց հետո, երկու օր նախապատրաստական աշխատանքներ ենք անցել, մեզ տրամադրվել էր համազգեստ, զենքեր էինք ստացել: Հոկտեմբերի 8-ին արդեն Հադրութում էինք: Ես անընդհատ հրամանատարի կողքին էի լինում, ուզում էի անպայման աչքի ընկնել, որպեսզի թեժ կետեր տանեն ինձ: Մենք առաջին գծում չէինք այդ ժամանակ։ Այնտեղ մի սար կար, որտեղ բարձրանալուց հետո հասկացել էինք, որ Հադրութը կարծես չեզոք գոտի էր դարձել: Այդ ժամանակ Ռուստամ Գասպարյանն արդեն վիրավորվել էր: Երեք օր մեզ մոտ մարտերը շատ քիչ էին, մենք էլ նախանձում էինք ավելի թեժ կետերում գտնվող տղաներին»,- ասաց մեր նյութի հերոսն ու պատմեց, որ ընկերներից մեկի՝ Ռաֆոյի հետ, երկուսով մի փոսի մեջ սպասել են հակառակորդի գալուն:

Արդեն հոկտեմբերի 15-ին թեժ մարտերը նրանց մոտ էլ են «հասել», սակայն անսպասելի կերպով թշնամին թիկունքում է հայտնվել։

«Առաջինը մեր դիպուկահարներն էին նշանառության տակ հայտնվել, նրանցից մեկը՝ Ավոն, զոհվեց, իսկ Տիկոն, փառք Աստծո, ողջ է: Մեր հրամանատարն էլ էր սկզբում վիրավորվել, հենց այդ ժամանակ էլ հրաման էր տվել, որ առաջինը պետք է վիրավոր զինվորներին դուրս բերել, ինչից հետո միայն նահանջել: Ինքն այդ ժամանակ զանգել էր նաև իր ընկերոջն ու ասել, որ մահանում է»,- վերհիշեց Մեսրոպը:

Ինքն ու ևս 8 հոգի նահանջ հրամանը, սակայն, չեն լսել, քանի որ հոսանքի խնդիր էին ունեցել ու ռացիաները լիցքաթափվել էին:

Իրենց դիրքից Մեսրոպի ընկերներից մեկի՝ Գոռի դիրքը ձախ կողմում երևացել է և, երբ այդ հատվածում կրակոցները դադարել են, տեսել են, որ թուրքերն են այդ կողմից իջնում:

«Այդ ժամանակ մտածեցի, որ տղերքն այլևս չկան, սակայն բարեբախտաբար սխալ եզրակացություն էի արել: Նրանք այդ նահանջ հրամանի ժամանակ հետ էին քաշվել, զոհեր էին ունեցել, ինչպես նաև իջեցրել էին բոլոր վիրավորներին: Մեր տղաներից մի քանիսն այդ պահին ասացին, որ պետք է կրակել, քանի որ այնպիսի դիրքում էինք, որ կարող էինք ոչնչացնել նրանց, սակայն չկրակեցինք։ Այնուամենայնիվ մտածեցինք, որ պետք չէ, գուցե մեր տեղն իմանան: Այդ ժամանակ մի փոքր հետ էինք գնացել մեր տղաներից մեկի՝ Անդրանիկի հետ, որպեսզի տեսնեինք, թե ինչ է կատարվում: Այդ պահին մեր դիմաց էր հայտնվել «Յաշմա» հատուկ ջոկատայինների խումբը, Անդոն սկսեց առաջ գնալ՝ ասելով, թե մերոնք են: Այդպես առճակատվեցինք նրանց հետ ու թշնամին զենքը պահել էր Անդոյի ուղղությամբ: Հասկանում էի, որ չեմ կարող հետ գնալ, մենակ թողնել ընկերոջս, որոշեցի առաջ գնալ ու վրեժս վերջապես լուծել: Պառկած վիճակով մոտեցա, տեսա, որ պատրաստվում են կամ տանել Անդոյին, կամ սպանել, քանի որ զենքն արդեն լիցքավորում էր նրանցից մեկը: Այդ ժամանակ ես խփեցի վերջինիս: Խումբը շատ էր, մեր իրերն էին արդեն քանդում, սակայն կարևոր էր, որ Անդոն փրկվեց: Հետ եկանք, տղաներին ասացինք, որ մնացել ենք շրջափակման մեջ և պետք է անտառով ձորն իջնեինք: Չէինք կրակում, որպեսզի մեր տեղը չիմանան, ինչպես ֆիլմերում մեկս մյուսի թիկունքը պահելով առաջ էինք գնում: Դուրս եկանք, հասանք մյուս տղաներին, ովքեր նահանջ հրամանը լսել էին ու կատարել այն: Հեռվից լսվեց մեր տղաներից մեկի՝ Կորյունի ձայնը, ով արմատներով Հրազդանից է, սակայն Թուրքիայում է ապրում ու եկել էր Արցախ, կռվելու համար: Կորյունին կնքել էինք Կյաժ մականունով, նա վիրավոր էր ձեռքի և թոքի հատվածում, սակայն կարողացանք նրան դուրս բերել: Մի կերպ, մեկս մյուսիս օգնելով հասանք Ստեփանակերտ, այնտեղ տեսանք գնդապետ Բարխուդարյանին, ում խնդրեցինք, որպեսզի մեզ նորից զենքեր տան՝ հետ գնալու համար»,- նշեց Մեսրոպը:

Հադրութից մինչև Ստեփանակերտ մոտ 1 օր քայլել են, ուժասպառ են եղել, խնդրել են, որպեսզի հնարավորություն տան որևէ տեղ հանգստանալու:

Նրանց ուղարկել են Երևան՝ հանգստանալու, բազմաթիվ ընկերներ ու բարեկամներ օգնել են նրանց, ինչից հետո, երեք օր անց վերադարձել են Արցախ, արդեն Ասկերանի շրջանի Այգեստան գյուղ (Բալուջա), որտեղ էլ փոխգնդապետ Դավիթ Սիմոնյանի կողմից ընդգրկվել է կարևոր առաջադրանքում։

«Գիշերը գնացինք Շուշիի ուղղությամբ, դեպի Քարին տակ: Այդ տեղանքը միայն ֆիլմով էի տեսել, մտածում էի, գուցե հերոսություն անենք, մեր մասին էլ ֆիլմ նկարեն (ծիծաղում է - հեղ): Հասանք Քարին տակ, որտեղ մի դիրք կար, որը պետք է պահեինք այնքան, մինչև զորքը հասներ, սակայն շրջափակման մեջ ընկանք։ Այդ ժամանակ 4 վիրավոր ունեցանք, շտապօգնության մեքենան էլ էր պայթել, զենքերը նույնպես։ Բարխուդարյանը որոշեց, որ պետք է մեր վիրավոր տղաներին հանենք այդ տարածքից, այդ ժամանակ էլ իր «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայով մեզ մոտեցավ ավագ լեյտենանտ Թովմաս Թովմասյանը (հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը – հեղ․) և վիրավորներին տարավ մեքենայով։ Թշնամու դիպուկահարն իր նշանառության տակ էր առել Թովմասին, կրակ բացել նրանց ուղղությամբ։ Մեքենան շրջվեց, մենք էլ արագ վազեցինք, որպեսզի օգնություն ցույց տանք տղաներին»,- ասաց պատերազմի մասնակիցը։

Նրա ընկերներից, ում դեռ Հադրութից է ճանաչել, զոհվել է 4 հոգի՝ Մխոն, ում եղբայրն էլ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ է զոհվել, ինչպես նաև Նարեկը, Թովմասը, Անդրեյը։ Թեժ մարտերից մի քանի օր անց՝ նոյեմբերի 4-ին, վիրավորվել են նաև ինքը ու իրենց տղաներից մեկը՝ Հրայրը։ Վիրավորվելիս ընկել է փոսի մեջ։ Կարծում է, որ այդպես բախտը բերել է, քանի որ ասում է՝ հակառակ դեպքում գուցե նորից նշանառության տակ վերցնեին ու վերջնական սպանեին։ Այդ ժամանակ զենքը հազիվ վերցրել է վերևից, վրայի լարանը հանել, ոտքը կապել, ամբողջությամբ փշրվել է աջ ոտքի թաթի հատվածը։

«Մի քանի րոպե անց Հադրութից մեկ այլ ընկեր՝ Գոռը, կարծես հրեշտակի թևերով եկավ, որպեսզի փրկի մեզ։ Շատ դժվարություններով, կրկին վիրավորներ տալով մեզ հանեցին այդտեղից, այնուհետև ուղարկեցին Ստեփանակերտ, այնտեղ առաջին վիրահատությունս եղավ, ինչից հետո տեղափոխեցին Երևանի բժշկական կենտրոններից մեկը։ Այնտեղ էլ երկու վիրահատություն եմ տարել, փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող է անցել»,- պատմեց «Մարտական ծառայության» մեդալակիրը։

Վիրահատություններից հետո է ընտանիքի անդամներին ասել վիրավորվելու մասին

Ստեփանակերտի հիվանդանոցում, մինչ վիրահատությունը, զանգել էր տուն, վաղուց չէր խոսել ընտանիքի անդամների հետ։ Քրոջ հետ խոսել էր ու ասել, որ ամեն ինչ լավ է, ուղղակի անօդաչու թռչող սարքեր են թռնում գլխավերևում, չի կարող երկար խոսել։

«Խաբեցի քրոջս, որպեսզի չանհանգստանան վիրավոր լինելուս պատճառով, սակայն ավելի վատ ստացվեց, նրանց անհանգստությունն ավելի էր մեծացել։ Վիրահատությունից հետո միայն, զանգեցի քրոջս ամուսնուն, ասացի, որ վիրավոր եմ, սակայն ամեն ինչ լավ է, կյանքիս վտանգ չի սպառնում, շուտով տեղափոխելու են Երևան։ Արդեն ճանապարհին էի, երբ մայրս էլ էր իմացել տեղի ունեցածի մասին, շատ ծանր էր տարել։ Ինքն այս պատերազմը վերապրեց այնպես, ինչպես 1990-ականներին էր անհանգստացել հորս համար»,- ասաց Մեսրոպը։

Պատերազմի միակ դրական կողմը՝ սիրած աղջկա հետ ավելի մտերմանալն է

Մեսրոպը պատերազմի միակ դրական կողմը համարում է իր սիրած աղջկա հետ ավելի մտերմանալու փաստը, ինչն էլ իրեն ուժ է տալիս, որպեսզի ավելի շուտ վերականգնվի ու ոտքի կանգնի։

«Սիրածս աղջկա հետ ծանոթացել էի համացանցի միջոցով, սակայն այդքան շատ չէինք խոսում։ Մեր ավելի մտերմանալուն «օգնեց» պատերազմը։ Վիրավորվելուս մասին իմացել էր, անմիջապես գրել էր։ Այդպես ավելի հաճախ սկսեցինք շփվել, այժմ էլ հանդիպում ենք։ Կարող եմ ասել, որ պատերազմի միակ դրական կողմն ինքն է։ Կարծում եմ շուտով, երբ լիովին ապաքինվեմ, կամուսնանաք, արդեն շատ եմ այդ թեմայով նրա հետ խոսել»,- ուրախությունն աչքերին նշեց Մեսրոպն ու հավելեց, որ որոշել է՝ պետք է մնա ու շարունակի ապրել Հայաստանում։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում զբաղմունքները շատ են

Ասում է, որ կենտրոնում զբաղմունքներն այնքան շատ են, որ երբեմն չեն էլ հասցնում ամեն ինչին մասնակից լինել։ Նշում է, որ համերգներ են կազմակերպվում, ով ի վիճակի է՝ ֆուտբոլ է խաղում, տարբեր դասընթացներ են անցկացվում։ Անձամբ ինքը գրանցվել է լուսանկարչության դասընթացի։

«Ինձ շատ է դուր գալիս, կարծես թե լավ է ստացվում, որոշել եմ, որ շարունակելու եմ այդ ուղղությամբ։ Հիմնականում երևի մեր գեղեցիկ Հայաստանի տեսարժան վայրերը կնկարեմ, բնությունն ինձ շատ է գրավում։ Սովորում եմ նաև վիդեոներ  և լուսանկարներ մոնտաժել»,- պատմեց Մեսրոպը։

Զրուցեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ