Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցանկալի կլիներ տեսնել Իրանի ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ հայ գերիների ազատման հարցում. ՀՀ դեսպան

Ցանկալի կլիներ տեսնել Իրանի ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ հայ գերիների 
ազատման հարցում. ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի անմիջական և լայնածավալ ներգրավումն Արցախի դեմ պատերազմական գործողություններին նպատակաուղղված էր տարածաշրջանում նրա ծավալապաշտական քաղաքականության իրականացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը «ISNA» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: 

«Այս ամենից հետո մի բան միանշանակ է՝ ուժի կիրառմամբ հակամարտությունները «լուծելու» փորձը պետք է լուրջ ահազանգ լինի միջազգային հանրության և նախ և առաջ տարածաշրջանի երկրների համար»,-նշել է դեսպանն՝ ավելացնելով, որ զինադադարով կասեցվեց Թուրքիայի աջակցությամբ, այդ թվում վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան, որը Հայաստանին և հայ ժողովրդին պատճառեց մեծագույն կորուստներ, ունեցանք հազարավոր նահատակներ

Խոսելով ճգնաժամի հաղթահարումից՝ դեսպանն ընդգծել է, որ ըստ հայկական կողմի, հակամարտության վերջնական և համապարփակ լուծման համար միջազգային մանդատ ունեն բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք բանակցային գործընթացի շրջանակներում հանդես են եկել հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ առաջարկությամբ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրների դերակատարությանը, ապա, Արտաշես Թումանյանի խոսքով, նրանք իրենց հավասարակշռված դիրքորոշմամբ կարող են ձևավորել հակամարտության կարգավորմանն ուղղված բարենպաստ միջավայր: Արդյո՞ք Իրանը, որպես տարածաշրջանային կարևոր երկիր, կարող է հակամարտության կարգավորման հարցում ունենալ դրական դերակատարում: Հարցին ի պատասխան դեսպանը նշել է, որ Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ», որի հանդեպ որևէ ոտնձգություն հակասում է երկու երկրների ազգային անվտանգությանը:

«Կուզենայի հատուկ ընդգծել Իրանի կարևոր դերակատարությունը պատերազմի օրերին և դրան հաջորդած ժամանակաշրջանում՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն սպառնացող երևույթների դեմ ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման առումով: Դա վերաբերում է երկու երկրների ընդհանուր սահմանի և ինքնիշխանության անձեռնմխելիության ուղղությամբ իրականացված քայլերին (նախազգուշական հայտարարություններ, իրանական զինուժի տեղակայում սահմանի երկայնքով): Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ», որի հանդեպ որևէ ոտնձգություն հակասում է մեր երկու երկրների ազգային անվտանգությանը: Վերջին պատերազմից հետո, առավել քան երբևէ, ձևավորվել է ընդհանուր սպառնալիքների և շահերի գիտակցում Երևանում և Թեհրանում: Ուստի անհրաժեշտ է համապարփակ ռազմավարական երկխոսություն, որի օրակարգում ներառված կլինեն ինչպես երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմնախնդիրների ողջ համալիրը, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակը»,-նշել է դեսպանը:   

Արտաշես Թումանյանի խոսքով, հենց այսօր էլ չափազանց օգտակար կլիներ Իրանի ակտիվ մասնակցությունը բազմաթիվ բարդ և խնդրահարույց հարցերի կարգավորման գործում: Մասնավորապես, ցանկալի կլիներ տեսնել Իրանի գործուն ազդեցությունն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ հայ ռազմագերիների ազատման հարցում: Ըստ դեսպանի՝ միաժամանակ կարևոր է ներկա պայմաններում մեծապես ակտիվացնել Հայաստան-Իրան հարաբերությունների բոլոր բաղադրիչները, որոնք ապահովում են երկու երկրների անվտանգությունը և տնտեսական զարգացումը: Հատկապես անհրաժեշտ է «ամրապնդել» Հյուսիս-հարավ տրանսպորտային և էներգետիկ առանցքը, խորացնել գազի և էլեկտրաէներգիայի ոլորտներում համագործակցությունը, շեշտակիորեն խթանել առևտրաշրջանառության աճը և ներդրումային համատեղ ծրագրերի իրականացումը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]