Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բնակչության թիրախավորում, ՀՀ օդային սահմանի հատում ԱԹՍ-ով, գերիների գլխատում. դատախազությունը ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները

Բնակչության թիրախավորում, ՀՀ օդային սահմանի հատում ԱԹՍ-ով, գերիների 
գլխատում. դատախազությունը ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է շուրջ 100 քրեական գործ: Որպես մեղադրյալ են ներգրավված վարձկան գրոհայիններ, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված է, իսկ 35-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատախազությունը մանրամասներ է ներկայացրել պատերազմում Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ:

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը 2020 թվականին ականանետային և հրթիռահրետանային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով նպատակաուղղված և կանխամտածված գրոհների թիրախ է դարձրել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի բնակչությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տեսանյութում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության (ԶԿԴ) զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը նշել է, որ Ադրբեջանը դրանով իսկ սանձազերծել է ագրեսիվ պատերազմ, իրականացրել ագրեսիայի ակտ, որի ընթացքում սպանվել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ միջազգային կոնվենցիաներով պաշտպանության մեջ գտնվող քաղաքացիական անձինք,  վնասվել և ոչնչացվել են քաղաքացիական կարևորագույն նշանակության ենթակառուցվածքներ, այդ թվում բնակելի տներ, մանկապարտեզներ, ճանապարհներ և այլ կառույցներ:

Քննության շրջանակը լայն է, պատերազմական հանցագործությունները՝ տարաբնույթ: Ադրբեջանի նշանառության տակ էին պաշտպանության բանակի զինծառայողները,  Ստեփանակերտի, Ասկերանի, Շուշիի, Քաշաթաղի, Մարտունու, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի շրջանների բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները:

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում խոցվեց Հայաստանի ռազմաօդային ուժերի ՍՈՒ -25 ինքնաթիռը: Գրոհայինով թռիչք կատարելիս և Հայաստանի ռազմական ու քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ հարձակումները հետ մղելիս զոհվեց օդաչուն՝ Վալերի Դանելինը: Անօդաչու թռչող սարքերը հատեցին Հայաստանի սահմանը, թիրախավորվեց Գեղարքունիքի մարզը, հարվածեցին Սոթքի տներին, մարդատար ավտոբուսին, հերթապահություն իրականացնող զինտեխնիկան թիրախավորելուց զոհվեց երկու, մարմնական վնասվածք ստացավ 10 զինծառայող: Ադրբեջանական զինուժը նշանառության տակ առավ նաև համայնքի դաշտավայրում գյուղատնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակիչներին: Մեկ անչափահաս երեխա մարմնական ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեց: Հրթիռակոծվեցին Վարդենիսը, Կոթին, Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը, Արցախը Հայաստանին կապող ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը: Մեծ Մասրիկ բնակավայրի հրթիռակոծումից մեկ քաղաքացի զոհվեց, երկուսը ստացան մարմնական վնասվածքներ:  Անօդաչու թռչող սարքեր հայտնվեցին Կոտայքի օդային տարածքում և ՀՀ-ի Զինված ուժերի կողմից ոչնչացվեցին: Հայաստանի հարավային հատվածը նույնպես թիրախում էր: Կապանի Կաղնուտ բնակավայրի հրթիռակոծումից սպանվեց 3 զինծառայող, վնասվեց  մարտի մեջ չգտնվող ռազմական տեխնիկա:

«Քրեական գործերի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել՝ ինչպես զինված ընդհարման ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման, միջազգային պայմանագրերով պաշտպանության մեջ գտնվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք դրսևորելու բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: Մասնավորապես, փաստական տվյալներ են առկա ռազմագերու գլխատման և հետագայում այն համացանցում տեղադրելու, վիրավոր ռազմագերիներին որոշակի գործողություններ հարկադրելու վերաբերյալ: Բոլոր իմ նշած դրվագները քրեական գործով դարձնում ենք մանրակրկիտ քննության առարկա: Կատարվում են համապատասխան գործողություններ այդ հանցագործությունների վերաբերյալ տվյալների ամբողջացման, քրեական պատասխանատվության համար անհրաժեշտ հիմքերի ապահովման, Ադրբեջանի ԶՈՒ առանձին ներկայացուցիչների արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար. այդ ուղղությամբ առկա են արդյունքներ»,-նշել է նա:

Իրավապահ համակարգը փաստական տվյալներ է ձեռք բերել նաև ռազմական գործողությունների ընթացքում և եռակողմ հայտարարությունից հետո հայկական հուշարձանները, մշակութային արժեք ունեցող իրերը ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու, պղծելու բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: Թշնամու թիրախում էին նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց, Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիները:

Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախնական տվյալներ են ստացվել, որ պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ռազմական գործողություններին ներգրավել է տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող վարձկանների: Նշված փաստով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է մայր քրեական գործին: Համապատասխան գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ադրբեջանը դեռ 2020 թվականի հունիսին պլանավորել է ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի ու Արցախի դեմ և ռազմական գործողությունների վարձկան ահաբեկիչներին ներգրավելու նպատակով համապատասխան համաձայնություն է ձեռք բերել Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Վերջինս դրամական միջոցներ, համապատասխան զենք-զինամթերք է հատկացրել միջազգային ահաբեկչական մի շարք խմբավորումների, մասնավորապես Սուլթան Սուլեյման Շահ, Սուլթան Մուրադ և այլ նման խմբավորումների:

Գումարի դիմաց հավաքագրվել են 2000-ից ավելի վարձկաններ, որոնք 3-ամսյա համապատասխան ուսումնական դասընթացներ անցնելուց հետո 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անարգել Թուրքիայի տարածքով տեղափոխվել են Ադրբեջան, որտեղ նրանց տրվել է համազգեստ, զենք, զինամթերք: Նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններին:

Արշակ Մարտիրոսյանն անդրադարձել է նաև ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ռուսական ուղղաթիռը խոցելու դեպքին: Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրթիռահրետանային համակարգերի գործադրմամբ խոցել են Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղի տարածքում թռիչք իրականացնող ռուսական ռազմական ուղղաթիռը, ինչի հետևանքով երկու անձ սպանվել է, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածք: Նշված դեպքի առթիվ նույնը օրը Զինվորական կենտրոնական դատախազությունում քրեական գործ է հարուցվել, որի նախաքննությունը շարունակվում է:

Ստուգվում է նաև ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ կողմից միջազգայնորեն արգելված քիմիական ֆոսֆորային բաղադրիչներով զենք կիրառելու փաստը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]