Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հունիս

Դեպի պարենային կայուն համակարգի ստեղծում. քննարկվեցին սննդամթերքի հասանելիության ապահովման հարցեր

Դեպի պարենային կայուն համակարգի ստեղծում. քննարկվեցին սննդամթերքի 
հասանելիության ապահովման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականը ստիպեց բոլորին վերագնահատել կարողությունները, դիտարկել նոր հնարավորություններ, ինչպես նաև կայուն քայլեր ձեռնարկել՝ պարենային համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվեց ՄԱԿ-ի 2021 թ Պարենային համակարգերի գագաթնաժողովի շրջանակում Երևանում անցկացվող «Ներառական արժեշղթաների միջոցով պարենային կայուն համակարգերի ստեղծում» երկխոսությունը:

«Այսօր ամբողջ աշխարհում 4 մլրդ մարդ ուղղակիորեն և անուղղակիորեն աշխատում է պարենային համակարգում, այնուամենայնիվ 690 մլն մարդ թերսնվում է: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում այս թիվը կանխատեսվում է, որ կավելանա ևս 100 մլնով: Միևնույն ժամանակ աշխարհի ծայրահեղ աղքատների 80 տոկոսը հենց ապրում է գյուղական վայրերում և զբաղվում է գյուղատնտեսությամբ: Այս ոլորտում անհրաժեշտ են կտրուկ քայլեր»,- ասաց Ազգային երկխոսության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Նա նկատեց, որ 2020-ը ստիպեց բոլորին վերագնահատել կարողությունները, դիտարկել նոր հնարավորություններ, ինչպես նաև կայուն քայլեր ձեռնարկել պարենային համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու համար: Խոջոյանը նշեց, որ պետք է միջոցառումներ իրականացնել առողջ սննդի հասանելիությունն ամբողջ երկրում ապահովելու համար: Նրա խոսքով՝ այս տարի պետք է կրճատել հետբերքահավաքային կորուստները, որոնք որոշ գյուղապրանքների համար հասնում են մինչև 30 տոկոսի: «Վերաօգտագործման, վերամշակման և մնացորդային կառավարման մոտեցումների միջոցով ստեղծել գյուղատնտեսական համակարգերի լավ միջավայր, ինչպես նաև ստեղծել նոր լոգիստիկ շղթաներ, ապահովել շուկաների հասանելիությունը»,- ասաց փոխնախարարն ու հայտնեց, որ քննարկումները կնպաստեն նոր գաղափարների առաջացմանը և հիմք կհանդիսանան նախագծելու կամ լրամշակելու գյուղատնտեսության ոլորտում առաջիկա գործողությունների պլանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը պարենային կայուն համակարգերի ստեղծումը կարևոր համարեց: Ըստ նրա՝ գյուղատնտեսությունը  պարենային անվտանգության աղբյուրն է:

Գործողությունների 5 ուղղվածություն էր նախանշված՝ որպես գագաթնաժողովի քննարկումների ուղեցույց: Դրանք համընկնում են գագաթնաժողովի 5 նպատակներին՝ անվտանգ և սննդարար սննդամթերքի հասանելիության ապահովում բոլորի համար, անցում սպառման հարակայուն մոդելների, բնապահպանական առումով մաքուր արտադրանքի արտադրության ծավալների ավելացում, ապրուստի առկա միջոցների խթանում և խոցելիության, ցնցումների, սթրեսների նկատմամբ դիմադրողականության բարձրացում:

Ազգային եդրկխոսության համակարգող, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը նկատեց՝ ընդունված է ասել, որ կլիմայական և բնապահպանական ազդեցության, ինչպես նաև առողջարար, անվտանգ սննդառություն ապահովելու գործում առկա թերությունների պատճառով ներկայիս պարենային համակարգերը հարակայուն չեն: «Եվ ի՞նչ է պետք անել, որ պարենային համակարգերը զարգանան հարակայուն ձևով, դրանք պետք է փոխակերպվեն, որ հնարավոր լինի մարդկանց առողջության համար անհրաժեշտ որակյալ սննդակարգեր առաջարկել և թուլացնել մոլորակի բնական պաշարների վրա եղած ճնշումը՝ միաժամանակ ապահովելով ներառական տնտեսական աճ»,- ասաց Ուռուտյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանն էլ նկատեց, որ գյուղատնտեսության զարգացման մասին խոսելիս չի կարելի հաշվի չառնել գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործումը: «Ըստ մեր կողմից կատարված ուսումնասիրության արդյունքների՝ առկա են մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործմանը»,- ասաց նա:

Վարելահողերի շուրջ 50 տոկոսը նպատակային չի օգտագործվում: Նա վստահեցրեց, որ պետական քաղաքականությունն ուղղված է այդ խնդիրների լուծմանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ