Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Գյումրու նախկին «Բարեկամության» այգու վերականգնման աշխատանքները կմեկնարկեն ամռանը

Գյումրու նախկին «Բարեկամության» այգու վերականգնման աշխատանքները 
կմեկնարկեն ամռանը

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՄԱՅԻՍԻ,   ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերականգնվելու է Գյումրու նախկին «Բարեկամության» այգու տարածքը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետաքրքիր  լուծումներ առաջարկող այգու ծրագիրն իրականացվում է IDeA հիմնադրամի կողմից:

Գյումրու «Բարեկամության»  այգու կոնցեպտուալ դիզայնի վերջնական տարբերակն արդեն պատրաստ է. այն հանձնվել է գյումրեցիների դատին: Պահպանելով Գյումրու ինքնատիպությունը եւ դա համալրելով ժամանակակից լուծումներով՝ նախաձեռնողները նպատակ ունեն ստեղծել տարածաշրջանում եզակի այգի: Կոնցեպտուալ նախագիծը մշակվել է գյումրեցիների հետ համատեղ: Զբոսայգին ունենալու է խաղահրապարակներ, սպորտային կոմպլեքս համալիր, բուսաբանական այգի, ժամանցի վայրեր և արվեստագետների աշխատանքների ցուցադրության համար նախատեսված տաղավարներ։

«Այգու նախագծման աշխատանքները կատարելիս մենք նախ և առաջ ուսումնասիրել ենք տեղի բնակիչների կարծիքները, որի վրա հիմնվելով էլ մենք ստեղծեցինք վերջնական կոնցեպտը։ Այգում կլինեն առանձնացված ու միմյանցից տարբերվող գոտիներ՝ զբոսանքի համար նախատեսված հատված, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ»,- «Արմենպրես»-ին հայտնեց Բարեկամության այգու կոնցեպտուալ նախագծի մշակման թիմի ղեկավար Մարգարիտա Ասիրյանը։

Զբոսայգու վերականգման ծրագիրն իրականացվում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը, որը 2020 թ. հուլիսից ստանձնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության և քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը:

Դեռ  նախորդ տարի հայտարարվել էր Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթ:

Այգու շինարարության մեկնարկը կտրվի ամռանը, ծրագրի ավարտ պատասխանատուները նշում են 2022 թվականի աշունը:

Վերականգնված այգին ոչ միայն կդառնա նոր հանրային վայր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար, այլև բարեկամության և երախտագիտության խորհրդանիշ՝ ուղղված բոլոր այն երկրներին, որոնք 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին քաղաքի վերականգնմանը:

2018 թ.-ին IDеA հիմնադրամը որոշում կայացրեց վերակառուցել այգին և «Ազնավուր» հիմնադրամի և Հայ օգնության միության հետ համատեղ այգում մնացած վերջին 20 տնակների բնակիչներին տրամադրեց բնակարաններ՝ իրենց պահանջներին և ցանկություններին համապատասխան: 

Արմենուհի Մխոյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]