Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Մայիս

Ցյուրիխում անցկացվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում

Ցյուրիխում անցկացվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցյուրիխի կենտրոնական Մյունստերհոֆ  հրապարակում  ապրիլի 24-ին  տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակի միջոցառում՝կազմակերպված մի խումբ անհատների կողմից։ Միջոցառմանը ներկա են գտնվել հայ համայնքի  անդամներ և տեղացիներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց միջոցառման կազմակերպիչներից Մանուկ Մալխասյանը: 

Ելույթ են ունեցել միջոցառման կազմակերպիչներից Մանուկ Մալխասյանը և Ցյուրիխի Կանտոնալ խորհրդարանի անդամ Հանս Էգլին: Ողջ արարողությունն ուղեկցվել է է կենդանի հայկական երաժշտությամբ տեղի հայ պրոֆեսիոնալ երաժիշտների կատարմամբ։ Հատկանշանակ էր շարժական հուշահամալիրը Ծիծեռնակաբերդի մոտիվներով և ծաղիկների խոնարհումը հավերժական կրակի շուրջ: Գրեթե երկու տասնյակ Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորներ, Ցյուրիխի քաղաքապետը, ինչպես նաեւ շվեյցարացի պատմաբաններ դոկտոր պրոֆեսոր Հանս-Լուկաս Կիզերը և դոկտոր Ֆիլիպպ Էգգերը չկարողանալով ներկա գտնվել հիշատակման արարողությանը, այնուամենայնիվ,  իրենց համերաշխությունն և աջակցության խոսքն են փոխանցել հայ համայնքին։

Ցյուրիխի Կանտոնալ խորչհրդարանի անդամ Հանս Էգլին իր ելույթում  քննադատել է Թուրքիայի ժղտողական քաղաքականությունը և ներգրավվածությունը Արցախյան պատերազմում։ Նա մասնավորապես նշել է. «Մինչ օրս թուրքական պետությունը պատրաստ չէ համակերպվել այս տխուր ժառանգության հետ: Հարգելիներս, մենք այսօր այստեղ ենք միջազգային հանրությանը մեր սպասելիքները ներկայացնելու համար: Թուրքիան պետք է ճանաչի իր պատմական պատասխանատվությունը: Նախագահ Էրդողան, ստեղծեք մի Թուրքիա, որտեղ կա կարծիքի ազատություն, որտեղ բոլոր դավանանքներն ունեն հավասար իրավունքներ, որում և՛ հայերը և՛ քրդերը ճանաչված են և ունեն ազատ ապրելու իրավունք: 106 տարի առաջ տեղի ունեցած մահվան, տեռորի, տեղահանման և արմատախիլ լինելու սարսափելի իրադարձությունները խորն են փորագրվել հայ ժողովրդի ինքնության մեջ, քանի-որ դժվար թե այդ ժամանակ փրկվեր մի ողջ ընտանիք: Գրեթե յուրաքանչյուր հայ այսօր ցեղասպանություն վերապրածի սերունդ է, որի վրա ջարդն ու աքսորը իրենց հետքն են թողել։ Այնպես որ, միանգամայն հասկանալի է, երբ հայերն այսօր Հայաստանում և ամբողջ աշխարհում պայքարում են իրենց պատմության այս տրավման ճանաչելու համար: Սա ոչ միայն արդարացված է, այլև պետք է ակտիվորեն աջակցվի։ Եվ կարծում եմ, դա դեռ բավարար չէ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ դրա վառ ապացույցը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված վերջին պատերազմը, որը վատ հիշողություններ էր արթնացնում անցյալից։ «Այս պատերազմում որոշիչ գործոններ էին թուրքական ռազմական խորհրդատուներն ու անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև սիրիացի վարձկանները, որոնք վարձատրվում էին նույն Թուրքիայի կողմից։ Այս միջամտությամբ Արցախյան պատերազմն անքակտելիորեն կապված էր Առաջին աշխարհամարտի ընթացքում և դրանից հետո հայերի դեմ իրականացված ցեղասպանության հետ: Այսպիսով, Թուրքիայի կառավարությունը հաստատեց ժամանակին կատարած իր հանցագործությունները»,- ասել է Էգլին:

Ըստ միջոցառման կազմակերպիչներից Մանուկ Մալխասյանի՝ վերջին արցախյան պատերազմի ֆոնին էլ ավելի է կարևորվում ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։ Նա մասնավորապես նշել է. «Հարգելի ներկաներ այսօր կրկին ապրիլի 24-ն է։ Մի չարաբաստիկ ամսաթիվ, որն արդեն հինգ սերունդ կերտում է հայ ժողովրդի պատմությունը։ Մի օր, որը դեռ շատ երկար կմնա մեր հավաքական հիշողության մեջ։ Այսօր հայոց ցեղասպանության հիշատակման օրն է։ 106 տարի առաջ այս օրը Ստամբուլում ձերբակալվեց և գլխատվեց հայ մտավորականությունը։ Դրանով ազդարարվեց հայոց ցեղասպանության սկիզբը, որը միևնույն ժամանակ հանդիսանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Այդ իսկ պատճառով այս օրը համարվում է հայոց եղեռնի զոհերի հիշատակի օր։ Այդպես է նաև Շվեյցարիայում։ Դեռևս 2003-ին Շվեյցարիայի ազգային խորհուրդը ճանաչեց և դատապարտեց հայոց ցեղասպանությունը, իսկ այսօր դրա ժխտումը հետապնդվում է քրեական օրենսգրքի 261 հոդվածով։ Թուրքիան սակայն, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, հերքում է մինչ օրս այդ պատմական իրադարձությունը՝ այն որակելով որպես «պատերազմի խառնաշփոթի արդյունք» և վարում ակտիվ ժխտողական քաղաքականություն»։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ