Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցունքախառն ծափողջույններ. Վերածննդի խորհուրդը՝ Ավետարանչականի բեմում

Արցունքախառն ծափողջույններ. Վերածննդի խորհուրդը՝ Ավետարանչականի բեմում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կուզենայի այս աշխարհում տեսնել մի ուժ, որ կարողանար բնաջնջել ցեղն այս…

Առանց հացի ու ջրի աքսորեցեք նրանց դեպի անապատ: Հրկիզեցեք նրանց տներն ու եկեղեցիները: Ապա տեսեք՝ ինչպես պիտի խնդան, երգեն ու աղոթեն կրկին: Զի նրանցից երկուսը մի որեւէ տեղ այս աշխարհում երբ հանդիպեն իրարու, տեսեք՝ ինչպես պիտի կերտեն մի նոր Հայաստան…»:

                                                                                                       Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ

 

Հանճարեղ գրողի այս տողերը, որ իմաստուն մտահղացմամբ զարդարում էին ներկայացման հրավիրատոմսի դարձերեսը, թատերասերին արդեն իսկ հուշում էին ապրիլյան այս օրերին բնորոշ թեմատիկան՝ եղեռն, արյունոտ ճակատագրեր, վերհառնումի զորեղ ոգի… Այդպես էլ կար իրականում. ապրիլի 29-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու «Հայասա» թատերախումբը ընկերակցության կենտրոնի բեմում ներկայացրեց Ռիչարդ Կալինովսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսի հիման վրա ստեղծված «Վերածնունդ» թատերախաղը:

Առաջին տեսարաններից թեթեւընթաց թվացող գործողություններին հաջորդելու էին հայ մարդու խոր ու ողբերգական ճակատագրերի բացահայտումները, եւ երբեմն-երբեմն թեթեւակի ժպտացող հանդիսատեսն առավել քան լրջանալու էր՝ ասես սեփական մաշկի վրա զգալով եղեռնատես ու հրաշքով մազապուրծ երկու հերոսների՝ Սեդայի եւ Արամի հոգեկան տառապանքները: Նրանք երկուսն էլ, հիրավի, հրաշքով էին փրկվել յաթաղանից. Սեդան փրկվել էր մանկահասակ երեխա լինելու պայմանով: Սակայն սոսկալի իրողությունների պատկերները հայելանում են նրա աչքերում՝ իրենց տանը տեղի ունեցած նախճիրից հետո, երբ բակ է դուրս գալիս, լվացքի պարանին, մոր փռած շորերի փոխարեն, իր մերձավորների գլուխներն է տեսնում՝ կախված նույն պարանից: Սեդայի կերպարը մարմնավորած շնորհառատ դերասանուհի Արաքսյա Մելիքյանին շահեկանորեն հաջողվում է բախել ակնդիրի սրտի դռները, ներթափանցել հոգու խորքը եւ խորապես հուզել նրան: Անցյալի վերհուշի պահերին դերասանուհու դիմախաղը ցնցող տպավորություն է թողնում. նա մորթված իր հարազատների երբեւէ չմարող ձայներն է լսում ու փշաքաղվում, սահմռկում, քարանում…

Եղեռնապուրծ է նաեւ ներկայացման մյուս հերոսը՝ Արամ Թովմասյանը (դերակատար՝ Սմբատ Ստեփանյան), որը, ճակատագրի բերումով, հանդիպել է իր բախտակցին՝ Սեդային: Նա նույնպես հրաշքով է փրկվել՝ թաքնվելով գորգերի տակ, այնուհետեւ հագնելով աղջկա շորեր: Հարյուրավոր հայ մանկանց ճակատագիր: Կորցրել է բոլոր հարազատներին՝ որպես մասունք ունենալով գլխատված հարազատների միակ լուսանկարը եւ հայրական վերարկուն: Սրբազան մասունք է այն ու անձեռնմխելի: Եղեռնազարկ երկու վշտահալած անհատները եւ նրանց կյանքում պատահականորեն հայտնված Վիսենտե անունով 10-12 տարեկան երեխան, որը կարծես թե վերաիմաստավորում է ամուսինների ապրած կյանքը, խորհրդանշում են մի ողջ ազգի ողբերգությունն ու նրա վերհառնումի ոգին: Վերհառնումի խորունկ խորհուրդ՝ ընդամենը երեք տաղանդավոր դերասանների (այո, նաեւ Վիսենտեի դերակատար երեխայի՝ Հայկ Հովհաննիսյանի «հասուն» խաղն էր այդպիսին…): Եվ որքա՛ն վարպետորեն է հայի սարոյանական բնութագրումին ներդաշնակել իր ասելիքը պիեսի սցենարի հեղինակ եւ թատերախմբի գեղարվեստական ղեկավար Նունե Աբրահամյանը: Ինչպիսի՛ ճշմարիտ բխեցում՝ «զարմանալի ազգ ենք՝ մեռնում ենք ու հառնում, մեռնում ենք ու վերակենդանանում…»: Այդպես է, քանզի մեր նահատակ ապուպապերի ձայները երբեւէ չեն մարել ու չեն մարելու հայ սերունդների սրտերում: Եվ քանզի դեռ անանց վրեժ ունենք առնելու…

Հավելենք, որ չափազանց տպավորիչ է ներկայացման ավարտական տեսարանը. երբ ծերունի լուսանկարիչ Վիսենտեն (դերակատար՝ Արա Գեւորգյան) լուսանկարվելու է հրավիրում վերածնված ընտանիքին եւ խնդրում ու վերստին հորդորում ժպտալ նկարվելու պահին, հերոսների դեմքերը անզգայանում են, փորձում են անսալ նկարչին, սակայն ոչ մի կերպ չի ստացվում: Ջանում են, ու չի ստացվում. այդ պահին նրանց հայացքներում եղեռնազարկ իրենց հարազատներն էին, արյունոտ տեսարաններն ու համազգային արհավիրքը… Նաեւ նահատակ հայրերի ու պապերի՝ սրտեր ալեկոծող կանչը…

Իսկ վարագույրի իջնելուց առաջ թատերասերներից շատերի աչքերում արցունքի կաթիլներ ցոլացին: Ցավի ու մորմոքի, հիացումի ու գնահատանքի խորհուրդ ունեցող արցունքներ… Ասել է թե՝ սիրված դերասաններն ասել էին իրենց խոսքը եւ ասել էին վարպետորեն… Ուստի մենք էլ շնորհակալության խոսք ասենք ու շնորհավորենք խորը ու տպավորիչ բեմական խոսուն այս «կտավն» արարողներին: Եվ դա ճիշտ ու տեղին կլինի…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]